Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

Փետրվար 14,2008 00:00

\"\"ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ծննդյան օրն անցկացրեց թալինցիների եւ փարպեցիների հետ հանդիպումներով:

«Երկու թեկնածու կա, որոնց ես երբեք սատար չեմ կանգնի. մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, մյուսը՝ Սերժ Սարգսյանը: Մնացած բոլորի հետ մենք կարող ենք միավորվել»,- երեկ Թալինում եւ Փարպիում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Այսօր, իսկապես, խորհրդանշական օր է. 1988 թվականի փետրվարի 13-ից սկսվեց ղարաբաղյան շարժումը՝ Ստեփանակերտից: Ես միշտ կարոտով հիշում եմ այն ժամանակը, երբ մենք ամբողջ ժողովրդով համախմբված էինք՝ եւ ազգային հարցերն էինք միասին լուծում, եւ փորձում էինք, որպեսզի ազատություն ու արդարություն տիրի մեր երկրում: Հասա՞նք էդ նպատակին. էս ի՞նչ երկիր է. ո՞նց ենք դիմանում այս երկրին: Լրիվ զոռբայություն, լրիվ թալան: Ու ինձ ասում են՝ թեկնածուներով միավորվեք: Թեկնածուներով միավորվելը ո՞րն է. ժողովրդով միավորվեք: Քսան տարվա ընթացքում բոլորը ձեր աչքի առաջ անցել են. չե՞ք իմանում՝ ով է ծախվել, ով է ձեր կաշին քերթել, ով է կոտրվել… Ինչ թեկնածուներ էլ ուզում են միավորվեն, եթե ժողովուրդը միասնական նպատակ չունի՝ թե ինչի է ուզում հասնել, ոչ մի բան էլ չի լինի».- հայտարարեց պարոն Մանուկյանը եւ քաղաքական ու քաղաքացիական ակտիվության կոչ անելով՝ խոստացավ, որ ինքը կպայքարի իրեն վստահված քվեների համար: Իր նախագահ դառնալու պարագայում խոստացավ, որ «երկրում կլինի օրինականություն՝ մինչեւ վերջ. իշխողը կլինի օրենքը: Նայեք իմ քսան տարվա կենսագրությունը. ե՞րբ ես այդպիսին չեմ եղել՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ»: Թալինցիներին թեկնածուն տվեց նաեւ թոշակների, աշխատավարձերի բարձրացման, գյուղատնտեսության, տնտեսության, գիտության զարգացման խոստումներ՝ հավաստիացնելով, որ դրանց կատարման եղանակներն առկա են իր նախընտրական ծրագրում, եւ ասաց, որ ինքը միշտ կատարում է իր տված խոստումները: «Դուք պիտի որոշեք՝ ում եք ձայն տալիս, բայց մի թույլ տվեք ձեզ խաբել. ասում են՝ տես, այս ինչ վատ իշխանություն է, ավելի վատի միջոցով եկեք այն փոխենք»,- ակնարկելով Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասաց Վազգեն Մանուկյանը եւ պատկերավոր համեմատություն արեց. «Եթե ճանճը նստում է ճակատիդ՝ մուրճով խփում ես ճանճի՞ն»:

Անդրադառնալով ազգային ժողովրդավարական ուժերի միավորմանն էլ, փաստեց, որ անցած քսան տարիների ընթացքում թեեւ «իրար հետ խռովել ենք, վիճել ենք, բայց ոչ մեկս մյուսիս չենք ծախել»: Եվ Թալինում, եւ Փարպիում Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչու չի հետեւում Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին եւ չի միանում Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Բայց ինչո՞ւ միանամ, եթե Ղարաբաղի հարցի մասին մեկը մի բան է ասում, մյուսը՝ այլ, ազատությունների մասին մեկը մի բան է ասում, իսկ մյուսի արածը մենք տեսել ենք, ես չեմ ողջունում այդպիսի միավորումները: Ժողովուրդը պիտի հստակ իմանա՝ ինչ է ուզում, եւ համախմբվի այն մարդկանց շուրջը, ովքեր նույն բանն են ուզում, ու առաջ գնան: Թե չէ՝ անընդհատ ձեզ կխաբեն, թե ձայնը տվեք սրան, որովհետեւ հաղթող է: Թե չէ՝ այս պայմաններում ոչ ոք էլ չի հաղթի, եթե նույն սկզբունքի, բարոյականության, անցած ուղու մարդիկ չհամախմբվեն»:

ԱԺՄ առաջնորդը կոչ արեց մաքրել այս տարիների ընթացքում բոլորիս մեջ կուտակված կեղտը եւ, չջլատելով ուժերը, համախմբվել իր շուրջ ու առաջ գնալ, որովհետեւ հաղթանակի հնարավորություն պարոն Մանուկյանը տեսնում է: Նա կարծում է, որ այսօր աշխարհում հայերի համար զարգանալու լավագույն հնարավորությունն է եւ չարժե «զոռբայությանը» զարկ տալով՝ կորցնել դա: Արեգա անունով տարեց մի կին էլ իր հերթին փորձեց սեփական մեղադրանքները ներկայացնել Վազգեն Մանուկյանին. «Որ դուք չեք միանում, ժողովուրդն ի՞նչ անի: Վարկաբեկում եք իրար, ինչ ասես՝ խոսում եք, ինչ ասես՝ անում եք, էս խեղճ ժողովուրդն ի՞նչ մեղավոր ա»:

Վազգեն Մանուկյանը մնում է այն համոզման, որ ընտրությունները երկու փուլով են ընթանալու, եւ կարծում է, որ եթե ժողովուրդը թույլ չտա կեղծիքներ կատարել՝ իշխանությունը չի հաղթի: «Միակ բանը, որ ինձ քաղաքականության մեջ պահում է եւ թույլ չի տալիս գնալ փափուկ կյանքով ապրել, այն է, որ ես ձեզ սիրում եմ: Մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ ես ձեզ եմ սիրել, դուք՝ ինձ: Ում ուզում եք՝ քվեարկեք. դրանից իմ սերը ձեր նկատմամբ չի փոխվում: Քվեարկեք, պատասխանատու եղեք Հայաստանի ապագայի համար: Բայց վերջում, որ ցուցակը գրվի, թե ով քանի տոկոս է ստացել, հիշեք, որ դա ոչ միայն թեկնածուների, այլեւ ժողովրդի գնահատականն էլ է»,- ասաց նա՝ խորհուրդ տալով չհավատալ եւ չվստահել ժողովրդի գրպանները մտած «ջիպավորներին»:

Վազգեն Մանուկյանի թալինցի համախոհներից մեկն էլ յուրօրինակ առաջարկ արեց. «Ընտրությունների հաջորդ օրը գնանք եկեղեցու դուռը փակենք, թող էդ մագաղաթը չկարողանան տանել, որ վրան երդվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել