Ոչ բոլոր նախկին պաշտոնյաներն են սովի մատնված
Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ քննադատելով ներկայիս իշխանություններին, այսպես հիշեց իր ղեկավարման տարիների քաղաքային իշխանավորներին. «Նրանք եղել են քաղաքապետ, քաղաքապետարանի բաժինների վարիչներ, բայց այսօր նրանք ձեր նման ընչազուրկ, չքավոր, գործազուրկ մարդիկ են: Հիմա նրանց համեմատեք իրենցից հետո եկած իշխանավորների հետ»: Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը Վանաձորում բուռն քննարկման առարկա է դարձել: Հետեւելով առաջին նախագահի խորհրդին, վանաձորցիները համեմատելով ներկայիս եւ նախկին քաղաքապետերին ու քաղաքապետարանի աշխատակիցներին՝ վստահեցնում են, որ իրականում նրանց միջեւ, ըստ էության, որեւէ տարբերություն չկա: Այն, որ ներկայիս քաղաքապետն ու իր աշխատակազմը չքավոր եւ գործազուրկ չեն, դրանում ոչ մի կասկած չկա, քաղաքապետն ինքն էլ չի հերքում, որ մի քանի բիզնես ունի: Բայց նախկիններն էլ պակասը չեն: Կարելի է ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախկին ՀՀՇ-ական քաղաքապետին ներկայացնելով գործազուրկ ու չքավոր, պարզապես տեղյակ չէ, թե իր նախագահության տարիներին հեռավոր մարզի քաղաքապետը, իր աչքից հեռու, ինչեր է հասցրել ձեռք բերել:
Նախ, եթե նույնիսկ քաղաքապետին մի կողմ թողնենք, նախկին պաշտոնյաներն այսօր բոլորովին էլ գործազուրկ չեն մնացել, ամեն մեկը մի լավ պաշտոն ունի: Օրինակ, թիվ 2 հիվանդանոցի ներկայիս գլխավոր բժիշկ Կարեն Ադամյանը նախկին ՀՀՇ-ական է, նա բավականին բարձր եկամուտներ ունի ու հաստատ չքավոր չէ, մարզպետարանի կրթության վարչության բաժնի վարիչ Մայիս Խաչատրյանը նույնպես նախկին ՀՀՇ-ական է: ՀՀՇ-ական նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը նույնպես գործազուրկ չէ: Նա աշխատում է, Տեր-Պետրոսյանի ձեւակերպմամբ՝ «ավազակապետության» ղեկավար Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, շրջում է ծառայողական ավտոմեքենայով եւ չնայած այս ամենին, հենց շեֆի «քթի տակ», գաղտնի սատարում է Տեր-Պետրոսյանին:
Որպեսզի ՀՀ առաջին նախագահի «սրտին դարդ չլինի», որ իր ղեկավարման տարիների քաղաքապետն այսօր չքավոր եւ գործազուրկ է՝ մի փոքր տեղեկություն հրապարակենք նրա ունեցվածքի մասին:
Անդրանիկ Հարությունյանը, ի տարբերություն Լոռու մարզպետարանի եւ քաղաքապետարանի իր որոշ նախկին գործընկերների, ովքեր, իրոք, գաղափարի նվիրյալներ էին, բավականին հեռատես գտնվեց եւ շուտ ընկալեց նոր հասարակարգի բիզնեսի հոգեբանությունը: Վանաձորում գործարանների եւ պետական կառույցների մասնավորեցման գործընթացն սկսելուն պես, ՀՀՇ-ական քաղաքապետը որոշ ընկերությունների բաժնետեր դարձավ՝ ձեւակերպումներն անելով իր մերձավորների, եղբայրների, ընկերների անուն-ազգանուններով։ Այսպես, 1996-ին նա դարձավ Տաքացուցիչների գործարանի 22 տոկոս բաժնետերը՝ այդ ամենը ձեւակերպելով իր կնոջ բարեկամ Սուրիկ Մկրտչյանի եւ այլ՝ ոչ այնքան մոտ հարազատների անուններով։ Նրա եղբայրը՝ Աշոտ Մելիքյանը, դարձավ նախկին ԽՍՀՄ արդյունաբերական հսկա «Ավտոգենմաշ» գործարանի բաժնետերը, եւ մինչ օրս այնտեղ փոխտնօրեն է: Ի դեպ, նշենք, որ նախկին քաղաքապետի եղբայրներն ինչ-ինչ պատճառներով կրում են տարբեր ազգանուններ, այնպես որ՝ դա թյուրիմացության մեջ կարող է գցել:
Աշոտ Մելիքյանին է պատկանում նաեւ «Ավտոգենմաշ» գործարանին կից բենզալցակայանը: Նա բաժնետեր է նաեւ Վանաձորի «Բեկո» էլեկտրատեխնիկայի խանութում: Իսկ եթե այս ամենը դեռ չի վկայում, որ Ա. Հարությունյանը կարող է լինել իսկապես աղքատ ու չքավոր՝ նշենք, որ նա իր քաղաքապետության տարիներին վերջին զանգի առիթով մի «համեստ» նվեր մատուցեց իր շրջանավարտ որդուն՝ 34 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա նվիրելով նրան: Թեեւ երկար ժամանակ նրանք անհարմար էին զգում ավտոտնակից հանել այդ մեքենան, քանի որ այդ ժամանակ Վանաձորում մարդիկ սահնակներով փայտ էին կրում՝ տները տաքացնելու համար եւ հաստատ մեքենան բուռն քննարկումների տեղիք կտար Վանաձորում: Այդ տարիների «աշխատանքի» քաղցր արդյունքն է նաեւ Լենինգրադյան փողոցում գտնվող նախկին քաղաքապետի հսկայական առանձնատունը: Անդրանիկ Հարությունյանին է պատկանում Տարոն 4-ի 47 M քոթեջը: Նախկին քաղաքապետի ընտանիքը հսկայական լողափնյա հողատարածք ունի նաեւ Սեւանի ափին, եւ միայն այդ հողատարածքից ամռան սեզոնին Լ. Տեր-Պետրոսյանի մատնանշած «չքավորը» հսկայական գումարներ է ստանում:
Սրանք նախկին քաղաքապետի ունեցվածքի միայն մի փոքրիկ մասն են կազմում։ Ա. Հարությունյանը նաեւ մի քանի նման «աղքատ» օբյեկտներ էլ ունի մայրաքաղաքում: