Քաղաքական իրավիճակն այսպես է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը
«Զարգացումները բացասական են, եւ փոխադարձ մերժողականությունը կառուցողական չէ: Ես գտնում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի, այսպես ասած, ուժային լծակներին տիրապետող ուժերը բանակցեն միմյանց հետ ուղղակիորեն, ոչ թե մամուլի միջոցով հայտարարություններ փոխանակեն, մեկը մյուսի աչքի վրայի ունքը տեսնի… Նրանց վրա է դրված հիմնական պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար»,- երեկ ի հակադրություն մինչ օրս դրսեւորած հանդարտ կեցվածքի՝ նման հայտարարություն արեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, քար նետելով ընտրապայքարի հիմնական ֆավորիտներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի բոստանը: Արման Մելիքյանը գտնում է, որ ստեղծված լարված բարոյահոգեբանական մթնոլորտի մեղմումը եւս կախված է այս երկու ուժերից, միաժամանակ փաստելով, որ նրանք միմյանցից նաեւ վախենում են, ինչը ծնում է նոր ագրեսիա. «Մեզ համար դա ինքնասպանություն է, եւ մենք պետք է դրանից հնարավորինս մեզ հեռացնենք՝ բոլորս միասին»: Այնքան էլ չվստահելով քաղաքական ուժերի խոհեմությանը, թեկնածուն հիմնական հույսը կապում է քաղաքացիների հետ ու կարծում է, որ այս ընտրություններում ավելի որոշիչ կլինի այն ընտրազանգվածի ձայնը, որը չի մասնակցում ոչ փողոցային երթերին, ոչ էլ իշխանական քարոզչությանը: Ելնելով այս իրավիճակից, Արման Մելիքյանը փոփոխություններ է մտցրել իր նախընտրական մարտավարությունում: Եթե սկզբում դա չէր ենթադրում տեղամասերում վստահված անձանց կամ թեկնածուի կողմից դիտորդների ներկայություն, ապա այժմ նա հայտարարում է. «Ես պատրաստ եմ ընդունել այլ թեկնածուների առաջարկած անձանց եւ ներկայացնել իբրեւ իմ վստահված անձինք տեղամասերում՝ նրանց համապատասխան մանդատներ տալով: Կարծում եմ, դա փոխվստահության մթնոլորտի ազդեցություն կունենա: Այն քաղաքական ուժերը, որոնք կարծում են լրացուցիչ վստահված անձերի կարիք կլինի, կարող են նամակով դիմել մեր շտաբին՝ կից ներկայացնելով անձերի ցուցակը»:
Արման Մելիքյանը տեղեկացրեց նաեւ, որ վերջին շրջանում իր հետ հեռուստաէկրանին այս կամ այն առիթով երեւացած մարդկանց նկատմամբ բարոյական եւ հոգեբանական ճնշումներ են սկսվել: Թեեւ թեկնածուն իրավիճակը չսրելու նկատառումից ելնելով անուններ չհրապարակեց, սակայն, «Առավոտի» ունեցած տեղեկություններով, խոսքը «Փախստականների միջազգային իրավունք» ցանցի անդամ հ/կ-ների ներկայացուցիչների մասին է, ովքեր Արման Մելիքյանի կողքին են հայտնվել այն պարզ պատճառով, որ վերջինիս կենտրոնական շտաբը հանդիսանում է «Փախստականների միջազգային իրավունք» ցանցի երեւանյան գրասենյակը: Ճնշողի ֆունկցիան իր վրա է վերցրել Սերժ Սարգսյանին սատարող ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը: «Քաղաքական առումով իրենց անհեռատեսությամբ աչքի ընկած եւ սապոնը որպես քաղաքական կատեգորիա որդեգրած անձանց ես ցանկանում եմ տեղեկացնել, որ ոչ մի հ/կ ինձ չի սատարում եւ ես դեմ եմ նման սատարումներին: Այդ մարդիկ ոչ մի առնչություն չունեն իմ քարոզարշավի հետ: Վերջ տվեք նրանց անտեղի անհանգստացնելուն: Դա աշխատում է ձեր թեկնածուների դեմ: Չի կարելի մարդկանց վախեցնելով՝ արդյունք ակնկալել»,- հայտարարեց թեկնածուն:
Ի դեպ, երեկ նախագահի թեկնածուն հանդիպել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Քննարկվել է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի վերականգնման հարցը: Որոշվել է այն վեց ամսով հետաձգել, որպեսզի վերջերս գործողության մեջ մտած երկքաղաքացիության մասին օրենքի բոլոր բացթողումներին «փաթեթային» լուծում տրվի: