Կմնա համագործակցության անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավը շարունակվում է: Մինչ քվեարկության օրը մնացել են հաշված օրեր: Զանգվածային լրատվամիջոցներն իրենց հիմնական ուշադրությունը դարձնում են, փաստորեն, միայն այդ իրադարձության վրա: Զարմանալի չէ, այս նախընտրական քարոզարշավն անցնում է շատ սուր եւ լարված մթնոլորտում: Հնչում են ամենատարբեր կարծիքներ ինչպես նախընտրական պայքարի, այնպես էլ թեկնածուներից յուրաքանչյուրի մասին: Ընդ որում, կարծիքները ոչ միայն կտրուկ են, տհաճ, այլեւ հաճախ էթիկայի բոլոր նորմերն անցնող:
«Դե-Ֆակտո» լրատվական-վերլուծական գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ եւ խնդրել նրան պատասխանել փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքի վերաբերյալ մի քանի հարցերի:
– Պարոն Ղուկասյան, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ՀՀ նախագահի ներկա ընտրություններին: Չեմ թաքցնում, մեր ընթերցողներին հետաքրքիր է Ձեզ նման պետական գործչի, որն ունի Լեռնային Ղարաբաղում նախագահական եւ խորհրդարանական՝ միջազգային դիտորդների կողմից դրական գնահատականի արժանացած ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մեծ փորձ, կարծիքը Հայաստանի քաղաքական կյանքում այս մեծ իրադարձության վերաբերյալ: Կասկած չկա, որ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 10 տարի ղեկավարած մարդ, որպես հայ, Դուք, բնականաբար, չեք կարող անտարբեր մնալ եւ առաջիկա ընտրություններից չունենալ համապատասխան սպասելիքներ:
– Այս ընտրությունները չափազանց կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Բոլորս ենք գիտակցում ե՛ւ առկա արտաքին ճնշումների, ե՛ւ սպառնալիքների չեզոքացման հրամայականը, եւ երկու հայկական պետությունների զարգացման որակական նոր փուլ մտնելու անհրաժեշտությունը։ Յուրաքանչյուր արցախցու մեծագույն ցանկությունն է տեսնել ուժեղ եւ ազդեցիկ Հայաստանի Հանրապետություն։ Իսկ ուժեղ եւ ազդեցիկ Հայաստանի Հանրապետության գրավականն է մի կողմից՝ քաղաքական ուժերի առողջ մրցակցությունը, որը ժամանակակից ժողովրդավար պետության կայացման հիմքն է, եւ մյուս կողմից՝ ընդհանուր, համազգային խնդիրների շուրջ քաղաքական ուժերի միասնականությունը եւ համագործակցությունը։ Ժամանակի հրամայական պահանջն է որակական փոփոխությունների իրականացումը՝ խուսափելով ցնցումներից։ Ցանկալի է, որպեսզի ՀՀ նախագահի թեկնածուները եւ նրանց սատարող ուժերը չանցնեն ներքաղաքական պայքարի այն շեմը, որը կհանգեցնի ապակայունացման: Նախընտրական լարվածությունը անցնելու է, մնալու է համագործակցության անհրաժեշտությունը:
– ՀՀ նախագահի թեկնածուներից որի՞ն կտա յիք Ձեր նախապատվությունը:
– Ես չեմ ցանկանում այս կամ այն թեկնածուի օգտին քարոզչություն իրականացնել: Ճիշտ ընտրություն կատարելը ՀՀ քաղաքացիների խնդիրն է:
– Իսկ եթե Դուք լինեիք ՀՀ քաղաքացի, այդ դեպքում ո՞ւմ կընտրեիք:
– Թեկնածուների մեջ կան հայոց պետականության կայացման գործում լուրջ անձնական ներդրում ունեցող դեմքեր: Եթե լինեի ՀՀ քաղաքացի, ապա նախապատվությունս միանշանակ կտայի Սերժ Սարգսյանին: Վստահ եմ, որ իբրեւ պետական եւ քաղաքական գործիչ, նա ունի անհրաժեշտ բոլոր որակները հայաստանյան հասարակությունը միավորելու եւ առկա ներուժը հայոց պետականության ամրապնդմանն ու համազգային օրակարգում առկա բոլոր հիմնախնդիրների լուծմանն առաջնորդելու համար: