Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Փետրվար 12,2008 00:00

\"\"Վարդան Խոջայանի փայլուն հաղթանակը \"\"

Մոսկվայում ավարտվեց Շախմատի «Moscow Open» միջազգային բաց առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 1200-ից ավելի շախմատիստներ:

Հայաստանն այդ հեղինակավոր մրցաշար գործուղել էր քսան շախմատիստի եւ ավելի շատ սպասելիքներ ուներ ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող մեր օլիմպիակամ չեմպիոններից: Առավել եւս, որ այնտեղ ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգմամբ 2700 միավորով առաջատարը գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն էր: Սակայն նա այս անգամ 303 մասնակիցների մեջ, որոնցից մեկ երրորդը գրոսմայստերներ էին, ինը տուրում վաստակեց ընդամենը 5,5 միավոր եւ գրավեց 63-րդ տեղը: Իսկ լավագույն արդյունքը ցույց տվեց Կարեն Ասրյանը: Նա իր անվան դիմաց գրանցեց 6,0 միավոր՝ այս խմբի մրցաշարի հաղթող ճանաչված ռուսաստանցի Արտյոմ Տիմոֆեեւին զիջելով 1,5 միավորով:

Ի տարբերություն մեր հեղինակավոր շախմատիստների, որոնք գրավեցին իրենց ոչ սազական տեղեր, արժե նշել երիտասարդներին, որոնցից երկուսը՝ Դավիթ Քալաշյանը եւ Հրանտ Մելքումյանը 5,5-ական միավորով տեղ գրավեցին առաջին հարյուրի մեջ (80-րդ եւ 81-րդ տեղեր):

«Moscow Open»-ի կանանց մրցաշարը հաջող անցկացրեց Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, որը 136 մասնակիցների մեջ զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը (6,5 միավոր՝ 9 հնարավորից):

Բայց այն, ինչ Ռուսաստանի մայրաքաղաքում արեց տղամարդկանց «B» խմբի մրցաշարին մասնակցած Վարդան Խոջայանը, գուցե ինքն էլ չէր պատկերացնում: Նա պայքարն սկսեց հաղթանակներով, եւ այդպես շարունակելով մինչեւ վերջ, միայն եզրափակիչ խաղում միավորը բաժանեց նույնպես իրեն գերազանց դրսեւորած հայաստանցի Տիգրան Գասպարյանի հետ, եւ ընդամենը կես միավորի կորստով հռչակվեց «Moscow Open»-ի հաղթող: Իսկ 7,5 միավոր վաստակած Տիգրանը միայն լրացուցիչ հաշվարկով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ «բրոնզը» զիջելով նույն արդյունքը ցույց տված ռուսաստանցի Սերգեյ Կորոշչենկոյին:

Հաջող կարելի է գնահատել նաեւ այս խմբի մրցաշարին մասնակցած Վահագն Խաչատրյանի, Արթուր Ղարագյոզյանի, Վարդան Մելքոնյանի, Դմիտրի Հարությունյանի, Առնոլդ Սիմոնյանի եւ Սարգիս Սարգսյանի մրցելույթները, որոնք 415 մասնակիցների մեջ տեղ զբաղեցրին լավագույն հարյուրյակում:

Ավետիք Գրիգորյանը երկրորդ տեղում

Ուրմիայում (Իրան) ավարտվեց շախմատի եւս մի ավանդական միջազգային մրցաշար՝ «Fajr Open»-ը, որտեղ հանդես էին գալիս հիմնականում տարածաշրջանի 247 լավագույն շախմատիստներ:

Շվեյցարական մրցակարգով (11 տուր) կազմակերպված այս մրցաշարի հաղթող դարձավ իրանցի Հաեմ Մեհեմին՝ 9,5 միավոր: Նրանից ընդամենը կես միավոր պակաս վաստակեց Հայաստանը ներկայացնող Ավետիք Գրիգորյանը:

Կմասնակցեն

«Aeroflot open»-ին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ մեր հանրապետության մի շարք շախմատիստներ հանդես են գալու վաղը Մոսկվայում մեկնարկող «Aeroflot Open» վեցերորդ ավանդական միջազգային մրցաշարին: Այն բաղկացած է 9 տուրից՝ կազմված շվեյցարական մրցակարգով անցկացվող չորս մրցաշարերից: Ընդհանուր մրցանակային ֆոնդը $200 հազար է:

Մոսկվայում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են.

«A1» խումբ. Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Տիգրան Քոթանջյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան, Արման Փաշիկյան:

«A2» խումբ. Զավեն Անդրիասյան, Լեւոն Բաբուջյան, Հրանտ Մելքումյան, Դավիթ Պետրոսյան:

«B» խումբ. Տիգրան Գասպարյան, Դավիթ Գեւորգյան, Յուրի Համբարձումյան, Դմիտրի Հարությունյան, Աղասի Ինանց, Դավիթ Քալաշյան, Վարդան Մելքոնյան, Սամվել Տեր-Սահակյան:

«C» խումբ. Արմեն Անտինյան, Վահե Բաղդասարյան, Վարդան Խոջայան, Խաչատուր Մեսրոպյան, Առնոլդ Մինասյան, Սարգիս Սարգսյան, Տիգրան Սիմոնյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել