Լրահոս
Օրվա լրահոսը

«ECHO»-Ն ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՃՈ ՊԱՏԿԵՐ

Փետրվար 14,2008 00:00

\"\"Փորձեր են արվում ապացուցելու, թե նախագահական ընտրությունների քարոզարշավը լուսաբանվում է հավասարակշռված:

ԶԼՄ-ների վերլուծությամբ զբաղվող «ECHO Research» միջազգային ընկերությունը փետրվարի 8-ին ներկայացրել էր իր «ԶԼՄ-ները Հայաստանում 2008՝ նախընտրական վերլուծության» տվյալները: Այդ հետազոտությունն անցկացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի պատվերով՝ այս տարվա հունվարի 21-27-ը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոբերտա Բոնացին (լուսանկարում) հայտարարել էր. «743 հոդվածների եւ հեռուստառեպորտաժների հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ կարծես անկախ են պետական ճնշումներից: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ դիտարկված ժամանակահատվածում բոլոր թեկնածուներին, այդ թվում՝ ընդդիմադիր, տրամադրվել է հավասար հեռուստաեթեր եւ արտահայտվելու, սեփական ծրագրերը ներկայացնելու հավասար հնարավորություններ: Այդ հավասարությունը, կարելի է ասել, առկա է 90%-ով»: Հետազոտությամբ նաեւ փորձել էին պարզել՝ ո՞ր թեկնածուին է ավելի շատ անդրադարձ կատարվել ԶԼՄ-ներում: Եվ պարզել էին, որ առաջին տեղում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որին բաժին է ընկել ընդհանուր լուսաբանման 23%-ը, հետո Սերժ Սարգսյանը՝ 21%, Արթուր Բաղդասարյանը՝ 11% եւ այլն:

Այս պատկերը տրամագծորեն հակադիր է այն ամենին, ինչ մինչ այժմ արձանագրել են միջազգային ու տեղական դիտորդական կազմակերպությունները: Անհավասար եւ կողմնակալ լուսաբանումից բողոքում են նաեւ նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Իսկ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին փետրվարի 13-ին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում վկայել է, որ Հայաստանի նախագահական ընտրություններում «կան, իհարկե, խնդիրներ ԶԼՄ-ների հետ, որոնց վերաբերում են թեկնածուների հիմնական բողոքները»:

Հիշեցնենք, որ Երեւանի մամուլի ակումբն անցած տարեվերջին արձանագրեց թեկնածուների «բեւեռային լուսաբանում». Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացվում է բացառապես բացասաբար, իսկ Սերժ Սարգսյանը՝ բացառապես դրական: Եվ այս դիտարկմանն արձագանքեց նաեւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը: Դրանից հետո՝ 2007-ի դեկտեմբերի 19-ին Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր, թե հարկ կլինի բանակցություններ վարել միջազգային կազմակերպություններից մեկի հետ, որ «բարձր մասնագիտական որակով լիարժեք մոնիտորինգի ենթարկվի ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանումը»:

2008-ի հունվարի 29-ին Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ, ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասել էր, թե «լուսաբանման տարբեր հնարավորությունների վերաբերյալ հարցին սպառիչ պատասխան տալու համար եվրոպական կառույցներից մեկը հրավիրվել է մոնիտորինգ անցկացնելու եւ իր տվյալները ներկայացնելու համար»: Մեր իշխանավորները չեն բացահայտել, թե այդ ում են հրավիրել դիտարկման համար, բայց, ըստ ամենայնի՝ դա հենց «ECHO Research»-ն է:

Մեր հարցին, թե արդյոք այս կազմակերպության հետազոտությամբ փորձ չի արվում հակակշռել Երեւանի մամուլի ակումբի դիտարկմանը՝ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց. «Չեմ կարող դա բացառել, քանի որ մեր իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ մտադրություն ունեն այդ կարգի մի բան անելու: Եվ այն հանգամանքը, որ հրավիրվել է, փաստորեն, կազմակերպություն, որը երբեւէ այս տարածաշրջանում այդ կարգի գործ չի արել՝ հուշում է, որ դա կարող է լինել ներսից, այսինքն՝ Հայաստանից նախաձեռնություն»:

Երեւանի մամուլի ակումբի դիտարկմանը համահունչ պատկեր էր արձանագրված նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության առաջին միջանկյալ զեկույցում: Հունվարի 11-20-ն իրականացված նրանց դիտարկումը պարզել էր, որ 7 հեռուստակայաններից 3-ն իրենց նորություններում 9 թեկնածուներին հատկացված ընդհանուր ժամանակի մեծ մասը նվիրել են Սերժ Սարգսյանին. «Ի տարբերություն բացառապես դրական եւ չեզոք լուսաբանման, որին արժանացել է Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար ներկայացվել է բացասական լույսի ներքո»:

Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի այս նախագծի հայաստանյան գործընկերը «Մեդիաբրենդ» ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանն է, որը նաեւ «Մեդիամաքս» գործակալության ղեկավարն է: Մեր հարցին, թե ինչպե՞ս են արձանագրել պատկեր, որը հակասում է թեկուզ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի վերոհիշյալ եզրակացությանը՝ Արա Թադեւոսյանը պատասխանեց. «Դիտորդական առաքելության հրապարակած առայժմ միակ միջանկյալ զեկույցը վերաբերում է մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն ընկած ժամանակահատվածին: Մենք մեկ շաբաթվա դիտարկում ենք արել եւ նյութերը տրամադրել բրիտանացիներին: Եվ իմ անձնական դիտարկմամբ, հեռուստաընկերությունների մասով՝ այդ մեկ շաբաթում եղել է հավասարակշռված լուսաբանում: Իսկ տպագիր մամուլում եղել է այնպես, ինչպես եղել է միշտ՝ այսինքն, եղել են ե՛ւ փոխադարձ մեղադրանքներ, ե՛ւ այլ՝ բազմազան նյութեր: Դիտարկման բուն գործընթացին նաեւ ինքս եմ մասնակցել, եւ իմ տպավորությունն է, որ հեռուստատեսային եւ ռադիո լուսաբանման առումով՝ այդ մեկ շաբաթն իրոք եղել է հավասարակշռված»:

Հայտնենք, սակայն, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո էլ պատկերն առանձնապես չի փոխվել: Եվ սրա մի վկայությունն էլ Սահմանադրական դատարան Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած դիմումն է՝ «ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ»: Դիմումի մեջ նշված էր, թե Հ1-ով՝ ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով «3 ամիս շարունակ ու մինչ այսօր» հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ են հեռարձակվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Եվ փետրվարի 11-ի որոշման մեջ ՍԴ-ն արձանագրել է, թե ԿԸՀ-ի, ՀՌԱՀ-ի, ինչպես նաեւ՝ ՀՀ վարչական դատարանի խնդիրն է «իրենց իրավասության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ապահովել ԶԼՄ-ների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների հստակ կատարումը: Այս հարցում ցանկացած ձեւական մոտեցում անվստահություն կարող է առաջացնել ընտրական գործընթացի նկատմամբ»:

«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը մեր զրույցի ընթացքում նշեց. «ՍԴ որոշման մեջ հստակ արտացոլված են այս անհանգստությունները՝ դատարանը միանշանակ ընդունել է, որ կա նման երեւույթ՝ ազատ խոսքի սահմանափակում, կան նման գործընթացներ՝ թեկնածուի նկատմամբ սեւ քարոզչություն: Եվ այդ ամենը հասկանալով, ու ըստ էության՝ քննելով գործը, ՍԴ-ն ճանապարհ է ցույց տվել դիմումատուներին՝ դեպի վարչական դատարան եւ այլ մարմիններին, որը նաեւ փակուղի է (վարչական դատարանն այլ ընթացակարգով է հարցերը լսում եւ չի կարող հետաձգել ընտրությունները)»: Տիգրան Տեր-Եսայանը նաեւ ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից նման հարց արծարծելը շատ կարեւորում եմ՝ ազատ խոսքի կայացման եւ ընդհանրապես՝ իրավունքների վերականգնման հետ կապված: Եվ այս հարցն այսօր չսպառվեց՝ այն ապագայում քննության առարկա է դառնալու»:

«ECHO Research»-ի վերջնական զեկույցից հետո՝ մենք էլ կանդրադառնանք այս հետազոտությանը՝ պարզելու, թե արդյոք արդարացի՞ էին մտահոգությունները, որ նրանց դիտարկման կանխորոշված նպատակն իշխանությունների կողմից նախապես ուրվագծված՝ քարոզարշավի լուսաբանման անպայման դրական պատկերն արձանագրելն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել