Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՊԱՇԻՆԻՉ ՆՊԱՏԱԿԸ ՏԱՐԲԵՐԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ»

Փետրվար 13,2008 00:00

Սուրեն Զոլյանը վստահ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձգտում է լարված իրավիճակի ստեղծման

– Թեկնածուներին հաջողվո՞ւմ է պահպանել սառնասրտությունը եւ տեղավորվել քաղաքակիրթ քարոզարշավի շրջանակներում:

– Մարտավարությունն արդեն պարզ է: Ցավալի է, որ Հայաստանում, սկսած 95 թվականից, ընտրվել է ընտրությունների բախումային մոդելը, այսինքն՝ ոչ թե համագործակցելու, այլ հակամարտության մոդելը, այդպես եղել է նաեւ 2003-ի թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ցավոք, այս նախագահական ընտրությունները գերազանցում են նախորդ բոլոր ընտրությունները՝ ի սկզբանե որդեգրած հակամարտությամբ, որը, անկասկած, առաջ գալիս է Լեւոն Տեր-Պետրոսյանի կեցվածքից: Պայմանականորեն, մենք կարող ենք թեկնածուներին բաժանել մի քանի խմբերի: Թեկնածուներից երեքի համար մասնակցությունը գործընթացին ինքնաբավ պրոցես է, եւ այս առումով իրենք իրենց բոլոր խնդիրները լուծել են՝ գրանցվելով որպես նախագահի թեկնածու, որովհետեւ, ոչ մի շանս չունենալով նախագահ դառնալ, այդպիսով իրենց կամ իրենց կազմակերպությունների որոշակի գովազդային կամպանիան են իրականացնում: Կարելի է ասել՝ նրանք իրենց նպատակին արդեն հասել են: Թեկնածուների մյուս խումբը մոտավորապես 4 թեկնածուներ են, որոնք հավակնում են 2-րդ տեղին: Նվազագույնը նրանք ուզում են լինել 2-րդ տեղում եւ առավելագույնը՝ դուրս գալ երկրորդ փուլ: Պարզ երեւում է, որ իշխանության թեկնածուն արդեն ապահովել է առաջին տեղն այս փուլում, եւ հիմա իր խնդիրն առաջին փուլով հաղթելն է: Կա եւս մեկ թեկնածու, որը կարծես դուրս է նախընտրական գործընթացներից, որովհետեւ ի սկզբանե ընտրել է այլ ռազմավարություն, եւ այս թեկնածուին ոչ թե ընտրության արդյունքներն են հետաքրքրում, այլ՝ համապատասխան ընտրազանգվածին մոբիլիզացնելը: Վերջինիս կողմնակիցները չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական անելիքը լինելու է փետրվարի 19-ից հետո: Այդ կազմակերպված ընտրազանգվածը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որը հղի կլինի որոշակի բարդություններով եւ կարող է նաեւ այլ զարգացումների բերել: Չեմ ուզում անկարգություն բառը գործածել, բայց պարզ է, որ այդ ամենը բերելու է ապակայունացման եւ կազմաքանդման: Տեսնում ենք, որ այդ ուժերի նպատակը ոչ թե որոշակի ձայներ հավաքելն է, այլ՝ կազմաքանդելը:

– Դուք նկարագրեցիք թեկնածուներին եւ նրանցից յուրաքանչյուրի շահն ու ակնկալիքը, այնուամենայնիվ, ընտրությունները կամ ավարտվում են մեկ փուլով, կամ լինում է նաեւ երկրորդ փուլ: Ըստ ձեզ՝ ստեղծված իրավիճակը դեպի ուր է տանում՝ միայն մե՞կ փուլ, թե՞ կլինեն այլ զարգացումներ:

– Մենք կարող ենք ասել, որ առաջատարը Սերժ Սարգսյանն է, որը շատ մոտ է մեկ փուլով հաղթանակի ապահովմանը: Այնուամենայնիվ, դա միշտ էլ լուրջ պրոբլեմ է, որովհետեւ կա 8 թեկնածու, եւ յուրաքանչյուրն էլ ինչ-ինչ տոկոսներ կվերցնի, այսինքն՝ ստացվում է, որ բոլոր 8-ն էլ, ուզած կամ չուզած, աշխատում են առաջատարի դեմ: Այս իրավիճակում պետք է շատ մեծ ներուժ եւ ամրության պաշար ունենալ մեկ փուլով հաղթելու համար: Մյուս կողմից, այդ հնարավորությունը առաջատար թեկնածուն ունի, որովհետեւ ցանկացած հասարակական հարցում ցույց է տալիս, որ առաջին փուլով նրա հաղթելու շանսերը բավական մեծ են: Այս հակամարտության տրամաբանությունը կարծես ասում է, որ կա մեկ հիմնական թեկնածու, որի դեմ պետք է միավորվեին բոլոր մյուս թեկնածուները, եւ սա կարծես առաջին փուլի մարտավարությունն է, բայց տեսանք, որ նման միավորումներ չեղան: Եթե լինի երկրորդ փուլ, այն բոլորովին այլ խնդիրների առջեւ է կանգնեցնելու, եւ ես չեմ բացառում, որ երկրորդ տեղի այսօրվա հավակնորդները կկանգնեն առաջատարի կողքին, որովհետեւ ավելի շատ ընդհանրություն եմ տեսնում, ասենք, Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյանի, քան Վահան Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի միջեւ:

– Հայտնի է, որ դուք բավականին ակտիվ էիք Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ինչպե՞ս եք գնահատում նրա մարտավարությունն այսօր:

– Շատ վտանգավոր եմ համարում: Իր քաղաքական գործունեության մեջ միշտ էլ եղել է այդ մարտավարությունը՝ սրել իրավիճակը, գնալ սադրանքների, եւ այս անգամ եւս վտանգավոր միտումներ կարող են լինել, որովհետեւ այդ մարտավարությունը թույլատրվածի եզրին է, մի փոքր եւս, եւ այն հնարավոր չի լինի կանխել, իսկ դա բերում է անմեղ զոհերի: Այդպես եղել է 88-ի Մասիսի դեպքերի ժամանակ, այդպես եղել է 88-ի օդանավակայանի դեպքերի ժամանակ, վերջիվերջո՝ նույն թվականի մայիսին կայարանի ողբերգական դեպքերը: Ինքը լավ գիտի, որ անմեղ զոհերի արյունը զանգվածին մոբիլիզացնելու շատ հզոր միջոց է, ես շատ վտանգավոր եմ համարում այսպիսի գործելակերպը, որովհետեւ այս պահին անկանխատեսելի քայլեր հնարավոր եմ համարում թե՛ իր կողմնակիցների, թե՛ իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանից հետո հակամարտությունը բերելու է նոր եւ նոր զոհերի: Պետք է այս ապաշինիչ գործողությունները տարբերել նախընտրական ծրագրերից: Նախընտրական քարոզարշավը, իհարկե, բազմաթիվ թերություններ կարող է ունենալ, բայց սրանք ընտրական ոլորտում են եւ նախատեսում են ինչ-ինչ գործընթացներ՝ քվեարկություն, մոնիտորինգ, գուցե՝ դատական ատյաններ, Սահմանադրական դատարան, այսինքն՝ հնարավոր է լարվածություն, բայց այդ ընթացքը չի վտանգի մեր հասարակության շահերը, մինչդեռ վերը նշված սցենարի դեպքում կարծես նախկին նախագահը գերադասում է հենց այդ մոդելը, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ թե՛ իրավապահ մարմինների, թե՛ աջակիցների կողմից, որովհետեւ Տեր-Պետրոսյանը ի վիճակի չէ նման գործողությունների ժամանակ վերահսկել իր կողմնակիցների գործողությունները: Կարծում եմ, լայն զանգվածներին ակտիվացնելը, ինչին գնում է նախկին նախագահը, շատ վտանգավոր կարող է լինել, դա կլինի այն «ջինը», որին հետո շշի մեջ տեղավորելը գրեթե անհնարին կլինի: Տեսնում ենք, որ իր կողմնակիցները այսօրվա «Հանրապետություն» կուսակցության անդամներն են, որոնք միշտ էլ գործել են քաղաքական շրջանակներից դուրս: Հիշենք 95 թվականի այն սադրանքը, երբ նրա օգտին նույն ուժերը հարձակում գործեցին խաղաղ երթի վրա, նկատի ունեմ խորհրդարանական ընտրությունները, երբ Օպերայի հրապարակում արդեն կրակոցներ հնչեցին, եւ դա փորձեցին վերագրել Աշոտ Նավասարդյանին, թեպետ նա ոչ մի դերակատարություն չուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել