Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության կառավարություն ձեւավորելու ձգտումը

Փետրվար 14,2008 00:00

ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ում կուսակցությունը սատարում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, վստահ է, որ իրենց թեկնածուն ձգտելու է հաղթանակից հետո ձեւավորել վստահության կառավարություն:

– Ժամանակին դուք չէիք բացառել, որ 2008-ի նախագահական իրավիճակը կարող է կրկնել 96-ի սցենարը, հիմա, երբ ընթանում է քարոզարշավի վերջին շաբաթը, դուք շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին:

– Այո, ժամանակին ես մտահոգություն եմ արտահայտել առ այն, որ քաղաքական զարգացումները կգնան 96-ի իրադարձությունները հիշեցնող սցենարով: Ցավոք, հիմա այդ մտահոգությունները վերածվել են մտավախության: Այսօր որեւէ մեկի համար գաղտնիք չէ, եւ հիմնական դերակատարներն էլ չեն թաքցնում, որ հանուն իշխանության՝ պատրաստ են ամեն ինչի: Մեկ էական տարբերություն, այնուամենայնիվ, այսօրվա եւ 96-ի իրավիճակի միջեւ առկա է, դա այն է, որ այսօր դրդապատճառները տարբեր են: Կարծում եմ, շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ 96-ի նախագահական ընտրությունների ընթացքում ձեւավորված քաղաքական զարգացումները սերում էին 95-ի խորհրդարանական ընտրություններից, քաղաքական ճգնաժամի պատճառը պայմանավորված էր նրանով, որ ԱԺ-ում դե-ֆակտո ներկայացված ուժերի հարաբերակցությունը չէր համապատասխանում քաղաքական ուժերի իրական կշռին եւ հարաբերակցությանը: Այսօր փաստը մնում է փաստ, որ քաղաքական զարգացումների դրդապատճառները քաղաքական չեն: Դրանք 2007-ի խորհրդարանական ընտրությունների հետ աղերսներ չունեն:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Որովհետեւ, հիմնական քաղաքական ընդդիմադիր դերակատարներից միայն ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն է, որ ներկայացված է խորհրդարանում, ով, այդպիսով, փաստորեն, ընդունել է ԱԺ ընտրությունների արդյունքները: Մինչդեռ, ոմանց քաղաքական ագրեսիվ վարքագծի հիմքում ավելի շատ անձնավորված խնդիրներն են: Ի դեպ, սա որեւէ մեկը չի էլ թաքցնում: Առաջին նախագահը շատ հրապարակավ ասում է, որ իր քաղաքական հիմնական նպատակը մեկն է՝ Սերժ Սարգսյանը չընտրվի նախագահ, այսինքն՝ նրանից բացի ով ուզում է լինի: Այս դեֆորմացված դրսեւորումը մեզ ուղեկցում է 90-ականներից: Դրանից զատ, այս անթաքույց ատելության սերմանումը ղարաբաղցու նկատմամբ՝ վտանգավոր հեռանկար է խոստանում: Այստեղ չեմ տեսնում քաղաքական ռացիոնալ հատիկ: Այստեղ ես չեմ տեսնում քաղաքական դրդապատճառներ, այլ տեսնում եմ խնդիրներ, որոնք վերաբերում են անհատների փոխհարաբերություններին եւ շատ հաճախ նույնիսկ անթաքույց խոսում է վրեժխնդրության, ռեւանշի եւ այլնի մասին, որոնք, համաձայնեք, քաղաքական կատեգորիաներ չեն: Բայց մտահոգիչ է ոչ միայն սա, այլեւ այն, որ այս ամենի արդյունքում հանրությունը չի շահելու: Մտահոգիչ է նաեւ այն, որ այս ամենը ժողովրդավարության մեջ մեզ առաջ չի տանելու: Հիշեք՝ արդյո՞ք 96-ի իրադարձությունների արդյունքում ժողովրդավարական ավանդույթ ձեւավորելու տեսակետից առաջխաղացում ենք արձանագրել: Ամենեւին, ընդհակառակը, այդ զարգացումների հետեւանքը եղավ Լիսաբոնը եւ փուլ առ փուլը: Սա է իրողությունը:

– Ելքեր կարծես չեք տեսնում:

– Իհարկե տեսնում եմ, կարծում եմ՝ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը պետք է պատրաստ լինեն հաշտվել նորմալ ընտրությամբ ցանկացած արդյունքի հետ: Մենք ձեզ հետ միասին խոսում ենք այն մասին, որ եթե ընտրությունների արդյունքները կողմերից որեւէ մեկի սրտով չեղան, ինչպիսի զարգացումներ են հնարավոր, ես սա եմ կանխատեսում, վտանգը սրանում եմ տեսնում:

 Հ. Գ. Պարոն Հարությունյանն ասաց նաեւ, որ ինքը որեւէ պաշտոնի ձգտում չունի եւ զբաղված է կոսակցության ամրացմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել