Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների անստորագիր DVD-ին

Փետրվար 14,2008 00:00

Բացահայտվել է hերթական ջհուդամասոնական դավադրությունը

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մտահղացումը՝ ժողովրդին բաժանվող DVD-ների միջոցով ճեղքել տեղեկատվական շրջափակումը, բավականին հաջողված էր: Երեւի հենց դա էլ հիմք տվեց առաջին նախագահի հանդեպ, մեղմ ասած, ոչ բարեհաճ վերաբերմունք ունեցող, ինչպես նաեւ՝ մեր անկախության, մեր պետականության ու մեր պատմության հանդեպ խորը զզվանք տածող որոշներին թողարկել ու տարածել «Դավաճան» վերնագրով մի DVD, որն իր բառապաշարով եւ ճշմարտության հետ որեւէ առնչություն չունեցող հայտարարություններով նման է ցանկապատերի վրա գրվող անստորագիր հայհոյանքների: Այս տեսասկավառակը, որի հեղինակները բացահայտվելու խիզախություն չեն ունեցել, որպես այլասերվածության չափանիշ կարող է դասագրքային օրինակ ծառայել:

Սակայն հիմարությունը, երբ չափ ու սահման կորցնում է, զավեշտի է վերածվում: Մասնավորապես, ինչպե՞ս կարելի է առանց ծիծաղի լսել սույն սկավառակից հնչող խրոխտ ձայնը, որն ազդարարում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի իրական հայրը մի թուրք մեծահարուստ էր (եթե հիշում եք, ժամանակին Ռոբերտ Քոչարյանի մասին էլ էր նման լեգենդ պտտվում, մի տարբերությամբ, որ նրա «հայրը» ադրբեջանցի կոմունիստ էր), եւ այդ պատճառով էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը «արտաքինով նման չէ իր եղբայրներին», թուրքապաշտ է, ազերիապաշտ եւ հակահայ: Եվ որպես այս տխմարությունների ապացույց՝ մեջբերվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Տավուշում կայացած միտինգի ժամանակ ասված խոսքից, որում նա, դիմելով Ադրբեջանի սահմանամերձ այդ տարածքի բնակիչներին, հիշեցնում է, որ ժամանակին նրանք առանց թշնամության ապրել են ադրբեջանցիների հետ նույն տարածքում, եւ ավելին՝ բարեկամներ են եղել: Մեր ոչ վաղ անցյալին առնչվող այս փաստի արձանագրումը, պարզվում է, թրքապաշտության նշան է: Սակայն DVD-ի հեղինակներն ավելի հեռուն են գնում: Բավական չէ, որ նրանք մեր երկրի առաջին նախագահին «թուրքի արյուն», «դավաճանի դաստիարակություն», «ջհուդամասոնական օթյակի անդամություն» են վերագրում, դեռ սրբապղծության էլ են դիմում, ասելով, թե «1991-ին նա երդվել է ոչ թե Աստվածաշնչի, այլ հրեական թալմուդի վրա, եւ այդ պատճառով խնդիրներ է ունեցել հայ առաքելական եկեղեցու հետ»: Նման անամոթ սուտն ուղղակի խղճահարություն է առաջացնում բոլոր նրանց հանդեպ, ովքեր այս մեթոդներով փորձում են պայքարել «ընդամենը 3-4% վարկանիշ ունեցող» թեկնածուի դեմ:

Ստի եւ կեղծիքի այս տոպրակը դրանով չի սպառվում: Առաջին նախագահին են վերագրվում երբեւէ նրա կողմից չհնչած մտքեր, իսկ տխրահռչակ Խաչիկ Ստամբոլցյանը այս DVD-ում մեծարվում է որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որից հետո նրա անունից ասվում է, թե «Տեր-Պետրոսյանը օտարերկրյա գործակալ է, որը Հայաստանը ոչնչացնելու, հայաթափելու հատուկ նպատակ ուներ, եւ կամ մասոնական օթյակի անդամ է կամ պանթուրքիստների կողմից գնված»: Ճիշտ է, մինչ այդ DVD-ի անստորագիր հեղինակներն արդեն իսկ «ապացուցել» էին, որ Տեր-Պետրոսյանը ե՛ւ մասոն է, ե՛ւ թուրք գործակալ, ե՛ւ Աթաթուրքի ու Աբդուլ Համիդի գաղափարակիցը… ճիշտն ասած, զարմանում եմ՝ ինչո՞ւ մտքներով չէր անցել նրան ֆաշիստական գեստապոյի թաքնված ոստիկան կամ, ասենք, ամերիկացի աբորիգեններին ոչնչացրած կոնկիստադոր դարձնել: Այս DVD-ի տրամաբանությանը լրիվ համահունչ կլիներ նաեւ հայտարարել, որ Տեր-Պետրոսյանն անձամբ, նրա հայրը կամ պապն է 1915թ.-ին Ցեղասպանություն իրականացնելու հրամանն արձակել:

Եվ տխմարության ապարանջանի վերջին գոհարը. «հայատյաց ջհուդամասոնը», պարզվում է, դառնալով նախագահ, սկսեց կատարել մասոնական օթյակների կամքը՝ «որոշեց իրականացնել հայաթափման իր ծրագիրը, սակայն իր հաշվարկներում մի քիչ սխալվեց. պատերազմում տանուլ տալու բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան»:

Միայն մի բան եմ ափսոսում, որ այն սկավառակը, որը դիտելու դժբախտությունն ունեցա, ոչ միայն բովանդակությամբ էր ողորմելի, այլեւ՝ տեխնիկական որակով, ու այդ պատճառով կարողացա դիտել տխմարության այդ ցուցահանդեսի միայն մեկ քառորդը: Ափսո՜ս, թե չէ հազար միստր Բին ու «Կոմեդի քլաբ» արժեր, լավ ծիծաղեցի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել