Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳՐԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Փետրվար 14,2008 00:00

Նախագահացուները չեն պատկերացնում իրավունքի ոլորտը

ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի իրավունքների եւ դատական համակարգի բաժինների ուսումնասիրությունը տխուր մտորումների տեղիք է տալիս: Պաթետիկ հայտարություններից զատ, թեկնածուները լավ չեն պատկերացնում իրավունքի ոլորտը: Դրանք չեն ներշնչում վստահություն քաղաքացիների իրավունքների ապահովման եւ պաշտպանության համար: Չի երեւում պետության դերը:

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախընտրական ծրագրում՝ «Հանդարտ խոհերում» ներկայացրել է, թե մարդիկ Հայաստանում «ընդամենը» ինչ են երազում: Տեր-Պետրոսյանը հիշատակում է նաեւ իրավական համակարգում տիրող իրավիճակի բարեփոխման երազանքների մասին, որոնք, սակայն, արդեն դուրս են գալիս հանդարտ խոհերի շրջանակներից եւ դառնում զգացական խոհեր.

«- Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում:

– Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից ու դատախազից, այլ՝ ընդհակառակը, նրանց մեջ տեսնեն իրենց պաշտպաններին եւ չենթարկվեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայության աշխատակիցների կամայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին»:

ՀՀ նախագահի մեկ այլ հավակնորդ՝ Արման Մելիքյանը իր ծրագրի իրավունքներին առնչվող հատվածը բառացի վերցրել է ՀՀ սահմանադրությունից, անգամ «Զանգվածային լրատվության մասին» օրենքից, իրավական այլ փաստաթղթերից: Նրա կարծիքով, «Յուրաքանչյուր ոք Իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը»: Նրա առաջարկն այն է, որ «Պետական պաշտոնյաների չարաշահումների արդյունքում ապօրինաբար յուրացված կամ շորթված գումարները ու մյուս արժեքները այլ անձանց միջոցով ու անվան տակ օգտագործումը կանխելու համար՝ պարտադիր է իրականացնել բոլոր քաղաքացիների գույքի ու եկամուտների հայտարարագրում»: Սա այն դեպքում, երբ նույն թեկնածուն գտնում է, որ սեփականությունն անձեռնմխելի է:

ՀՀ նախագահության «Արարիչ» թեկնածուի՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի ծրագրում (ի սկզբանե նա հայտարարել էր, թե Լեւոնն իրենից է արտագրել նախընտրական ծրագիրը) ընդհանրություն կար ինչպես ակնարկված ծրագրի, այնպես էլ մյուս թեկնածուների ծրագրերի այն դրույթների միջեւ, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգին եւ մարդու իրավունքների ու ազատության ոլորտներին: «Արարիչն» իր նախընտրական ծրագրում թվային տվյալներով ներկայացնում է դատական ատյանների որոշումների եւ կատարողական բոլոր վարույթներում բյուջեի օգտին չվերականգնված մնացորդ գումարների չափը։ Հիշատակում է նաեւ, թե երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը ինչ բացասական ազդեցություն է թողնում դատաիրավական համակարգի վրա, որ այն հանգեցնում է «դատաիրավական ողջ համակարգի քրեամենաշնորհայնացված իրավիճակում հայտնվելուն, սեփականության իրավունքների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության իրական եւ գործուն մեխանիզմների բացակայությանը, երկրում օրինականության հաստատելու, ոչ թե օրենքի, այլ՝ իշխանությունների միակ ուժային միջոցի դերում հանդես գալուն»:

Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանն իր նախընտրական ծրագրի «Հասարակական-քաղաքական համակարգ» բաժնում շատ հակիրճ եւ տրաֆարետային կարգով ընդամենը նշվում է, որ թեկնածուն առաջնահերթ է համարում անկախ եւ անաչառ դատական համակարգի ձեւավորումը:

Հանրապետական Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում այս համակարգում ամեն ինչ հալած յուղի նման է ընթանում եւ այդքան էլ անելիքներ չկան, երկրի իրավական դաշտի ապագան ներկայացվում է համառոտ ու հակիրճ. «Այս Հայաստանի կառուցման երաշխավորն ու առաջամարտիկը պետք է լինի ՀՀ նախագահը՝ նպատակ դնելով.

– երկրում ամրապնդել սահմանադրականությունը՝ Սահմանադրության պահպանումը համարելով իր համար գերակա խնդիր,

– պետական համակարգի արդյունավետ գործունեության կարեւորագույն երաշխիք համարել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը»:

«Օրինաց երկրի» թեկնածու, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Բաղդասարյանն իր ծրագրի «Իրավունք եւ արդարադատություն» բաժնում կարծես թե խորհրդային տարիների «Հասարակագիտություն» առարկայի դասագրքից մեջբերում անելով, ընտրողին «լուսաբանում» է. «Մարդն ի ծնե ազատ է, եւ իբրեւ քաղաքակրթական մեծագույն արժեք, պետք է ապրի ազատ եւ նրա իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Զարգացած հասարակություններում մարդու եւ քաղաքացու ազատությունների եւ իրավունքների պաշտպանությունը, արդարադատության ապահովումը պետության, պետական եւ քաղաքական հաստատությունների կարեւորագույն խնդիրներից են։ Աշխարհում գլոբալ գործընթացների զարգացումներին զուգահեռ, մարդու եւ քաղաքացու ազատություններն ու իրավունքները երաշխավորվում են նաեւ միջազգային իրավական նորմերով եւ միջազգային արդարադատության ինստիտուտներով»։ Այնուհետեւ, լոզունգային կարգով, ներկայացվում է, թե ինչ է անհրաժեշտ. կոռուպցիայի դեմ վճռական պայքար՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել