Նրանք սատարում են վարչապետին՝ ելնելով գիտական հետազոտություններից
«Թեքեյան» կենտրոնում «Հայաստանի քաղաքական եւ տնտեսական հնարավոր զարգացումները 2008 թ. նախագահական ընտրություններից հետո» թեմայով երեկվա քննարկումը կազմակերպվել էր «Ազգային գիտակցություն» հիմնադրամի կողմից, որը միավորում է գիտնականների, դասախոսների: Ինչպես եւ սպասվում էր, երեկ հայտարարվեց, որ «Ազգային գիտակցությունը» փետրվարի 19-ին սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մելիքսեթյանն ասաց, որ իրենք այս որոշումը կայացնելիս նախ եւ առաջ առաջնորդվել են քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական եւ սոցիալ-հոգեբանական քննարկումների ու իրենց կողմից անցկացրած հետազոտությունների արդյունքներով: Նա հայտարարեց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ներքաղաքական կայուն առաջընթացի ապահովման լիարժեք երաշխավորը իրենց համար հանդիսանում է միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Զեկույցներով հանդես եկան քաղաքագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, որոնք տարբեր ասպեկտներով գովեցին ՀՀԿ առաջնորդին: Քննարկվեցին ՀՀ զարգացման հնարավոր սցենարները, հետընտրական զարգացումները, երիտասարդ սերնդի լիարժեք ձեւավորումը, պետականության կերտման հեռանկարները, աղքատության հաղթահարման խնդիրները, ՀՀ ներքաղաքական իրավիճակը, Սփյուռքի գործոնը Հայաստանի զարգացման գործընթացում եւ այլն:
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արթուր Մկրտչյանի կարծիքով, ընտրությունների երկրորդ փուլը չի բացառվում, թեեւ, ըստ նրա, առաջին փուլում հաղթելու համապատասխան ներուժ ունի միայն ներկայիս վարչապետ Ս. Սարգսյանը. «Մեր հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Սերժ Սարգսյանը ցանկացած թեկնածուի հետ երկրորդ փուլում հայտնվելու դեպքում էլ կհաղթի»: Ա. Մկրտչյանը հավաստիացրեց, որ ընտրազանգվածի վարքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակն է հրաժարվել այն պարզ պատկերացումներից, թե իբր որեւէ քաղաքական գործիչ կարող է կամայականորեն տնօրինել իր օգտին տրվող ձայների քանակը. «Քաղաքական առաջնորդի եւ ընտրազանգվածի կապը միանշանակ չէ: Սա այն դեպքն է, երբ հնարավոր միավորումների դեպքում մեկ գումարած մեկ պարտադիր չէ, որ լինի երկուս: Երբեմն լինում է մեկուկես, երբեմն՝ երեք: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է հասկանանք այն հնարավոր զարգացումները, որոնք կլինեն փետրվարի 20-ից հետո: Կարծում եմ, բոլոր թեկնածուներն էլ գիտակցում են, որ ընտրությունների առաջին փուլով ավարտվելն ավելի հավանական է, չնայած մյուս կողմից էլ երկրորդ փուլին բոլոր թեկնածուներն էլ կողմ են, որովհետեւ ցանկանում են երկրորդ փուլի հաշվին քաղաքական բանակցությունների մեջ մտնել ու դիվիդենդներ շահել: Օրինակ, եթե երկրորդ փուլում Սերժ Սարգսյանի հետ հայտնվի Վահան Հովհաննիսյանը, բնականաբար, հետընտրական միավորումներ հնարավոր չի լինի, իսկ եթե Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հետ հայտնվի երկրորդ փուլում, հնարավոր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը միանա Արթուր Բաղդասարյանին: Կարծում եմ՝ ոչ մի քաղաքական գործիչ չի կարող իր ընտրազանգվածին դեմ գնալ, միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ դա կլինի տվյալ քաղաքական առաջնորդի կարիերայի վերջը»: Հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Աղուզումցյան էլ փաստեց, թե յուրաքանչյուր ընտրություն ստեղծում է լարվածություն. «Կարեւորը կայունությունն է, եթե այն չլինի բարոյահոգեբանական՝ դրական դաշտ էլ չի լինի»:
Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի խոսքերով էլ, միայն Ս. Սարգսյանի հաղթանակի դեպքում է հնարավոր Հայաստանի ներքին-արտաքին քաղաքական շարունակությունը. «Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում տեղի կունենա ներկայումս իրականացվող քաղաքականության շարունակություն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու դեպքում՝ լուրջ տեղաշարժեր են սպասվում արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, սակայն դժվարանում եմ ասել՝ այդ փոփոխությունները դրակա՞ն կլինեն, թե՞ բացասական»: