Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամ հանգստյան տուն չունեն, կամ՝ հանգստացող

Փետրվար 14,2008 00:00

Ոչ բոլոր ուսանողների համար է հանգիստը մատչելի

ՀՀ սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ունի հանգիստը կազմակերպելու իրավունք: «Առավոտը» հետաքրքրվեց, թե բուհերում համապատասխան պայմաններ ստեղծվո՞ւմ են, որպեսզի քննաշրջանը վերջերս ավարտած ուսանողները կարողանան հարմարավետ պայմաններում եւ մատչելի գներով հանգստանալ: «Առավոտի» ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ծաղկաձորում միայն ԵՊՀ-ն ունի սեփական ուսումնաարտադրական բազա, որտեղ ուսանողները կարող են հանգստանալ: Մայր բուհի ուսանողների, դասախոսների եւ վերջիններիս ընտանիքի անդամների համար մեկ օրվա ուղեգրի արժեքը՝ սննդի գումարը ներառյալ, 6500 դրամ է, իսկ ոչ համալսարանականների համար՝ 12.500 դրամ: ԵՊՀ տարբեր ֆակուլտետների մի շարք ուսանողներ «Առավոտին» դժգոհեցին, որ ուղեգիրը նախորդ տարիների համեմատ թանկացել է, սակայն նույնն են մնացել իրենց կրթաթոշակները:

Այս հարցով դիմեցինք ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանին: Նա գների թանկացման առիթով ասաց. «Թանկացումը ընդամենը 500 դրամ է: Եթե նախկինում մեկ օրվա համար տրվող ուղեգրի արժեքը 6000 դրամ էր՝ 3000-ը՝ գիշերավարձի, 3000-ը՝ սննդի համար, այժմ վերջինի համար գանձվում է 3500 դրամ: Պատճառն այն է, որ բարձրացել են սննդամթերքի գները: Իսկ կրթաթոշակների հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դրանք պետբյուջեից են հատկացվում: Նույնիսկ թանկացումը հաշվի առնելով, կարելի է ասել, որ գները չափազանց մատչելի են՝ համեմատած Ձաղկաձորի այլ հանգստյան տների գնային քաղաքականության հետ»: Քանի որ ԵՊՀ-ն ուսանողներին հնարավորություն է տալիս հանգստանալ Ծաղկաձորում՝ օրական վճարելով 6500 դրամ, որոշ ուսանողներ սկսել են փող աշխատելու զանազան ճանապարհներ որոնել՝ ոչ համալսարանականների համար ծաղկաձորյան մատչելի հանգիստ ապահովելու համար: Ոմանք արդեն ուզում են ուսանողական տոմսեր կեղծել: Ա. Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են կանոնակարգում այս հարցը. «Համալսարանից ուղեգիր ձեռք են բերում ուսանողական տոմսով, սակայն «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում տվյալ անձնավորությունը պարտավոր է անձնագիր ներկայացնել, որպեսզի ստուգեն ուսանողական տոմսի եւ անձնագրի տվյալները»:

Ի տարբերություն համալսարանականների, որոնք կարող են համեմատաբար մատչելի գներով հանգստանալ, Ճարտարագիտականի ուսանողները ստիպված են հանգստանալ՝ մեկ օրվա համար վճարելով մինչեւ 15.000 դրամ: ԵՊՃՀ-ի ուսխորհրդի փոխնախագահ Կարապետ Թոռչյանն «Առավոտին» հայտնեց, որ Ծաղկաձորում իրենք չունեն ուսումնաարտադրական բազա, հետեւաբար ուսանողների հանգիստը կազմակերպում են «Կեչի», «Զվարթնոց» հանգստյան տներում՝ «ՄՈՒՇ-է» ուսանողական տուրիստական ցանցի միջոցով: Հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է անվտանգ ուսանողներին հանձնել պատահական մարդկանց ձեռքը: Կ. Թոռչյանը պատասխանեց. «Եթե չիմանայինք՝ այդպիսի պատասխանատվություն չէինք վերցնի մեզ վրա: Իսկ ուսխորհուրդը միջնորդի դեր է կատարում, որպեսզի մեր բուհի ուսանողները միասին հանգստանալու հնարավորություն ունենան»: Ուսխորհրդի փոխնախագահից հետաքրքրվեցինք, թե իրենց ուսանողներն ինչո՞վ են պակաս, օրինակ՝ ԵՊՀ-ում սովորողներից, որ պիտի թանկ գներով հանգստանան: Հարցրինք, թե ռեկտորատը չի՞ ուզում առողջարան գնել Ծաղկաձորում: Կ. Թոռչյանը նկատեց. «Բուհն ուսանողների հանգիստը կազմակերպելուց ավելի լուրջ խնդիրներ ունի, օրինակ՝ պիտի ապահովի կրթության որակ, իրականացնի բարեփոխումներ: Դեռ դրանք լուծենք, հետո կմտածենք հանգստի կազմակերպման մասին»:

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն էլ Աղավնաձորում հանգստյան տուն ունի, սակայն հանգստացող չունի: Բուհի արհմիության նախագահ Հասմիկ Սարգսյանը սա պատճառաբանեց այսպես. «Մեր ուսանողների մեծամասնությունը շրջաններից է, հետեւաբար նախընտրում են հանգիստն անցկացնել հայրենի գյուղում, չնայած ուսանողների եւ դասախոսների համար շուրջ 30 տոկոսի չափով զեղչեր են գործում, որի շնորհիվ նրանք կարող են հանգստանալ՝ օրական մոտ 6 հազար դրամով»:

«Առավոտը» Մանկավարժականի որոշ ուսանողներից բողոքներ էր լսել, որ իրենք ցանկություն են հայտնել հանգստանալ բուհի հանգստյան տանը, սակայն պատասխանատուները դրա կազմակերպումը ականջի ետեւ են գցել: «Ռեկտորն այդ հանգստյան տունն իր համար է սարքել, որ իրեն սպասարկի»,- այսպես են մեկնաբանում ուսանողները: Հ. Սարգսյանին այս մասին էլ հարցրինք, եւ նա պատասխանեց. «Դա բացառվում է: Ուսանողները արհմիություն դիմում են քչի ակնկալիքով, ստանում են ավելին: Այնպես որ, եթե մեկի մասին ուզում են սուտ խոսել, դա չափազանց հեշտ է անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել