Վազգեն Մանուկյանի ծննդյան օրվա առթիվ
Ինտրիգների ու թամաշայի ասպարեզ է ստեղծվում բոլոր ընտրարշավների ժամանակ, եւ հարայ-հրոցի, վառվռուն խոստումների, մոլորյալ ու պատիր իրարանցումում ինտելիգենտ անձը կարող է անտեսվել:
Չի կարելի այդպես:
1988֊ը դարձավ հայության նոր պատմաշրջանի մեկնարկային ուժավորման սկզբնակետը: Սկսվեց մի նոր հուն՝ լի իր դժվարություններով՝ կանխատեսելի ու անսպասելի, ծայր առավ մի ուղի՝ ազգայինի- անանձնական գիտակցականության, սխրանքի, տոկունության ու անձնազոհության բարձրակետերով: Դա եղավ նաեւ մի նոր ընթացք, որից խոտորվողներ ու ճողոպրողներ եղան։:
Հիշենք: 1988-ի բազմահազարանոց միտինգներին վերջապես զգացինք մեր ազգային ուժը, ոչ թե մշակութային արժեքը, ոչ թե պատմության եզակիորեն ողբերգական ցնցումները, ոչ թե…, ոչ թե…, այլ ուժը, չնայած այդտեղ էինք լցվել պատմական արդարության պահանջով ու ազգային ցավից: Վայելելով ժողովրդի՝ «ամբոխի» միավոր-կաթիլ լինելու բերկրանքը՝ մենք գնահատեցինք մեր Ազգային միասնությունը, Ժողովրդական ուժը, Շատության ուժը, Հավաքականությունը:
Ալիքվում էր բազմությունը. լսում էր հուզառատ ու արդարատենչ բողոքը, մեր բոլորի ձայնը, մեր բոլորի խոսքը:
Բայց ահա ֊ շարադրությունանման, էմոցիոնալ ելույթներին հանկարծ հետեւեց ամրաձայն, հստակ մի խոսք: Եվ … լայնացավ մեր տեսադաշտը, խորացավ խնդիրը, ծառացավ անելիքը։ Լցվեցինք իմացությամբ, լրջացանք ներքնապես, զգաստացանք անելիք քայլերով:
Վազգեն Մանուկյանն էր խոսում՝ հպարտ ու արժանապատիվ իր հայությամբ եւ նույնը մեզ ներշնչող: Մեր առջեւ էր հայ իրականության համար մի նոր անձ-երեւույթ – փայլուն վերլուծաբան, խնդիրները ներկայացնող եւ դրանց լուծումները քննարկող ու առաջարկող:
Ես հպարտ էի նրանով: Այդ օրվանից ինձ համար Վազգեն Մանուկյանը դարձավ առանձնահատուկ կերպար, հենակետ մեր արդի ազգային կյանքում, բացառիկ հեղինակություն, որովհետեւ նա լուսավորում է միտքդ, հուսավառում հոգիդ, ստեղծում հենարան ու նպատակ ազգօգուտ կյանքի, նոր երթի ու ընթացքի համար: Նա եզակի է իր ժողովրդի, երկրի հանդեպ վերաբերմունքով, ինչը դրսեւորվում է ոչ թե քամիանման ելույթներով ու ճառային ինքնահիացումով, այլ կոնկրետորեն, կենսատու գործով, գործունեությամբ:
Արդեն հետո հայտնի դարձան Վազգեն Մանուկյանի կերպարը բնութագրող այլ փաստեր էլ: Նա ոչ միայն ընտիր դասախոս է եղել, այլեւ իր ուսանողներին տարել է հայրենիքի տարբեր վայրերը ճանաչողական արշավների: Գիշերով, ընկերների հետ, Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությունը ստանալուց հետո, Նախիջեւանից, որտեղ թափանցելը չափազանց դժվար էր, Միջնադարի գեղեցկագույն ու նշանավոր խաչքար է փրկել ու բերել Սուրբ Էջմիածին: Հայաստանում, ընկերների հետ, նախաձեռնել ու հիմնադրել է մշակութային ընկերություն: Թուրքիայի դեսպանատան առաջ կազմակերպել է ցույց՝ Ցեղասպանության ճանաչման պահանջով:
Դրվագներ բազում՝ հիշված, չհիշված, պատմված, չպատմված։ Կենսագրական այս տվյալներից յուրաքանչյուրը պատիվ կբերեր ամեն հայի, չհաշված, որ անդադար ի ցույց կդրվեր ներկայացվելու համար։
Նախաձեռնող ու անհանգիստ, անվախ ու հաստատուն, երազող ու կամային, իրատես ու նպատակասլաց, – օլիմպիական ահա այսպիսի բնավորությամբ, – նա անընդհատ արահետներ է բացել, ուղիներ է փնտրել ազգային, – ընթացիկ կամ հեռանկարային,- այս կամ այն խնդիրը լուծելու համար: Իր գործունեության հիմքում եւ վերջնակետում Վազգեն Մանուկյանն ունի մի ուղենիշային լույս, գերագույն նպատակ. Հայաստանը դարձնել լիարյուն պետություն:
Վազգեն Մանուկյանը հայրենիքի ու գործի եզակի նվիրյալ է: Չհասկանալ կամ չգնահատել այս ահռելի օժտվածությունը, նախանձել կամ մերժել այդ անքինախնդիր էությունը, դավաճանել կամ ուրանալ նրա արածը՝ պղծություն է ու մեղք: Շրջանցել Վազգեն Մանուկյանին (օգտվելով նրա քաղաքացիական շրջահայացությունից ու հայրենանվիրությունից) եւ ազգային խնդիրները լուծելու հաշվին (փառքի մարմաջով) առաջ գնալ՝ անբարոյականություն է: Հազարապատիկ չար ու անբարո է նա, ով գողանալով, ուրանալով է առաջ գնում, առավել եւս, երբ ազգի ներկան ու ապագան են վտանգվում:
Վազգեն Մանուկյանը Հայրենիքին նվիրաբերած իր երկու 20- ամյակում էլ մշտապես մի դրոշով է ընթացել՝ Բարոյականություն֊Արդարություն-Գործ նշանաբաններով եւ երբեք չի գայթակղվել անհարիր, մոլորեցնող մտքերով կամ խայծերով: Անհամեմատելի է (ոչ հակառակ) նա բոլոր առումներով՝ բարոյական է, անշահախնդիր է, բացառիկորեն լայնախոհ է: Հանրագումարում՝ մասշտաբային ղեկավար է: Նա գործիչ է՝ տեսական գիտելիքներով եւ ազգային կոնկրետ առաջադրանքի պրակտիկ նրբագույն լուծումներով:
Միշտ արժեւորելով մարդկային գործոնը, միշտ պատշաճորեն գնահատելով մասնագետներին, աչքի առաջ ունենալով գլխավորը՝ ստրատեգիան, տեսնելով տակտիկական խնդիրը, Վազգեն Մանուկյանը հասել է առավելագույն արդյունքի: Հայոց պաշտպանական գործը ղեկավարելով, նա հիմքը դրեց իրական բանակի: Զորքերի աննախադեպ նահանջից հետո, երբ համապատասխան նախարարի պաշտոնը հատուկ հրապարակային խնդրանքով հանձնվեց Վազգեն Մանուկյանին, պաշտպանության ու ազատագրման գործը նույնքան աննախադեպ առաջընթաց ունեցավ, ռմբակոծումների ներքո կծկված մեր հողերը նորից շնչեցին, բանակը, ռազմական հանգուցային գործողությունների շնորհիվ, մի քանի ուղղություններով աներեւակայելի առաջխաղացումներով ազատագրեց պատմական տարածքներ:
Ինձ համար առանձնապես կարեւոր է նաեւ մեր կրտսեր, անմոռաց ընկերոջը, մի զարմանալի պատանու առնչվող այս փաստը: Նյուվադին ազատագրելը Վազգեն Մանուկյանը համարել է տուրք Կարեն Ավետիսյանի՝ 20- ամյա արեւավառ զինվորի եւ մյուս զոհերի հիշատակին, որի շիրիմին (եւ էլի շատ ընկերների ու ազատամարտիկների վերջին հանգստարանին) նա պարբերաբար այցելել է (եւ՝ իհարկե, ոչ ի ցույց ընտրազանգվածի կամ հեռուստատեսային ռեպորտաժի ու հոլովակի համար):
Վերջերս այս կամ այն խավի եւ շատ լրջմիտ ու մտահոգ մարդիկ այն հարցին, թե ում եմ տալու ձայնս նախագահական ընտրություններում, ստանալով «Վազգեն Մանուկյանին» պատասխանը, պատասխանիս ի արձագանք՝ զարմանքով ասել են.
– Վազգենը ինչի՞ մեջտեղում չի: Պե՛տք է լինի Վազգենը: Նա ազգին պետք է:
Պետք է, շատ է պետք:
Վազգեն Մանուկյանը՝ իր հայրենիքի զորական մտավորականը առանձնանում է ոչ թե «նետի մեծությամբ, այլ նշանի ահագնությամբ»: Նա վերլուծում է ոչ միայն անցյալը, ինչը անում են հետադարձ հայացքով համարյա բոլոր քննադատները: Նա վերլուծում է ոչ միայն ներկան, մանրամասնելով ու համակարգելով ամեն ինչ՝ որպես հմտագույն ստրատեգ, այլեւ ի հայտ է բերում անելիքը, դնում է խնդիրը եւ գծում ուղին՝ որպես ուսուցանող ու նվիրյալ գործիչ: Նա երբեք կամակատար կամ գործիք չի կարող լինել այս կամ այն ուժի կամ երկրի ձեռքին, ծառայել է միայն իր ժողովրդին՝ ի շահ ազգային բարձրագույն ու առկա նպատակների իրագործման եւ հանուն համամարդկային արժեքների:
Հիշում եմ. Գ. Ստարովոյտովան, «Ղարաբաղ» կոմիտեի տրոհման եւ Վազգեն Մանուկյանի վարչապետական հրաժարականի ժամանակները Երեւանում գտնվելով, ասաց, որ եվրոպական ուզած ազգ ու երկիր կերազեր Վազգեն Մանուկյանի նման «ՐցսպՉՏռ» ունենալ:
Կերազեր։ Իսկ մենք ունենք Վազգեն Մանուկյան: Մնում է, որ դա գիտակցենք ու գնահատենք գործնականորեն:
Հ. Գ. «Առավոտը» միանում է բոլոր ջերմ շնորհավորանքներին եւ լավագույն ցանկություններին: