Շուշան Պետրոսյանն ու Հրանտ Թոխատյանը յուրովի գովազդում են ՀՀԿ առաջնորդին
Նախագահական ընտրությունների քարոզարշավին իրենց գործուն մասնակցությունն է ցուցաբերում հայկական շոուբիզնեսի «աստղաբույլը»: Նրանք համախմբվել են Սերժ Սարգսյանի շուրջը եւ «ծաղկեցնում» են նրա քարոզարշավը: Ինչ-որ չափով դա հասկանալի է, քանի որ, ինչպես հայտնի ասացվածքն է ասում, ով վճարում է՝ նա էլ պատվիրում է երաժշտությունը: Վարչապետի քարոզարշավին մասնակցում են համարյա թե բոլոր աստղերը, նաեւ նրանք, ում հասարակությունը լրիվ այլ կերպարով էր ընդունում եւ սիրում: Օրինակ՝ նրանցից մեկը ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանն է: «Առավոտի» դիտարկմանը, թե ժողովուրդն իրեն միշտ ընդունել է որպես կին եւ մայր, ինչքանո՞վ է նպատակահարմար, որ տառացիորեն վերջերս ծննդաբերած Շուշան Պետրոսյանն այժմ ակտիվորեն մասնակցում է Սերժ Սարգսյանի քարոզարշավին, երգչուհին պատասխանեց. «Հարցը շատ տարօրինակ է. ի՞նչ է, մայրը եւ կինը կամ սիրված երգչուհին չի՞ կարող մասնակցել քարոզարշավին, այն էլ այն դեպքում, երբ դա անում է իր մասնագիտությամբ: Ես այն կերպարն եմ, որը իր դիրքն ու դիրքորոշումը միշտ էլ ցույց է տվել: Իսկ քարոզարշավին մասնակցելուց իմ կերպարն ամենեւին էլ չի փոխվում: Ես նույն Շուշանն եմ՝ իմ սկզբունքներով»:
Վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանն էլ իր հարցազրույցներում նշում է, թե ներգրավված չէ քարոզչության մեջ եւ ավելի կողմ է քաղաքացիական կեցվածքին: Նրանից էլ հետաքրքրվեցինք, թե ինքն ինչո՞ւ է մասնակցում քարոզարշավին ու հակասում իր հարցազրույցներում ասածներին: Հ. Թոխատյանը պատասխանեց. «Ընդհանրապես, կողմ եմ նրան, որ մարդն իր կարծիքը հնարավորինս քիչ արտահայտի ոչ թե վախենալու պատճառով, այլ՝ որ դա կարող է որոշիչ լինել ինչ-որ մարդկանց համար: Սակայն գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ դա պետք է արտահայտել»: «Այսինքն՝ քարոզչությանը մասնակցելը ձեր կարծիքի արտահայտո՞ւմն է»,- հետաքրքրվեց «Առավոտը»: Դերասանն ասաց. «Եթե նկատել եք՝ ես Սերժ Սարգսյանի քարոզչական համերգներին չեմ մասնակցում, պարզապես նկարահանվել եմ փոքրիկ հոլովակում: Զրուցել եմ նաեւ պրն Սարգսյանի հետ, եւ նա իմ հայրենիքի վաղվա օրվա մասին գարանտիաներ է տվել: Այսինքն՝ նա կօգնի լուծել այն խնդիրները, որոնց դեմ պայքարում եմ իմ ներկայացումներում»:
«Առավոտը» նկատեց, որ երկրի վաղվա օրվա մասին բոլոր թեկնածուներն էլ «գարանտիաներ» տալիս են, հետեւաբար ո՞րն է Ս. Սարգսյանի առավելությունը: Պրն Թոխատյանը փաստեց. «Համենայնդեպս, միայն նա է ինձ հետ հանդիպելու ժամանակ գտել»: