Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԵ՞Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ

Փետրվար 14,2008 00:00

Ըստ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի, ընդամենը մի քանի տարվա մեջ Հայաստանն այնպիսի դրախտավայր-պետություն է դառնալու, որ երկիրը լքած բազմահազար հայերը «ոտ ու ձեռ ընկած» վերադառնալու են հայրենիք:

Նախագահի թեկնածուներն այս օրերին ջանք չեն խնայում մայրաքաղաքի համայնքներում եւ մարզերի ամենահեռավոր ու սահմանամերձ գյուղերում ջերմեռանդորեն ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը: Դրանք այնքան խոստումնալից ու լավատեսական են, որ մարդիկ երբեմն չեն կարողանում որոշել՝ ում օգտին քվեարկել: Շարքային քաղաքացուն այսօր այնքան չի հետաքրքրում՝ Հայաստանը կմիանա՞ Եվրամիությանը, թե՞ ոչ, կամ՝ օտարերկրյա պետությունների հետ մեր երկիրն ի՞նչ պայմանագրեր ու համաձայնագրեր է կնքել, որքան այն, թե կոնկրետ որքա՞ն է բարձրանալու իր թոշակը, աշխատավարձը, կամ մինչեւ ե՞րբ է անգործ նստելու ու սպասելու աղքատության նպաստին: Այս ամենը նկատի ունենալով, նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզարշավների ժամանակ հրապարակներում ու գյուղական ակումբներում հավաքվածներին ներկայացնում է իր նախընտրական ծրագիրն ու փորձում է համոզել, որ հենց ինքն է ժողովրդի ծոցից դուրս եկած այն ընտրյալը, որը մեր երկիրը կդարձնի այնպիսին, որ Հայաստանը լքած բոլոր հայերը կփոշմանեն ու կվերադառնան հայրենիք, իսկ եվրոպացիներն էլ կմոռանան Անթալիայի ու Հավայան կղզիների մասին ու «իրար գլուխ կջարդեն»՝ իրենց հանգիստը մեր երկրում կազմակերպելու համար: Նահագահի թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանի նախընտրական շտաբից տեղեկացանք, որ թեկնածուի նախընտրական ամբողջական ծրագիրը դեռեւս պատրաստ չէ, փոխարենը Տ. Կարապետյանն արդեն հրապարակել ու իր ընտրողների դատին է ներկայացրել իր նախընտրական ծրագրի կարեւորագույն կետերը՝ հիմնադրույթները: Տ. Կարապետյանն իր ամփոփ ծրագրի սոցիալական մասում միայն տեսական դատողություններ է անում, որոնց իրականացման համար չի ներկայացնում ոչ մի իրական հիմնավորում: Օրինակ, նա նշում է՝ «Կարեւոր է աշխատանքի իրավունքի եւ զբաղվածության խնդիրների, գործատուների եւ վարձու աշխատողների հարաբերությունների, կենսաթոշակների եւ նպաստների սահմանման օրենսդրական կարգավորումը՝ ձգտելով կենսաթոշակների եւ նպաստների չափը համապատասխանեցնել կենսապահովման նվազագույն զամբյուղի պահանջներին»: Իսկ թե ինչպես է պարոն Կարապետյանը ձգտելու, որ կենսաթոշակներն ու նպաստները համահունչ լինեն սպառողական նվազագույն զամբյուղին կամ կարգավորվեն գործատուների եւ աշխատողների հարաբերությունները՝ հայտնի չէ, քանի որ ծրագրում այս մասին որեւէ խոսք չկա: Իր նախընտրական ծրագրի սոցիալական մասը Տ. Կարապետյանը շարունակում է կարգախոսներով՝ «Աղքատությունը սպառնում է ազգային անվտանգությանը, խոչընդոտում է երկրի ժողովրդավարացմանը եւ արդյունավետ ինքնակազմակերպմանը: Այն վտանգում է ազգային ավանդական, պահպանողական կառույցի՝ ընտանիքի կայունությանը, պարարտ հող է ստեղծում մեր հոգեկերտվածքին անհարիր օտար բարքերի տարածմանը, պատճառ է արտագաղթի»: Դարձյալ չկա որեւէ իրական հիմնավորում, թե նախագահ դառնալու դեպքում ինչ մեթոդների օգնությամբ է Տ. Կարապետիչն իր ժողովրդին ազատելու «դարդ ու ցավից»:

«Հայաստան՝ սոցիալական արդարության երկիր, Հայաստան՝ հավասար հնարավորությունների երկիր, Հայաստան՝ առանց արտոնյալների, Հայաստան՝ առանց մերժվածների ու լքվածների». այս կարգախոսներն է խոստանում կյանքի կոչել ու Հայաստանը սոցիալապես կայուն ու բարեկեցիկ երկիր դարձնել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա նշում է, որ կկազմվեն հատուկ ծրագրեր սոցիալական խոցելի խմբերի, մասնավորապես՝ ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամների համար, կստեղծվեն նոր աշխատատեղեր, ու կհաղթահարվի աղքատությունը: Պարոն Հարությունյանը խոստանում է նաեւ հուսալի գործընկեր լինել գյուղացու համար ու օժանդակել նրան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման եւ գյուղմթերքների վերամշակման գործում, տրամադրել վարկեր, սերմացու, թունաքիմիկատներ եւ պարարտանյութեր: Թե հատկապես պետական ինչ միջոցների հաշվին է Ա. Հարությունյանը սատարելու գյուղացուն՝ մնում է անհայտ:

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական ծրագիրը կարելի է հասկանալ միայն հատուկ վերլուծաբանների եւ փիլիսոփաների հետ «գլուխ ջարդելուց» հետո: Նրա նախընտրական ծրագիրն առաջին հայացքից հիշեցնում է հոգեբանական թեստ, որի նպատակն այդպես էլ չի բացահայտվում: Ծրագրի սկզբում նա մեջբերում է Սահմանադրության տասնյակ դրույթները, ապա իր ընտրողներին ու չընտրողներին առաջարկում «ընտրել իր համար առավել նպատակային կարգախոսը»: Անհասկանալի է նաեւ, թե Սահմանադրության դրույթներն ինչ սկզբունքով են ընտրվել՝ ըստ նշանակությա՞ն, ըստ հերթականությա՞ն, թե՞ ըստ տրամաբանության: Օրինակ՝ «յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով» դրույթին հետեւում է՝ «ՄԱՐԴԸ, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Ա. Մելիքյանն այնուհետեւ անցնում է հարցադրումներին ու պատմական էքսկուրսներին՝ «Ի՞նչ է կյանքի որակը, ի՞նչ է կառավարման համակարգը, ո՞վ է երկրի նախագահը»: Պատասխանելով այս հարցերին, պարոն Մելիքյանն իր նախընտրական ծրագիրը շարունակում է դատողություններով ու դասախոսություններով: Օրինակ, ծրագրի սոցիալական հատվածի դրույթներից մեկում Ա. Մելիքյանը կոնկրետ օրինակներով պարզաբանում է, թե ինչ է նշանակում «կենսունակություն»: «Վճարունակության ցածր աստիճան ունեցող մեր հասարակության հիմնական մասը, որպես կանոն, օգտվում է էժանագին, ցածրորակ ու վտանգավոր սննդամթերքից, ինչը, ըստ էության, արտացոլում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առկա իրավիճակը եւ բնութագրում մեր կյանքի որակը: Հենց մեր այս կյանքի որակով էլ բացահայտվում է ոչ միայն հասարակության կենսագործունեությունը եւ կենսապահովվածությունը, այլեւ որպես մի ամբողջական օրգանիզմ՝ նրա կենսունակությունը: Կենսունակությունը՝ ինչպես մարդու, այնպես էլ հասարակության սոցիալական, հոգեւոր եւ կենսաբանական ֆունկցիաները առավել արդյունավետ իրականացնելու ունակությունն է»: Խոսելով առողջապահության, բնապահպանության կամ աշխատավարձերի բարձրացման մասին, Ա. Մելիքյանն ըստ էության ոչ մի կոնկրետ առաջարկ կամ ուղիներ չի մատնանշում. «Պարտադիր է պետական ծառայողների՝ այդ թվում նաեւ առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի բարձրացումը, որը, սակայն, որպես առանձին միջոց կարող է արդյունավետ չլինել, եթե չուղեկցվի լրացուցիչ այլ միջոցառումներով»: Թե ինչ լրացուցիչ միջոցառումների մասին է խոսքը՝ ծրագրում չի հստակեցվում:

Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն իր ծրագրում նշում է, որ մեր երկրի սոցիալական բեւեռացումը տարեցտարի խորանում է, հետեւապես իրականացվող ծրագրերը պետք է լինեն իրական, ոչ թե թվացյալ իրական, «ինչպես 2008-ի բյուջեով ամրագրված թոշակների բարձրացումը, որն ինքնին դրական էր, սակայն չեզոքացվեց 2008-ի բարձր գնաճի պատճառով»: Իր նախընտրական ծրագրի սոցիալական մասում Ա. Բաղդասարյանի միակ հստակ միտքն այն է, որ նախագահ ընտրվելու դեպքում նա խոստանում է բարձրացնել նպաստները նվազագույնը 2 անգամ, մնացած բոլոր դրույթները հիմնված են զուտ տեսական մտքերի ու դատողությունների վրա: Օրինակ՝ «Սոցիալական ապահովումից սոցիալական ապահովագրության համակարգի անցնելու գործուն մեխանիզմների մշակում», «կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումների իրականացում» կամ «զբաղվածության նպատակային ծրագրի մշակում եւ աշխատուժի արտահանման միջպետական ծրագրերի իրականացում»: Ա. Բաղդասարյանը նախատեսել է թերեւս վերոնշյալ բոլոր ծրագրերի իրականացման համար կոնկրետ հիմքեր գտնել ու ուղիներ մշակել միայն նախագահ դառնալուց հետո, քանի որ նրա նախընտրական ծրագրում նշված չէ, թե «կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ ասելով» նա ինչ նկատի ունի՝ թոշակների բարձրացո՞ւմ, թոշակների տրամադրման քարտային համակա՞րգ, թե՞ մի այլ բան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել