Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի շրջանակներում եւ իրենց աջակցող քաղաքական եւ հասարակական ուժերի հետ միասին այցելել էր Վայոց Ձորի մարզ:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նա եղել է ե՛ւ Եղեգնաձորում, ե՛ւ Վայքում:
Երկու քաղաքներում էլ իր ելույթներում Լ. Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ Հայաստանում շարունակվում է քաղաքական ուժերի եւ ժողովրդի միավորման գործընթաց: Արձանագրելով, որ իր գլխավորած համաժողովրդական շարժմանը միացել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, ՀՀ նախագահի թեկնածուն հայտարարել է. «Ես վստահ եմ՝ մեզ է միանալու նաեւ Արթուր Բաղդասարյանը: 100 տոկոսով»: Ի դեպ, ՕԵԿ-ում այս տեղեկությունները ոչ հերքել, ոչ էլ հաստատել են, բայց այն արժանացել է հանդիպման մասնակիցների ջերմ ծափահարություններին: Ապա Տեր-Պետրոսյանը ասել է, թե չի հավատում, որ «երկու արկածախնդիր կարող են հաղթել մեր ողջ ժողովրդին, ծնկի բերել մեր ժողովրդին: Եթե այդպես լինի, ուրեմն փառք իրենց եւ ամոթ մեզ»:
ՀՀ առաջին նախագահը ասել է նաեւ, թե իրենց են միացել Հայաստանի բոլոր ազատամարտիկները, ԵԿՄ-ն, «Ոգու փորձությունը», որի ղեկավար, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն, ի դեպ, երեկ եղել է Տեր-Պետրոսյանին ուղեկցողների թվում: ՀՀ նախագահի թեկնածուն այս մարզում նաեւ մի ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության 56 աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ հեռացել են աշխատանքից, որովհետեւ չեն հաշտվել այն բանի հետ, որ իշխանությունները ստիպում էին նրանց աշխատել սեփական ժողովրդի դեմ. «Վստահ եղե՛ք, պետական մարմիններն էլ մեզ հետ են՝ ոստիկանության, անվտանգության ծառայության, նախարարությունների աշխատակազմերի 90-95 տոկոսը մեր ժողովրդի հետ է»:
Ռ/կ-ի փոխանցմամբ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բազմամարդ հանրահավաքում (որին, իր պնդմամբ, մասնակցում էր 5 հազար մարդ, ինչը քաղաքի բնակչության մեկ երրորդն է) նախագահի թեկնածուն ասել է. «Ռոբերտ Քոչարյանը 10 տարի շարունակ Հայաստանը դիտել է որպես իր անձնական բիզնեսը, եւ դա այժմ փորձում է անել նաեւ Սերժ Սարգսյանը», եւ որ վերջինիս ընտրության դեպքում կշարունակվի արտագաղթը Հայաստանից եւ Ղարաբաղից:
Անդրադառնալով ԼՂ կարգավորման խնդրին՝ նախագահի թեկնածուն կարծիք է հայտնել, որ հարկավոր է «հաստատագրել այն, ինչ ունենք, ամրապնդել միջազգային պայմանագրով, ապահովել Լեռնային Ղարաբաղի լիակատար անվտանգությունը», եւ դրանից հետո, նրա խոսքով՝ «մենք գնալու ենք հաշտության, խաղաղության մեր բոլոր հարեւանների հետ»:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ նրա հանրահավաքին համեմատաբար քիչ մարդ էր եկել, Տեր-Պետրոսյանը կոչով դիմել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հորդորելով «հանկարծ չսխալվել, չմոլորվել եւ փետրվարի 19-ին չբռնանալ ընտրողների իրավունքի վրա»: