Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացու 7-ը՝ ՀՀԿ շտա՞բ

Փետրվար 13,2008 00:00

Հանրապետականները պետբյուջեի հաշվին քվենե՞ր են ապահովում

Մոտ 3 ամիս է, քաղաքացիների՝ վարչապետին ուղղված դիմումների մեծ մասն ընդունվում է Խորենացու 7 հասցեում: Թե ինչու է կառավարությունը նամակների ընդունման նոր «կետ» բացել, թերեւս, ակնհայտ է. հաշվի առնելով, որ տարին նախընտրական է, վարչապետին՝ քաղաքացիների ուղղած դիմումները մեծ թիվ են կազմում: Եվ քանի որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նաեւ նախագահի թեկնածու է, ուստի բնակիչները նրան դիմում են՝ աղբի, գազի, վերելակի, բնակարանի, հողի հարցերից սկսած մինչեւ դրամական օգնություն ստանալու համար: Քաղաքացիները մեծ հույսեր ունեն, որ իրենց հարցերը գոնե այս ամիսներին արձագանք կունենան, քանի որ վարչապետը ակնկալելով իրենց քվեները, խնդիրներին քիչ թե շատ լուծում կտա: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան չկա, որ կառավարությունը որոշել է մարդկանց ժամերով չսպասեցնելու, հերթերից ազատելու եւ նրանց դիմումներին օպերատիվ պատասխանելու համար աշխատանքային լրացուցիչ խումբ ստեղծել: Սակայն այն փաստը, որ վարչապետը որոշել է հենց այս շրջանում գրասենյակ բացել, խոսում է այն մասին, որ ցանկացած հարցին կառավարության կողմից լուծում տալը՝ հանրապետական թեկնածուի վարկանիշը կբարձրացնի: Փաստորեն, ստացվում է, որ վարչապետը պետական միջոցների հաշվին իրեն ձայներ է ապահովում:

Նշենք, որ պարոն Սարգսյանի պաշտոնավարման տասը ամիսների ընթացքում վարչապետը քաղաքացիներից 30 հազար դիմում է ստացել, որից մոտ 9 հազարը՝ միայն վերջին 2 ամիսների ընթացքում: Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ օրական 200 մարդ է իրենց դիմում:

Մեր այն դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ այս գրասենյակն էլ նախընտրական «շտաբ» է, Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Արմեն Աբելյանն ասաց. «Գրասենյակը բացվել է կառավարության որոշման համաձայն: Պատճառը միայն տարածքային պայմաններն էին: Կառավարության շենքում հնարավոր չէր մարդկանց նման հոսքն ընդունել: Մենք պարբերաբար զեկույց էինք ներկայացնում վարչապետին նամակների քանակի եւ ընթացքի մասին, քննարկման արդյունքում որոշվեց, որ նոր տարածք է անհրաժեշտ: Իսկ ովքեր կարծում են, որ սա էլ նախընտրական շտաբ է, դա պարզապես վարչապետի քաղաքական օպոնենտների շահարկումն է: Մենք ինչպես աշխատել ենք ընտրություններից առաջ, այնպես էլ հիմա ենք աշխատում, ոչինչ չի փոխվել»:

Կառավարության աշխատակազմի անդամ Մարգարիտա Ազարյանի հավաստմամբ էլ, այս շրջանում քաղաքացիների դիմումների աննախադեպ հոսքը ոչ թե ընտրությունների, այլ պարզապես «անձի հետ է կապված». «Ես երկար տարիների փորձ ունեմ այս բնագավառում եւ այնպիսի տպավորություն ունեմ, որ հայերի մոտ դա կապված է անձի հետ, դիմում են անձին, ոչ թե պաշտոնյային: Վստահեցնում եմ ձեզ, մի պահ այս հոսքը ավելացել էր, երբ վարչապետը Վազգեն Սարգսյանն էր: Այդ ժամանակ գրեթե զրոյական էր նամակների ուղղվածությունը Ազգային ժողով, քիչ էին նաեւ նախագահականին ուղղվածները: Անգամ Անդրանիկ Մարգարյանի ժամանակ այսքան շատ չէր նամակների քանակը»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է ընտրություններից հետո նամակների ընդունման գրասենյակը փակվի, քանի որ չի բացառվում, որ դիմումների քանակը կնվազի, Ա. Աբելյանը պատասխանեց. «Եթե ընդունենք, որ դիմումների քանակը Սերժ Սարգսյան անձով է պայմանավորված, ապա եթե պարոն Սարգսյանը դառնա նախագահ, այդ դեպքում գուցե այս դիմումներն ուղղվեն նախագահի աշխատակազմին: Ես չեմ կարող կանխատեսել, գուցե եւ հետագայում նամակների հոսքը կառավարություն՝ պակասի»: Տիկին Ազարյանի կարծիքով էլ՝ դիմումների քանակը նվազելու դեպքում բոլորովին իմաստ չունի կառավարության շենքից այդքան հեռու նամակներ ընդունել:

Մեր հարցին, թե երբ բնակիչները Ս. Սարգսյանին քարոզարշավի ընթացքում են նամակ փոխանցում, այդ դեպքում ո՞վ է դրանով զբաղվում, աշխատակազմից պարզաբանեցին. «Այն նամակները, որոնք ուղղված են նախագահի թեկնածուին, անպայման փոխանցվում է շտաբ, իսկ որոնք հասցեագրված են ՀՀ վարչապետին՝ մեզ են տալիս»:

Նկատենք, որ շատ քաղաքացիներ, որոնք այս կամ այն հարցով դիմում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որի մի օրինակն էլ տրամադրում են մեր թերթին, հիմնականում նշված է լինում՝ ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Իսկ կառավարության եւ ՀՀԿ շտաբի պատասխանատուները այս դեպքում ինչպես են կողմնորոշվում, թե նամակն ով պետք է ուսումնասիրի՝ պարզ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել