Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 14,2008 00:00

Բաց նամակ դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանին

Մտածում էի ինչպե՞ս Ձեզ դիմեմ, հետո գտա ամենաճիշտ ձեւը, ինքս էլ զարմացա, որ Ձեր համակիրներից ոչ ոքի մտքով չի անցել, այնքան հեռու են գիտությունից, որի մշակներից մեկն եք դուք: Այնինչ, քաղաքակիրթ աշխարհում «դոկտոր» բառը պատվանվան արժեք ունի, այդ տիտղոսը կրող քաղաքական գործչի համար կարեւորագույնն է: Այնինչ, Ձեր շրջապատը նախընտրում է «առաջին նախագահ» եզրն օգտագործել: Դա էլ ձեւ է, եթե խոսքը վերաբերեր մի պետական գործչի, որը սպառելով իր պաշտոնավարության շրջանը՝ առժամանակ վերադարձել է իր բուն գործունեությանը, այդ ժամանակամիջոցում ավելի շատ ժամանակ ունենալով, քան աղետալի վիճակում հայտնված պետության պաշտոնյաները, վերլուծելով իր հրաժարականին նախորդած տասը տարիների պատմական իրադարձությունները, դրանք համադրելով հայ ժողովրդի բազմադարյան պատմության անցքերի հարահոսին:

Ես լինելով պատմաբան, այդպես էլ չկարողացա ձեռք բերել Ձեր վերջին աշխատությունը Կիլիկյան Հայաստանի մասին, քանի որ այն դարձել է բեստսելլեր մարդկանց համար, որոնք դա չեն էլ կարդալու: Նրանց բավարարում է միայն հեղինակի անունը, իսկ, այ՝ նրան դիմելիս մտքով չեն էլ անցկացնում օգտագործել, ասենք, «հարգելի դոկտոր» պատվանունը: «Լեւոն»՝ ահա թե ինչպես են նախընտրում կոչել Ձեզ, իսկ դրանից ընտանեվարության, ինքնահաստատման անդուր հոտ է փչում: Իբրեւ թե, տեսեք-տեսեք, հանրապետության առաջին նախագահը մեզ համար Լեւոն է, մեր ընկերը, մտերիմը, այնինչ՝ լինելով գրող, հետեւապես՝ հոգեբան, անձամբ ես լավ պատկերացնում եմ այն սահմանը, որից հետո անգամ մերձավորագույն ընկերդ էլ, եթե դու հասել ես պետական ակնառու մի դիրքի, քեզ պետք է անպայման դիմի «դուք»-ով եւ քո տիտղոսով, գոնե՝ հասարակության մեջ: Ես վաղուց ի վեր ոչ միայն Ձեզ ճանաչելով, այլեւ գիտենալով Ձեր բնավորությունը, ընդունել եմ դա: Հասկացել, որ բարձր դիրքի հասած մարդկանց շատերի համար երբեմն հաճո չէ դեմ առ դեմ դուրս գալ իրենց վաղուց ճանաչողներին: Իսկ եթե հանկարծ իրենց դիմեն պարզապես անունո՞վ… Չհասկանալով, որ արդեն խավային մի քանի աստիճան է բաժանում նրանց իրենցից……

Զզվելի բան է քաղաքականությունը: Ինձ այդ ասպարեզում հետաքրքրում են միայն դրանով զբաղվողների հոգեբանական հատկանիշները: Փոքր երկիր է Հայաստանը, որեւէ մեկին չի հաջողվի թաքնվել հասարակության աչքից, անգամ հրաշալի կազմակերպված թիկնազորի ու վարչական կառույցների օգնությամբ: Հենց մարդկային առտնին փոխհարաբերությունների շնորհիվ էր, որ առաջին ալեկոծ, հուզախռիվ հանրահավաքների ընթացքում ժողովրդական հոծ, անվերծանելի զանգվածներից ավելի շուտ պատահական կամ՝ որ ավելի վատ է, բոլորովին էլ ոչ պատահական, «խորհրդավոր» կառույցների կողմից ընտրվելով, հարթակում հաստատվելով գծագրվեց ապագա Հայաստանի իշխանական ամբողջ կառուցվածքը: Արդեն 1988 թ. աշնանը գործում էին նրա բոլոր օղակները՝ անվտանգության համակարգն իր թիկնապահներով, իրազեկողներով եւ խորհրդատուներով, որոնց թվում մեծ թիվ էին կազմում արհեստավարժ, համաժողովրդական շարժման մեջ ներդրված սադրիչները: Երբ բեմահարթակում հայտնվեցիք Դուք, ամեն ինչ հանճարեղորեն կառուցված էր եւ Ձեզ մնում էր միայն նախ՝ կամա-ակամա, ավելի ուշ՝ հարկադրված, «հանուն համաժողովրդական շարժման» շահերի, դառնալ մի պտուտակը սոսկ գործընթացների, որոնք պարզ չէ, թե դեպի ուր էին տանում, եւ որոնց դիմակայելու կամ հարմարվելու ուղիները ճշգրտվում էին հընթացս:

Հենց այդ ժամանակ է, որ վճռորոշ են դառնում այդ պատասխանատվությունն իրենց ուսերին վերցրած անձերի մարդկային հատկանիշները, որոնք պայմանավորված են այն ամենի հանրագումարով, որի արդյունքն է մարդ արարածը: Դրա մեջ կան առանձին-առանձին գուցե ոչ կարեւոր, բայց կուտակվելով ոչ միայն տվյալ մարդու, այլեւ նրան հավատ ընծայած ժողովրդի համար ճակատագրական դարձող «բաղադրամասեր»՝ ընտանիքն իր արմատներով, ընկերվարական հանգամանքները եւ տասնյակ այլ «մանրուքներ»:

Ահա այստեղ է, որ խորհրդային փակ հասարակությունը առավելություն է տալիս «ոչ ֆորմալ» գործիչներին, որոնք հայտնվում են անակնկալ, ասես ճակատագրի /՞՞՞/ կամոք: Հայտնվում այն ժամանակ, երբ նախկին համակարգն իր բոլոր գործիչներով սպառել է իրեն, բայց ունի այնքան փորձ, որ կանխորոշի, թե ովքեր են իր ժառանգորդները: Արդեն իմ շարադրանքից, հարգարժան դոկտոր Լ. Տեր-Պետրոսյան, հասկացաք, որ այն կարող էր դառնալ մի պատմական-հոգեբանական ուսումնասիրության ելակետ: Դա կարող է հասկանալ պատմաբանն ու քաղաքացին, բայց ոչ նրա ինքնությունն իբրեւ այդպիսին չգիտակցող շրջապատը, որոնք լինելով խորհրդային սպառող հասարակության արտադրանք, ունեն միմիայն մի նպատակ՝ ընտրելով իրենց հերթական խորհրդանշան-թիրախ, նրան կուռքի վերածելով, իրենց համար էլ ապահովել նոր, իրականում՝ շատ հին կարգերի քուրմերի դիրքը:

Ես չեմ ցանկանում մտնել մի բանավեճի մեջ, որտեղ կողմերից ոչ մեկն էլ չի շահի այն մթնոլորտում, որտեղ գերակայողը շահերն ու հավակնություններն են: Մի մոռացեք, որ Դուք, նկատի ունենալով իմ մոր՝ լրագրող, հրապարակախոս, Հայրենիք-Սփյուռք կամրջի ճարտարապետի ծագումը, ինձ մի անգամ «կես մուսալեռցի» կոչեցիք: Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ Ձեզ հայտնել, ոչ մուսալեռցին երբեք «կես» չի լինում: Դա պատմական ամենածանր դիմակայությունների համար գոյացած մի գեն է: Ճիշտ այնպիսին, ինչպիսին մեծագույն փորձությունների ենթարկված մեր ժողովրդի յուրաքանչյուր հատվածի՝ ղարաբաղցիների, շիրակցիների. սյունեցիների, վանեցիների եւ այլոց գեները:

Փետրվարյան ալեկոծ օրերից մեկում, ես չդիմանալով մթնոլորտային բարձր ճնշմանը, իմ կերպարին ոչ բնորոշ «մեջընկանություն» դրսեւորեցի, կիթառով բարձրանալով այնպիսի մեծ լսարանի առջեւ, որին չի հավակնել ոչ մի ռոք երգիչ: Բայց լսարանը ազնվագույնն էր այն բոլորից, որի համար երգել են բոլոր ժամանակների երգիչները: Քանի որ այդ երգը ծանոթ է բոլորին /վախենամ՝ ձեզնից բացի, քանի որ, երբ դուք դարձաք Ղարաբաղյան շարժման առաջատարը՝ այն պարզապես լռեցվել էր Ձեր ապագա գործընկերների կողմից/:

Ղարաբաղ, գտա ես քեզ,

Իմ կորած հայրենիք,

Մուսալեռ

Ու Սասուն,

Երկնքի մովում քո վես

Ու սրտումդ՝ ցասում,

Քո ժամին ես

Սպասում:

Այդ ժամը ոչ միայն եկավ, այլեւ խորհրդանշվեց «լրիվ մուսալեռցի», Հայաստանի նորանկախ հանրապետության ապագա առաջին նախագահ, դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարով: Չեք պատկերացնի, թե որքան մեծ էր մորս՝ Շաքե Վարսյանի հպարտությունն ու հիացմունքն այդ առթիվ: Եվ թե որքան էր սպասում, որ դուք կստանձնեք Ձեզ բաժին հասած առաքելությունը՝ Հայաստանն իսկապես դարձնելու համայն հայության հանգրվանը, որտեղ էլ չեն իշխելու գաղափարախոսական, հատվածական մոտեցումները:

Եթե ես պատմեմ նրա կյանքի ու Ձեր իշխանության վերջին տարիների իրադարձությունների մասին, նկարագրեմ նրա խորին հիասթափությունը՝ դուք իմ նամակի մեջ նեղ դրդապատճառներ կսկսեք որոնել, ավաղ… Այնինչ, հարգելի դոկտոր, Ձեզ դիմելուս իմ, ոչ վեհերոտ մարդու պատճառը՝ մեկն է: Դա այն է, որ Ձեր քարոզչության ընթացքում սերմանեցիք ցեղային, ազգագրական, ընկերվարական՝ մինչեւ այդ բնազդական հակասությունների եւ տարաբնույթ այնպիսի տարրեր, որոնց հետեւանքով, անկախ ընտրությունների ելքից, մեր ժողովուրդը ընկնելու է անվստահության, անմիաբանության տարտարոսը: Ես վստահ եմ, որ նա այդ փորձությունն էլ կհաղթահարի, բայց առանց Ձեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել