Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԶԱՅԻՆ ԹԵՐԹ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է»

Փետրվար 14,2008 00:00

Ասում է Աշտարակ քաղաքի «Ծնած տեղս» թերթի խմբագիրը

«Եթե ասեմ, որ մեր թերթը ստեղծվում է ոչնչից, միգուցե չափազանցություն թվա, բայց փաստն այն է, որ մեր խմբագրությունը չունի ֆինանսական բազա, նույնիսկ համակարգիչ, ձայնագրիչ ու նմանատիպ այլ պարագաներ: Նյութերը ձեռագիր վիճակում տանում եմ Երեւան, որ որոշակի վճարի դիմաց համակարգչով հավաքեն, մի առանձին գումար էլ տալիս ենք էջադրողին: Ազնվությամբ ասում եմ՝ 2005թ. թերթի հիմնադրման օրվանից ես ոչ մի կոպեկ աշխատավարձ չեմ ստացել»,- իր թերթի դժվարություններն «Առավոտին» պատմեց Աշտարակ քաղաքում տպագրվող «Ծնած տեղս» թերթի խմբագիր Նորայր Ղոնաղչյանը: Նա ունի շուրջ 40 տարվա լրագրողական փորձ, իսկ թերթը հրատարակում է անհատ ձեռներեցի իրավունքով, որպեսզի ստիպված չլինի պահել հաշվապահ, թերթը տարածողներ եւ այլ հաստիքներ: Միակ գրանցված աշխատողը խմբագիրն է, լրագրողներն արտահաստիքային են, որոնք, ինչպես խմբագիրն է փաստում, էնտուզիաստական մղումներով, առանց վճարի են գրում: Այս առիթով Ն. Ղոնաղչյանը մի դեպք հիշեց. «Մի ուսանողուհի եկավ, նյութ էր բերել, ու սիրով տպագրեցինք: Մի օր էլ եկավ, թե՝ իմ հոնորարը տվեք, բացատրեցի, որ մի կերպ ենք թերթը պահում եւ հոնորարի մասին խոսք լինել չի կարող, աղջիկը բորբոքվեց, բայց, ցավոք, իմ պատասխանը մեկն էր՝ գոհ եղիր, որ հոդվածդ տպագրել եմ»:

Թերթը «սնվում» է միայն գովազդատուներից, սակայն նրանք ոչ բոլոր դեպքերում են բարեխղճորեն վճարում իրենց պատվիրած գովազդային նյութի համար: «Ինձ մարզպետարանից զանգում են, թե՝ մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ուզում է ինչ-որ առիթով ժողովրդին ուղերձ հղել: 2-3 անգամ տպագրելուց հետո աշնանը դիմեցի մարզպետին, որ այլեւս չեմ պատրաստվում անվճար հոդվածներ տպագրել: Մարզպետը խոստացավ տարվա վերջում մի բան անել, սակայն միայն խոստացավ: Ես էլ «Մարզի ամենասիրված գործիչը» վերնագրով քննադատական նյութ գրեցի, մարզպետն էլ կարդացել է ու բարկացել, թե ինչպես է համարձակվել թերթի մի թղթակից իրեն քննադատել: Նմանատիպ նյութերի շարքը շարունակվելու է այնքան, մինչեւ մարզպետն ինձ հասանելիք գումարը չվճարի»,- ասում է Ն. Ղոնաղչյանը: Խմբագրի հաշվարկներով՝ մարզպետն իրեն 250 հազար դրամից ավելի գումար է պարտք՝ չհաշված այն թերթերի գումարը, որը անհատույց տրվել է մարզպետարանին: Մեր զրուցակիցը գոհունակության խոսքեր հնչեցրեց, օրինակ, Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանի հասցեին, քանի որ թերթը քաղաքապետարանի հետ պայմանագիր ունի, ըստ որի՝ քաղաքապետարանի հայտարարությունները եւ այլ նյութեր գովազդային հիմունքներով տպագրում է:

Պարոն Ղոնաղչյանը նշեց, որ մարզերում թերթեր հրատարակելը «հերոսություն» է: Օրինակ, 2007-ին ունեցել են ընդամենը 500 հազար դրամի եկամուտ, որից մի մասն էլ բաժին է հասել հարկերին. «Մինչեւ դեկտեմբերի 31-ը աշխատում էի պարզեցված հարկով, 60 հազար դրամ վճարում էի միայն կենսաթոշակային ֆոնդին, 30 հազար էլ հարկերն էր կազմում: Սակայն հունվարի 1-ից անցել եմ ընդհանուր հարկման դաշտ եւ պետք է տարվա իմ եկամտի 20%-ը հարկ վճարեմ: Հիմա չգիտեմ՝ մնացած գումարով տպագրությա՞ն, տեքստերը հավաքելո՞ւ, թե՞ էջադրման համար վճարեմ: Եթե 2007-ին տպագրել եմ 20 համար թերթ, այս տարի լավագույն դեպքում կտպագրեմ 8-10-ը»,- նշեց խմբագիրը: Նա օրեր առաջ վարչապետին նամակ է հղել՝ խնդրելով վերանայել հարկային քաղաքականությունը եւ մարզային թերթերին թույլ տալ աշխատել պարզեցված հարկով: Կառավարությանը ֆինանսական աջակցության խնդրանքով սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին նաեւ Արագածոտնի մարզում տպագրվող «Արագած աշխարհ» եւ «Թալին աշխարհ» թերթերի խմբագիրներն են դիմել: Այնտեղից պատասխանել են, որ այս պահին ֆինանսական միջոցներ չկան, սպասեք՝ կգա հարմար պահը, իսկ թե այդ պահը երբ է գալու՝ նշված չէ պատասխանում: Մեր այն հարցին, թե կառավարությունից ֆինանսական միջոցներ ակնկալելը չի՞ նշանակում «խաղալիք» դառնալ նրանց ձեռքին, պարոն Ղոնաղչյանը, որն իրեն համարեց ընդդիմադիր թերթի խմբագիր, նշեց. «Եթե փորձեն իրենց կամքը թելադրել, ես չեմ ենթարկվելու ու այստեղ իմ խոսքը կասեմ: Առ այսօր նման բան չի եղել, քանի որ բոլորն էլ գիտեն, որ ես «սիրահոժար» ենթարկվողներից չեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել