Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՍԹՐԵՍ Է

Փետրվար 14,2008 00:00

Այն ի զորու են հաղթահարել ընտրյալները

Մարդը պաշտոն է ստացել: Շնորհավորում են հարազատները, ընկերները, սակայն շատ շուտով ակնհայտ է դառնում, թե որքան է նա փոխվել: Այո, նրան փոխել է իշխանությունը: Ոչ մի բան այդպես չի փոխում մարդուն, որքան իշխանությունը, նույնիսկ առավել, քան փողը: Եվ որքան մեծ է իշխանությունը, նույնքան ակնառու են փոփոխությունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենում. նրան այլեւս չեն ընդհատում, ուշադիր լսում են, մշտապես շողոքորթում, երբեք չեն հակաճառում եւ նրա կարծիքը գրեթե միշտ վերջինն է լինում: Եվ նա այս ամենը համարում է ոչ թե իր իշխանության անմիջական արդյունք, այլ՝ իր առանձնակի հատկանիշների, հանճարեղության ապացույց: Նա նմանվում է երեխայի, կարծելով, թե որոշումն ընդունված է, քանի որ այն ամենալավն է: Այնինչ, շրջապատն այլընտրանք չի ունեցել, քանի որ հակաճառելը հավասարազոր է ինքնաոչնչացման: Իշխանավորի վարքը դառնում է անադեկվատ, իր մասին ունենում է թյուր կարծիք, դառնում է եսակենտրոն, կասկածամիտ, անզիջում, կոպիտ, խզում է հին կապերը եւ այլն:

Բացառություններ լինում են, սակայն իշխանության կործանարար հետեւանքները մեծ կարեւորություն են ստանում, երբ հաշվի ենք առնում, որ քաղաքականությունը մագնիսի պես ձգում է մարդկանց, ում բնորոշ է սեփական անձի գերագնահատումը, ճանաչման հասնելու անհագ ցանկությունը, ինչը նրանց թույլ է տալիս գերազանցել սովորական մարդկային հնարավորությունները: Քաղաքականությունն է, որ նման անսահման հնարավորություն է տալիս, որպեսզի մարդն անձնական արժանիք համարի այն ամենը, ինչ ձեռք է բերվում հսկայական թվով մարդկանց շնորհիվ, իսկ անհաջողությունները բարդի ուրիշների կամ անբարենպաստ հանգամանքների վրա: Համընդհանուր ուշադրությունն ու ծով հետաքրքրությունը, սեփական մեծության եւ եզակի առաքելության ամենօրյա զգացումը եւ, վերջապես՝ ինքնին իշխանությունը՝ ահա թե ինչով են նրանք շնչում ու ապրում: Անձի նման որակները նպաստում են նրանց թռիչքաձեւ վերելքին, երբեմն նրանք իսկապես դառնում են հրաշալի քաղաքական գործիչներ: Բայց հենց նույն այդ հատկանիշներն էլ, հաճախ, որքան էլ հակասական է, պայմանավորում են նրանց անհաջողություններն ու, նույնիսկ՝ կործանումը:

Ներկա քաղաքական գործընթացները Հայաստանում, առաջին հերթին, հարկ է դիտարկել հոգեբանական պրիզմայով։ Քաղաքագետների ու իրավաբանների համար կարեւոր է իշխանության տարբեր ճյուղերի փոխհարաբերությունն ու տարանջատումը, իրավասությունների բաշխումը եւ այլն, եւ այլն, սակայն պակաս կարեւոր չէ հասկանալ մարդկանց, ովքեր ունեն իշխանություն կամ ձգտում են դրան։

Իշխանությունն ամենահանելուկային հոգեբանական երեւույթներից է՝ որոշակիորեն նման թմրադեղի ազդեցությանը։ Ցավագին իրողությունների հոգեբանական արտամղումը համընդհանուր երեւույթ է, իսկ իշխանավորի մոտ դա կարող է հասնել կատարյալ ինքնակուրացման, ընդհուպ մինչեւ փախուստ դեպի անիրական ու պատրանքային աշխարհ։ Քաղաքականության մեջ չկան բացարձակ սթափներ, բոլորին էլ վաղ թե ուշ պատում է կախվածությունը դրանից։ Սեփական անձի մասին ամենաիրատեսական, սթափ, ինքնաքննադատական պատկերացումն ի զորու չէ դիմակայել իշխանության նման հզոր «կայֆին»։

Ծանր է խոստովանել, սակայն հոգեպես ներդաշնակ անձնավորությունը չի կարող տիրապետել այն բացառիկ ներքին ուժին, որ կարողանար իշխել կոլեկտիվ անգիտակցականի վրա։ Քաղաքական առաքելության եւ հոգեախտաբանության խառնուրդն էլ մարդկության պատմության ընթացքում պայմանավորել է մեծագույն չարագործների, երբեմն նաեւ՝ բարերարների գոյությունը։ Ֆրոյդն էր ասում, որ «մարդկային պատմության ընթացքում բազմաթիվ նեւրոտիկներ են իշխանության հասել։ Կյանքում ավելի հաճախ պահանջվում են այն անձնային հատկությունները, որոնցով օժտված է նեւրոտիկը, քան այնպիսիք, որոնք բնորոշ են առողջներին։ Մի կողմից, չնայած իրենց աննորմալությանը, նրանք իրենց անձի չվնասված մասի շնորհիվ որոշակի «նվաճումների» են հասել, բայց, մյուս կողմից, հենց նրանց բնավորությունը, որոշ ցանկությունների անբնական ուժը նրանց զորություն են տվել՝ իրենց հետեւից ուրիշներին տանելու եւ ամենահնարավոր խոչընդոտները հաղթահարելու համար»։

Բազում հոգեբանների ու սոցիոլոգների է հուզել այդ զորությունը՝ հսկայական իշխանությունը մարդկանց հոգիների նկատմամբ։ Խոսքը գրեթե կախարդական այն ներգործության մասին է, որ ոմն մեկը կարող է ունենալ ժողովրդի վրա, գերել հազարավոր մարդկանց։ Նրա արտաբերած յուրաքանչյուր միտք արտասովոր նշանակալից է թվում, նա հեշտությամբ արժանանում է անբեկանելի վստահության, որը բացարձակապես ապացույցների կարիք չի զգում։ Նրա հակառակորդները խորը հակակրանք են առաջացնում։ Սա արտաքուստ շատ է նման հիպնոսին։ Սակայն նման մարդիկ պրոֆեսիոնալ հիպնոսացնողների բազմաթիվ հնարքներից ամենեւին էլ չեն օգտվում։ Գերազանցապես հոգեբանական հիմքեր ունեցող այս իշխանությունը միշտ խարսխված է վառ ու անընդօրինակելի անհատականության վրա։ Նման մարդուն սկսում ենք ընկալել համարյա փոփոխված գիտակցությամբ. նա թվում է հսկայական, ամենազոր, նրանից բարություն ու լույս է ճառագում։ Նման հուժկու խարիզմայի կրողները եզակի են, այն էլ ի հայտ են գալիս միայն պատմության շրջադարձային պահերին։ Պիառ տեխնոլոգիաների մասնագետների ու իմիջմեյքերների հիմնական ջանքերն ուղղված են մեծ խարիզմատիկների հոգեբանական հմտություններն ընդօրինակելուն։ Դրանում վատ բան չկա, նախագահացուների արհեստականորեն ուռճացված վարկը կարեւոր է ընտրությունների ժամանակ, բայց թե ինչ է ստացվում, բազմիցս տեսել ենք վերջին տարիներին:…Սակայն միայն իրական խարիզման է, որ ջնջում է մարդկանց միջեւ առկա տարբերությունները, նույնիսկ իրար անծանոթ մարդկանց միջեւ եղբայրության եւ բացարձակ փոխվստահության մթնոլորտ է առաջանում։ Միայն խարիզմայի կախարդանքն է, որ ի վիճակի է մարդկանց հոգիներում հեղաշրջում առաջացնել։

Ավաղ, այդ զգացման էությունն այնպիսին է, որ շատ արագ կարող է փոխարինվել կույր, ներում չընդունող ատելության։ Նրանցից հրաշք են պահանջում, իսկ սովորական մարդկային թուլությունները չեն ներվում։ Ահա թե ինչու խարիզմատիկ առաջնորդների հաջողությունը, սովորաբար, երկար չի տեւում՝ հաճախ ողբերգական ավարտ ունենալով։

Անկասկած, շատ ընթերցողներ մտածեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին։ Եթե թույլ տամ ինձ ենթադրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատկանում է մարդկային հենց այս տիպին, պարզ է դառնում, թե որտեղ են թաքնված մեր մեծ հայրենակցի եւ՛ յուրօրինակ հաջողությունները, եւ՛ քաջ հայտնի սխալները։ Ես մեծ եմ անվանում նրան ոչ միայն պատմական լուրջ ծառայությունների համար, այլեւ՝ անձի բացառիկության համար, եւ ես չէ, որ պետք է վկայեմ նրա հզոր ուժի, կամքի, ինտելեկտի եւ զանգվածներին գերելու այնքան եզակի ունակության մասին։ Եվ, հանկարծ՝ բացարձակապես այլ կերպար. հեգնանք ընդդիմախոսների հանդեպ, լսելու անկարողություն, ժողովրդից ինքնամեկուսացում, նաեւ այլ սխալներ, որոնք ավելի լավ կարող են հիշել քաղաքագետներն ու քաղաքական մեկնաբանները։ Թվում է, թե նման ինտելեկտի տեր մարդը պետք է հատկապես փայլեր խորաթափանցությամբ, մարդկանց ճանաչելու ունակությամբ։ Սակայն շրջապատի հետ փոխհարաբերություններում իրեն թույլ է տալիս անբացատրելի սխալներ։ Եվ սա նույնպես պայմանավորված է նրա անձնային հատկություններով։ Նման մարդկանց ներքին «տեսողությունը» հակված է յուրահատուկ «ֆիլտրերով» բաց թողնել միայն որոշակի բովանդակությամբ հոգեբանական ինֆորմացիա եւ մերժել շատ բաներ այն ինֆորմացիայից, որն անհրաժեշտ է լինում մարդու մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար։ Նմանատիպ բան տեղի է ունենում, երբ, օրինակ, չափազանց խանդոտ ամուսինը ֆիքսում է այն ինֆորմացիան, որը կարող էր ստվերել իր կնոջ վարկը եւ, ընդհակառակը, անտեսում է բոլոր փաստարկները, որոնք կարող էին առավել ճշմարտացի գնահատել հավատարիմ կնոջը։ Իհարկե, այս պրոցեսը տեղի է ունենում ենթագիտակցաբար եւ անվերահսկելի է։ Յուրաքանչյուրին էլ պարզ է, որ հարկ է հիմնվել վառ, խելացի, ինքնուրույն մտածելակերպ ունեցող անձանց վրա, սակայն չափազանցված Ես-ն ամեն կերպ թուլացնում է իր շրջապատը։ Նրանց համար խիստ դժվար է, երբ իրենց հետ վիճում են, հակաճառում, չէ՞ որ երերում է սեփական երեւակայությունում կառուցված անսխալականության պատրանքը։ Նրանք մեծ դժվարությամբ են որեւէ մեկի հետ կիսում իրենց հաջողությունները։ Եվ այս իռացիոնալ ներքին ձայնը ի չիք է դարձնում ցանկացած տրամաբանություն (հիշենք, թեկուզ, հենց Վազգեն Մանուկյանի հեռացումը կամ ավելի ուշ՝ մյուսների ստորադասումը Վազգեն Սարգսյանի ճկույթին)։ Ի վերջո, հենց դա էլ դարձավ նրա ողբերգության պատճառը։

Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը իր շրջապատին անհատականության եւ բարձր ինտելեկտի պահանջներ բոլորովին չէր դնում, ինքը «լիովին բավարար էր», իսկ շրջապատի առաքելությունը հիմնականում նրա անկրկնելի էության արտացոլումն էր՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։ Բոլորիս համար էլ պարտվելը տհաճ երեւույթ է, իսկ նման տիպի մարդկանց համար դա համարյա թե մահ է։ Այդ պատճառով, նույն հզոր ներքին էներգիան հոգեբանական պաշտպանության հզոր բարիկադներ է կառուցում, որպեսզի գիտակցություն չհասնեն բոլորի համար անվիճելի, սակայն իր համար կործանարար ճշմարտությունները. «ես մեղավոր եմ», «ես սխալվում եմ»։

Այնուամենայնիվ, մարդիկ անշնորհակալ են։ Երբեմն կարող է թվալ, եթե նա չլիներ, մենք պետք է ամենաերջանիկ ժողովուրդը լինեինք։ Նա անսահման հանդիմանանքների ու վիրավորանքների թիրախ էր դարձել, սակայն, որքան էլ զարմանալի է, երկրորդ «հայտնությունից» հետո կրկին պատվեց շատերի, կարծում եմ նաեւ՝ իր համար, անսպասելի սիրով։ Մի՞գուցե այն պատճառով, որ կանգնած էր անկախացած Հայաստանի ակունքներին, կամ էլ հաջողությամբ էր ավարտել պատերազմը։ Կարծում եմ՝ ոչ, նման բաները շուտ են մոռացվում։ Բանն այն է, որ նա մերոնքական է՝ «մեր Լեւոնը»։ Նման կապերը գիտակցականից դուրս են։ Նրան քննադատում էինք, հայհոյում, սակայն, ինչպես հարազատին, ինչպես եղբորը, որը կատաղեցնելով հանդերձ, շարունակում է եղբայր մնալ։ Մեզանից շատերը, մեծ մասամբ չգիտակցելով, մնացել են «լեւոնական», եւ թող յուրաքանչյուրն ինքը որոշի, սա հաճոյախոսութուն է, թե՝ վիրավորանք։

Բազմաթիվ ուժեղ մարդիկ համոզված են, որ իրենք կարողանում են կառավարել իրենց։ Հավանաբար, այդպես է մտածում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առավել եւս, որ նրա վարքագիծը, կարծես թե, ապացուցել է դա։ Սակայն դրանով ներքին պրոբլեմները չեն լուծվում։ Կարծում եմ, նրա համար բավականին դժվար է եղել ինքն իր հետ զրուցելը։ Ընդհանրապես, նման տիպի մարդկանց արտաքուստ անխոցելիության տակ հաճախ թաքնված է լինում տագնապայնություն, անվստահություն, որոնք կարող են հոգեկան ծանր տառապանքներ հարուցել։ Կարծում եմ, սեփական անձին չճանաչելն էլ դարձավ իր մերձավոր շրջապատի հետ նրա հակասական հարաբերությունների հիմնական պատճառը՝ ի դժբախտություն հասարակության եւ հենց իրեն։ Չափազանցված Ես-ն ու դեմոկրատիան անհամատեղելի են։ Տեր-Պետրոսյանը հստակ պատկերացնում էր, թե որքան շատ բան էր պետք փոխել երկրում՝ իրական զարգացում ապահովելու նպատակով։ Եվ այդ առաքելությունը վերցնելով իր վրա, նա չէր սխալվում իր կամային եւ ինտելեկտուալ հատկությունների առումով, սակայն սխալվում էր այն բանում, որ ինքը եւս պետք է փոխվի, փոխելով նաեւ իր շրջապատը։ Պետության ղեկին հեղափոխական գործչին պետք է փոխարիներ ստեղծարար գործիչը, բայց, ավաղ, նման բան տեղի չունեցավ, պայմանավորելով նրա եւ մեր խոշոր պարտությունը։

Նա մնաց գրեթե միայնակ։ Նման մասշտաբի ցնցումները կարող են ոչնչացնել մարդուն՝ քայքայել անձը, սպանել ֆիզիկապես։ Սա կարող է կործանարար դառնալ նաեւ հասարակության համար։ Միաժամանակ, միայն դրանք կարող են հարուցել ինքնամաքրում (կատարսիս), երբ քանդվում են բոլոր ներքին խոչընդոտները եւ ամենը, ինչ թաքնված էր անգիտակցականում, ողջ արտամղվածը անխնա եւ վառ լույսով հառնում է ներքին տեսողության առջեւ։ Հետեւելով «նոր» Տեր-Պետրոսյանին, կարծում եմ, որ տեղի է ունեցել երկրորդ տարբերակը. այդ եւ հետագա օրերին նա շատ բան է վերաիմաստավորել իր կյանքում, հնարավոր է, որ վերապրել է կրկին։ Դա սարսափելիորեն տառապալից է՝ զրուցել ինքդ քեզ հետ, սեփական անձի մեջ համատեղելով մեղադրյալին ու դատավորին։ Բայց նման ծանր գնով է ձեռք բերվում ազատումը սեփական հոգեկան բարդույթներից, անցյալի ծանր բեռից։ Տեղի է ունեցել հսկայական քայլ դեպի ինքնաճանաչում, սեփական Ես-ի կատարելագործում։ Հենց հրաժարականից հետո, երբ ի չիք դարձան իշխանության խորհրդանիշները եւ արդեն չկար թագավորական շքախումբը, ավելի պարզորոշ ուրվագծվեց նրա անձի մեծությունը։ Չգնաց շատերի համար բաղձալի ու վայելքներով լի ճանապարհով։ Կորցնելով ամեն բան, իր մեջ ուժ գտավ զբաղվել իշխանավորների բացարձակ մեծամասնության համար ծիծաղելի եւ անհասկանալի գործով։ Կարծում եմ, հայ ժողովրդի պատմության մեջ ընկղմվելը եւս յուրահատուկ միջոց էր իր եւ ժողովրդի հակասությունները վերաիմաստավորելու նպատակով։ Անկասկած, նա շատ բան է կորցրել, սակայն, վստահ եմ, որ ձեռք է բերել ավելին, ինչը քչերին է հասու։

Քարոզ չկա, պարզապես ինձ թվում է, թե Տեր-Պետրոսյանը բացառիկ հնարավորություն է ազգային վերածննդի համար։ Կա նաեւ այլ ճանապարհ, կհավաքվեն հարկերը երկու անգամ ավելի շատ, ու մեր զրո դրամ աշխատավարձերը կդառնան երկու անգամ զրո։ Սա սովորական ղեկավարների գործ է, եւ ոչ երբեք ազգի առաջնորդի։ Ես դիտմամբ չեմ անդրադառնում մյուս թեկնածուներին։ Մեծ մասի մասին գրելն ինձ հետաքրքիր չէ, կարծես թե ամեն ինչ պարզ է, կան նաեւ կլինիկական դեպքեր, որոնց մասին միայն հիվանդության պատմություն կարելի էր լրացնել: Կարծում եմ, որ բոլորն էլ դեռ պետք է փորձեն հաղթահարել իշխանության փորձությունը՝ ի դժբախտություն իրենց եւ մեզ: Բոլորն էլ ունեն իրենց «լուրջ» պատճառներն ու հիմնավորումները իշխանության հասնելու համար: Անձնական պատճառներ ունի նաեւ Տեր-Պետրոսյանը: Սակայն արդյո՞ք նա սեթեւեթում է, թե՞ իշխանությունն իրեն անձնապես պետք չէ: Կարծում եմ, ոչ. այսպիսին դարձած մարդու համար իշխանությունն իրոք դադարում է ամենաբաղձալի նպատակը լինել, փառքի ձգտման առանցքը լոկ ինքնաբավարարումից ուղղվում է դեպի խորը պատասխանատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել