Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՎՈԿԱԼ ԴՊՐՈՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Փետրվար 14,2008 00:00

\"\"Երգիչ Գեւորգ Հակոբյանին առաջին մրցանակ է շնորհվել միջազգային մրցույթում

Մոսկվայում փետրվարի 1-8-ը կայացավ մեծանուն օպերային երգիչ Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին միջազգային մրցույթը: Տարբեր երկրներից ժամանած 47 մասնակիցների թվում (ԱՄՆ, Կանադա, Թուրքիա, Չինաստան եւ այլն) Հայաստանը ներկայացնում էին Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Գեւորգ Հակոբյանը եւ Դավիթ Բաբայանցը: ԽՍՀՄ երկրներից մրցույթին մասնակցել են նաեւ վաստակավոր եւ ժողովրդական արտիստներ: Հեղինակավոր ժյուրին էլ գլխավորել է հանրահայտ բարիտոն Սերգեյ Լեիֆերկուսը: Մրցույթի առաջին մրցանակը եւ ոսկե մեդալը շնորհվեց Գեւորգ Հակոբյանին: Դ. Բաբայանցն արժանացավ վոկալ արվեստի ավանդույթներին հավատարմության համար սահմանված հատուկ մրցանակին:

«Առավոտը» հանդիպեց Գ. Հակոբյանի հետ:

Տեղեկացնենք, որ երգիչը ավարտել է Երեւանի պետկոնսերվատորիան, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը, 19 տարեկանում՝ 2000թ., մասնակցելով Ավ. Իսահակյանի անվան հանրապետական մրցույթին, արժանացել է 3-րդ մրցանակի, ազգային բանակում ծառայության ընթացքում 2005թ. մասնակցելով Մոսկվայում կայացած զինվորական երգի ամենամյա մրցույթին, դարձել է հաղթող, իսկ 2007թ. արժանացել ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: 2003-ից իբրեւ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, նա Մոսիի դերերգով հանդես է եկել Տիգրանյանի «Անուշում», Դավիիթ-Բեկով՝ համանուն օպերայում, Արշակ Երկրորդով՝ համանուն օպերայում, Էպնի-Խակիայով՝ Չայկովսկու «Իոլանտայում» եւ Ալեկոյի դերերգով՝ Ռախմանինովի համանուն օպերայում: Փետրվարի 18-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայի բեմականացման մեջ միջազգային մրցույթի դափնեկիրը հանդես կգա Տոնիոյի դերերգով:

«Առավոտի» հետ զրույցում Գ. Հակոբյանը հայտնեց, որ Պ. Լիսիցյանի անվան միջազգային առաջին մրցույթի կազմակերպիչները, հավատարիմ մնալով դասական մրցույթների ձեւաչափին, նույնպես ընտրել էին երեք փուլ, որոնց ընթացքում եղել են նաեւ պարտադիր կատարվող ստեղծագործություններ: Օրինակ, երկրորդ փուլում բարիտոնները պարտադիր պետք է կատարեին Էպիտալաման՝ Ռուբինշտեյնի «Ներոն» օպերայից եւ մեկական ռոմանս Ռախմանինովից ու Ռավելից: «Երրորդ փուլը կայացավ Մեծ թատրոնում, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Վլադիմիր Զիվա) ընկերակցությամբ: Առաջին երկու փուլերում նվագակցում էր կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանը, ընդ որում, մենք ստացանք նաեւ լավագույն դուետի համար սահմանված դիպլոմը: Առաջին մրցանակը ներառում էր նաեւ Մոսկվայի հեղինակավոր ստուդիաներից մեկում անվճար ալբոմի թողարկում»,- ասաց Գ. Հակոբյանը: Հետաքրքրվեցինք՝ իր որոշ գործընկերների օրինակով հնարավո՞ր է, որ ինքն էլ որոշ ժամանակ անց հայտնվի արեւմուտքի այս կամ այն օպերային թատրոնում: Երգիչն ասաց. «Ապրել՝ ոչ, բայց ժամանակավոր աշխատելու ցանկությունս մեծ է: Վոկալ արվեստը ֆիլմ չէ, որ արտադրես եւ ցուցադրես ողջ աշխարհում: Այնպես որ, վոկալիստը ինքը պետք է գնա-ներկայանա, ինչ-որ տեղ ապացուցի, որ ինքը բարձրակարգ կատարող է, իրավունք ձեռք բերի բարձրանալու մեծ բեմ: Թվարկածներից զատ, երգիչը պետք է կարողանա նաեւ ամեն անգամ, դա կլինի համերգ, թե ներկայացում, հաղթող դուրս գալ»:

Դիտարկմանը, որ անգամ 90-ականների ծանր տարիներին չի դադարել հայ վոկալիստների հաղթարշավը տարբեր միջազգային մրցույթներում, բայց, այնուամենայնիվ, եղել են 1-2 մասնագետներ, որոնք հանդես գալով ԶԼՄ-ներում, սեփական ամբիցիաներից ելնելով, փորձել են ստվեր գցել աշխարհում հայտնի հայկական վոկալ դպրոցի վրա, երգիչը առանց փակագծերը բացելու ասաց. «Վոկալիստի «գործիքը» բնությունն է շնորհում եւ վոկալ արվեստն էլ ճշգրիտ գիտություն չէ: Նույն պրոֆեսորի մոտ ուսանած երգիչները միեւնույն ստեղծագործությունը կարող են տարբեր ձեւով մատուցել. դա արդեն երաժշտականության, ճաշակի, հոգու խնդիր է: Հենց այստեղ է դրսեւորվում արվեստագետի անհատականությունը: Ինչպե՞ս պետք է անել: Այս «ինչպեսը» միշտ շարժվում է, փոխվում եւ ուղղակի կապի մեջ է տվյալ ժամանակի ու ժամանակակցի, ինչպես նաեւ կատարողի հուզական-իմացական աշխարհի հետ: Այդ «ինչպեսը» երբեք չի նոտագրվում… Կատարողի մեծությունն էլ չափվում է առաջին հերթին այն բանով, թե որքանով է յուրացնում ժամանակի առաջադրած պահանջները եւ ինչ չափով բավարարում ունկնդրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել