Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադամանդներն» էլ չօգնեցին Կարապետիչին

Փետրվար 14,2008 00:00

Գյումրիում զանգված չհավաքվեց

Երեկ Գյումրի քարոզարշավի էր եկել «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Չնայած վերջինս իր հետ «ԱԼՄ»-ի աստղերի մի մեծ խումբ էր բերել, որոնք նրա ելույթից կես ժամ առաջ երգում էին՝ ժողովրդին գայթակղելու ու թատերական հրապարակ բերելու համար, այդուհանդերձ՝ թեկնածուին չհաջողվեց մասսա գրավել: Ընդամենը մի քանի հոգի էին եկել լսելու Կարապետիչին, ընդ որում, իր հովանավորած ծերերից:

Սա, անխոս, ներքուստ զայրացրեց թեկնածուին, ով չկարողացավ զսպել իրեն. «Սերժը եկած լիներ՝ մի տասը հազար կհավաքվեիք, չէ՞»,- ասաց Կարապետիչը, որին երկրպագուները հանգստացրին. «Դուք Սերժից ավելի բարձր եք, բացի այդ, ստեղ իսկական գյումրեցիներս ենք հավաքվել»: «Եթե ավելի բարձր եմ, դուք վերաբերմունքով պետք է ցույց տայիք, չնայած ստեղ որակ ա, քանակ չի: Կարեւորը որակն ա, չնայած չգիտեմ ինչի՝ ընտրություններին փող բաժանելով քանակ են ապահովում, ու ընտրվում են եւ վերընտրվում են: Եթե մենք չմտածենք դրա մասին, ուրեմն երբեք չենք ունենա լավ ապագա: Ես ասեմ մի բան՝ հարգելի գյումրեցիներ, ես գիտեմ ձեր թասիբը, որ միշտ էլ ավանդական եք եւ միշտ էլ եղել եք Հայաստանի աղը. մինչեւ մենք չկարողանանք ճիշտ ընտրություն անել, մինչեւ թացը չորից չտարբերենք, մինչեւ չմտածենք ոնց ձերբազատվել փողից, կաշառքից, ստիպողական այդ վախից, երբեք չենք հասնի արդյունքի, եկեք միասին ապացուցենք, որ մաքրությունը կա, որ մարդիկ սրտով կարող են գալ: Ամեն մեկն ասում ա՝ էս կանեմ, էն կանեմ, բա էս յոթը տարի որտե՞ղ էիր, ինչո՞ւ ձեռքը սեփական գրպանը չի տանում, ինչո՞ւ չեք հարցնում՝ ձեր փողերը որտեղի՞ց, Հայաստանում ապրել եք, ոչ մի տեղ չեք գնացել, որտեղի՞ց ձեզ էդ կուբամետրով փողերը, որ 60 հատ ավտոբուսով եք գալիս, 20 տելախրանիտել ունեք։ Հենա մի ավտոյով եմ եկել, մարդկային վերաբերմունք եմ ձեւավորում, դուք կարա՞ք էդ ամենը տարբերել, թե՞ չեք կարա, ես այլընտրանքային թեկնածու եմ, ճիշտ ա՝ ես չունեմ պաստառներ ու դրոշներ, ավելի լավ ա ձեր վրա ծախսեմ, ձայներդ մի տվեք անցյալ ու ներկային, այլ տվեք ապագային՝ ինձ»,- հորդորեց Կարապետիչը, որի ելույթից հետո գյումրեցի ծերերը շրջապատեցին նրան՝ համոզելով, թե իրականությանը չի համապատասխանում այն, որ իրենք Կարապետիչի ձեռքից «տելեվիզոր» ու DVD-ներ են վերցրել ու ԱԺ ընտրություններին «քաշել» են, այստեղ մեղավորը ոչ թե իրենք են, այլ ընտրական հանձնաժողովների անդամները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել