Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻ, ՏԵ՞Ր ԵՍ

Փետրվար 13,2008 00:00

\"\"Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգությունը» տվեց իր իսկ առաջադրած հարցի պատասխանը՝ նախընտրելով Տեր-Պետրոսյանին:

Փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերվա ժամը 1-ին ավարտված բավական բուռն ու երկարատեւ նիստից հետո «Ժառանգություն» կուսակցության 9 հոգանոց վարչությունը վերջապես որոշել է, թե ում են սատարելու փետրվարի 19-ի ընտրություններում: Որոշումը կայացվել է ձայների պարզ մեծամասնությամբ, բայց թե հատկապես ի՞նչ համամասնությամբ, վարչության ո՞ր անդամներն են դեմ ու կողմ եղել՝ հնարավոր չեղավ պարզել:

Մասնավորապես «կարեւորելով երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուն ուղղված ցանկացած հնարավորության օգտագործման անհրաժեշտությունը»՝ «Ժառանգությունն» ընտրողներին հորդորել է, որ տեղի չտան որեւէ ճնշման ու չվաճառեն սեփական ձայնը, թույլ չտան կեղծումներ եւ հնարավոր այլ ընտրախախտումներ, վերահսկեն արդյունքների արդարացի արձանագրումը եւ հրապարակումը: Կուսակցությունը նաեւ որոշել է իր բոլոր անդամներին ու համակիրներին, «2007թ. խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» բազմահազար ընտրողներին եւ իր շիտակ ձայնը լսելու պատրաստ բոլոր քաղաքացիներին ուղղել հետեւյալ կողմնորոշիչ կոչը. պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին»:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց. «Այո, մենք հայտարարել էինք, որ առավել ցանկալին 4 ուժերի միավորումն է, որի դեպքում իշխանափոխությունը Հայաստանում կդառնա անկասելի եւ անվիճելի փաստ: Բանակցային գործընթացը չավարտվեց ցանկալի արդյունքներով: Այս քայլը եւս մենք համարում ենք դաշտի առավել ընդգրկուն, հարվածային զանգված ստանալուն միտված քայլ: Բանակցությունները դադարեցված չեն, եւ համարում ենք, որ այս քայլով «Ժառանգություն»-ը կարող է նաեւ խթանել գործընթացը՝ ձեւավորելու այնպիսի ընդդիմադիր ալիք, որն ի զորու կլինի կատարել այն փոփոխությունները, որոնք մենք համարում ենք անհրաժեշտ Հայաստանում»: Նշելով հիմնական փաստարկը Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու որոշման օգտին՝ պրն Խաչատրյանն ասաց. «Հասարակության մեջ առավել մեծ արձագանք ստացած թեկնածուն նա է: Դա պարզորոշ երեւում է նաեւ հանրահավաքների բազմաքանակությունից: Այդ փաստարկն ունեցավ լուրջ ազդեցություն վերջնական քվեարկության առումով»:

Արձագանքելով «Առավոտի» դիտարկմանը, թե որոշումն ընդունելիս փաստորեն հաշվի չի առնվել նաեւ այն, որ չի կատարվել «Ժառանգության» առաջադրած պայմաններից եւս մեկը՝ իրենց առաջադրած հարցաշարին պատասխանելը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Քանի որ, ըստ էության, որեւէ մեկը չի պատասխանել հարցաշարին, եւ 3 պատասխանները եղել են ընդհանրական բնույթի՝ դա չէր կարող մեզ համար հիմք հանդիսանալ որեւէ որոշում չկայացնելու, միայն այն պատճառով, որ որեւէ մեկը բովանդակային պատասխան չի տվել»: Վարդան Խաչատրյանը հայտնեց, թե մտադիր են եւս մեկ անգամ՝ «Ժառանգության» վարչությամբ հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին, պարզաբանելու նրա մոտեցումները, մասնավորապես՝ ԼՂ խնդրի եւ «հաղթանակի դեպքում՝ ապագա իշխանության ձեւավորման մանրակերտի» վերաբերյալ:

«Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանն անցած տարվա սեպտեմբերին «Առավոտին» ասել էր, թե «այսօրվա իշխանություններն իրավահաջորդն են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ամեն առումով: Նրանց միջեւ որեւէ տարբերություն չկա. ես չեմ տեսնում»: Երեկ մեր հարցին, թե ինչպե՞ս է ուրեմն ինքը քվեարկել փետրվարի 11-ին, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Շատ կարեւոր չէ, թե ես ինչպես եմ քվեարկել: Բայց ես կողմնակից եմ բոլոր տեսակի համակարգային փոփոխությունների հնարավորություններն օգտագործելու: Մենք պիտի օգտագործենք. հակառակ դեպքում՝ մեր խիղճը մաքուր չի լինի մեր հասարակության առջեւ»:

«Ժառանգություն» խմբակցության անկուսակցական անդամ Լարիսա Ալավերդյանը եւս ժամանակին հայտնել էր, թե նման դիրքորոշմանը դեմ է լինելու՝ որպես քաղաքացի. «Չեմ համաձայնելու, որ այդ նույն համակարգը վերադառնա: Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ մի նոր գաղափար, պլատֆորմա չի բերում: Նա չի բերում նոր տնտեսական դոկտրին, չի բերում նոր անվտանգության դոկտրին, զարգացման, չկա էդպիսի բան: Մենք արդեն դա անցել ենք»: Լարիսա Ալավերդյանը երեկ մեզ ասաց. «Պնդում եմ իմ դիրքորոշումը: Ու չեմ գտնում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայիս թիմն իր ծրագրային հայտարարություններով համակարգային փոփոխությունների ինչ-որ ապագա ունի: Եվ կյանքը դա ցույց կտա»:

Հ. Գ. Ի դեպ, երեկ պարզվեց, որ որոշ ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերն էլի անցել են ՀՀԿ-ին: Վարդան Խաչատրյանը պարզաբանեց. «Դրանք այն տեղերն են, որոնք չենք կարողացել լրացնել: Իսկ թափուր տեղերը, գործող կարգի համաձայն՝ լրացվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Այդպիսի տեղեր եղել են, բայց՝ քիչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել