Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը միակողմանի վճիռ է կայացրել

Փետրվար 14,2008 00:00

Դատավարության ընթացքում խախտվել է շահագրգիռ անձի՝ դատարան ներկայանալու եւ իր իրավունքները դատարանում պաշտպանելու իրավունքը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Թամրազյանի նախագահությամբ, 2008թ. հունվարի 16-ին քննելով Հուսիկ Բաղդասարյանի հայցն ընդդեմ Թաթուլ Բաղդասարյանի՝ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել է եւ վճիռ է կայացրել՝ խախտելով նյութական եւ դատավարական նորմերը: ՀՀ քաղդատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը սահմանում է, որ գործին մասնակցող անձանց՝ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցագրերն ուղարկվում են պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Մինչդեռ այս գործով Թաթուլ Բաղդասարյանին 14.01.2008թ. կայանալիք դատական նիստի մասին ծանուցագիրը, ըստ ծրարի վրա եղած կնիքների, Գավառ քաղաքից ուղարկվել է 10.01.08թ., որտեղից Թ. Բաղդասարյանի բնակության վայրի՝ Վաղարշապատի փոստային բաժանմունքում ստացվել է 15.01.08թ. եւ նրան հանձնվել ամսի 16-ին: Հետեւաբար, կողմը չէր կարող տեղեկացված լինել նշանակված դատաքննության մասին, իսկ դատարանը հունվարի 14-ին եւ վճռի հրապարակման օրը՝ ամսի 16-ին, չէր կարող ստացած լինել նամակի հանձնման մասին ծանուցումը եւ Թ. Բաղդասարյանի իրավունքների եւ պարտականությունների մասին վճիռ է կայացրել՝ առանց նրան պատշաճ ծանուցման, ինչը վճիռը բեկանելու հիմք է հանդիսանում: Մինչդեռ դատարանն արձանագրել է, իբր «պատասխանողը պատշաճ ձեւով ծանուցվել է դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, սակայն չի ներկայացել»:

Բանն այն է, որ 27.10.03թ. Թ. Բաղդասարյանի եւ Հ. Բաղդասարյանի միջեւ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի 1038 բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանագիր է կնքվել: Պայմանագիրը եղել է գրավոր եւ կատարվել են բոլոր անհրաժեշտ ձեւակերպումները, ավելին՝ Հ. Բաղդասարյանն այդ գործարքն իրականացնելու համար արժեթղթերի փոխանցման հանձնարարագիր է տվել «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ մասնագիտացված կազմակերպությանը: Մինչդեռ դատարանում հայտարարել է, եւ դատավորն էլ հիմնավորված է համարել, որ ունենալով անձնագրի հետ կապված խնդիրներ, 2002-ին գործարանի նախկին տնօրեն Հենզել Աբրոյանից գնելով 362 բաժնետոմսեր, ձեւակերպել է հորեղբոր որդու՝ Թ. Բաղդասարյանի անունով: Հետագայում իրավական դաշտից խուսափելու նպատակով, իրեն պատկանող 1038 բաժնետոմսերը 2003-ին նույնպես անվանափոխել է Թ. Բաղդասարյանի անունով եւ նրա հետ կնքել է առուվաճառքի իբր ձեւական պայմանագիր: Դատարանում հնչեցրել է մեղադրանք նաեւ, որ Թ. Բաղդասարյանի գործարանի տնօրեն լինելը նույնպես ձեւական բնույթ է կրել: Հիմք ընդունելով մի քանի վկաների ցուցմունքները, որոնք տվյալ գործի ելքով շատ թե քիչ շահագրգռված են եղել, դատարանը գտել է, որ 362 եւ 1038 անվանական արժեթղթերի առուվաճառքի գործարքները առոչինչ են եւ չեն կարող իրավական հետեւանքներ ունենալ, քանի որ նպատակ չեն հետապնդել կողմերի համար առաջացնել իրավունքներ եւ պարտականություններ, հետեւաբար՝ արժեթղթերի օտարելու վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնությունը չի կարող Թ. Բաղդասարյանի համար սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ: «Ես չէի կարող իմ կողմից գնված բաժնետոմսերը նորից նրան վերադարձնելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ունենալ, քանի որ բաժնետոմսերի արժեքն ամբողջությամբ նրան վճարել եմ գործարքի կնքման օրը, որը հաստատվել է Հ. Բաղդասարյանի ստորագրությամբ, ինչպես առք ու վաճառքի պայմանագրում, այնպես էլ «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ-ին տրված արժեթղթերի փոխանցման հանձնարարագրում»,- վերաքննիչ բողոքում պարզաբանում է Թ. Բաղդասարյանը: Տարբերակված մոտեցմամբ, որպես վկա է կանչվել գործարանի նախկին տնօրեն Հենզել Աբրոյանը, որը Թ. Բաղդասարյանի խոշոր բաժնետեր դառնալուց հետո ամեն կերպ խոչընդոտել է ընկերությունում աուդիտ անցկացնելուն: Ավելին, պաշտոնանկ արվելուց հետո ընկերության կնիքը եւ ֆինանսատնտեսական փաստաթղթերը՝ չնայած ՀՀ տնտեսական եւ Վճռաբեկ դատարանների քաղաքացիական, տնտեսական գործերի պալատների 12.11.04թ. վճիռների, որոնք պարտադրել են անհրաժեշտ փաստաթղթերն ու կնիքը հանձնել՝ առ այսօր չի կատարել: Թ. Բաղդասարյանի խոսքերով, «Դատարանը վճիռ է կայացրել՝ հիմք ընդունելով Հ. Բաղդասարյանի կողմից հրավիրված վկաների բանավոր ցուցմունքները, որոնք որեւէ գրավոր կամ այլ ապացույցով չեն հիմնավորվել: Անտեսվել են իմ կողմից արտադատական կարգով հանձնված եւ գործում առկա գրավոր ապացույցները»,- ասում է Թաթուլ Բաղդասարյանը:

Նա վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել