Հրապարակախոսն անդրադառնում է իր հրապարակմանը
Անկեղծ ասած, տասնյակ տարի ես մամուլում որեւէ էական գործ չէի տպել, ու այս հնարավորությունն ինձ համար նաեւ ուժերի ռեաբիլիտացիա էր, վերահաստատվելու փորձ՝ լրագրողական դաշտում իմ տեղը վերագտնելու հույսով: Դատելով արձագանքներից, կարծես թե հաջողվել է: Խորապես շնորհակալ եմ ձեզանից, որ ընձեռեցիք ինձ այդ հնարավորությունը: Ուրեմն մշակութային համատարած այս գորշության մեջ օազիսներ դեռ կան ու, այնուամենայնիվ, դեռ կարելի է շարունակել ապրել:
Ինձ փոխանցեցին, որ Վազգեն Մանուկյանը դժգոհել ու անհեթեթություն է որակել իմ նյութը:
Ես մեծ հարգանք ունեմ Հայոց համազգային շարժման Հայաստանի ղեկավարի հանդեպ, եւ այդ մասին մանրամասնել եմ իմ գրքի համապատասխան գլուխներում: Մեր ազատագրական պայքարի պատմությունն արձանագրող որեւէ մեկը, ցանկության դեպքում անգամ, չի կարող անտեսել նրա անանձնական նվիրումն ու մեծ դերակատարությունը Արցախի ազատագրության ծանր հաղթանակի մեջ՝ համազգային շարժման ու պատերազմի տարիներին: Ավելին, լրագրողի իմ նվաստ կարծիքը բացելով ասեմ, որ թաքուն հույս ունեի, թե նախագահական այս ընտրություններում ՀՀՇ-ն կմիավորվի Վազգեն Մանուկյանի ու Դաշնակցության հետ, քանի որ հիմնադիր Նախագահին զորակից այդ դաշինքը մեզ Հաղթանակ է պարգեւել: Հայրենիքի ընդհանուր շահի շուրջ, իշխանության տարբեր թեւերում այդ երեք հզորների ներկայությունը, վստահ եմ, կծաղկեցներ մեր երկիրը: Ավաղ:
Ես հիմա էլ համոզված եմ, որ հայն ուրիշ կուսակցություն չունի, բացի Փրկության գաղափարի կուսակցությունից: Սա ես չեմ հնարել, պատմության Մեծ դասերն են ուսուցանում: Ու ողջ ուժերը կմիավորի այդ գաղափարի շուրջ, երբ կորուստն այլեւս անդառնալի կլինի: Սա էլ մեր պատմության ընթացքն է ցույց տվել: Մինչդեռ վերահաս կորստի վտանգն արդեն մեր տան շեմին է, երբ ընտրությունների նախօրեին հյուսիսի արնաբաժան արքաներն են մեկիկ-մեկիկ գալիս՝ մեծ եղբոր իրավունքով խրատելու մեր անտիրական հանրապետության բարգավաճող տերերին ու ցուցադրելու իրենց սեփականության անվիճելի իրավունքը՝ գերության խորը կապանքներին հանձնված մեր երկրում:
Ուր լեշ կա՝ այնտեղ են հավաքվում ագռավները: Ո՞վ է ասել:
Ուրեմն դեռ սնապարծ են մեր մղումները, անձնավորված, որ չենք տեսնում սրբազան արհավիրքի իրական սարսափները, ինչից փախչում է խելամիտ աշխարհը: Ուրեմն՝ Ազատության հին շեփորի երախից հնչող մարտահրավերները, մեր հորդորներն ու խնդրանքները դեռ թույլ են ու խախուտ:
Սպասել է պետք: Միավորում չի լինի:
Իմ անանուն նամակագրին, ով «Պրավդայի» պատվերով գրություն է որակել նյութս, ասեմ, որ նույն կերպ, 1989-ից սկսած, ինձնից նեղանում էին ՀՀՇ-ից իմ հարազատ ընկերները, երբ գրում էի այս նույն ցավերի դեմ: Երբ ՀՀՇ-ի ղեկավարության թեթեւ ձեռքով Համազգային պայքարի մեր ուղղաբերձ հավատքը ճաք տվեց, բաժանվեց յուրայինների եւ օտարների: Այն ժամանակ նույնիսկ հեռուստացույցով ելույթ ունեցան իմ դեմ ու ասացին, որ ես կուրորեն չեմ ուզում տեսնել գալիք պայծառ ապագան ու պաշտպանում եմ կոմունիստներին՝ ի դեմս ԽՍՀՄ ԳԽ հայ պատգամավորների, ովքեր թիկունքից կտրված մահապարտների պես, չխնայելով կյանք ու ստացվածք, օրնիբուն արյան կռիվ էին մղում Կրեմլի նենգ ու հարափոփոխ քաղաքականության դեմ՝ ի նպաստ Արցախյան հարցի խաղաղ կարգավորման:
Եվ Արցախի ինքնորոշման խնդիրը, Հայաստանի ԽՍՀՄ պատգամավորական խմբի ջանքերով, Ազատության հրապարակից տեղափոխվեց ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվա, այնտեղից բազում լեզուներով սփռվեց աշխարհով մեկ ու ստացավ միջազգային հնչեղություն: Նրանց բացած արահետով միայն նորանկախ Հայաստանի իշխանությունները արեւմուտքի քաղաքակիրթ ատյաններում հարցը հետապնդում են առ այսօր՝ անցնելով դժոխքի նույն քավարանով, ինչի համար այնպես ձաղկում ու նսեմացնում էին մեր պատգամավորներին: Իրականում, սակայն, դույզն-ինչ տեղից չշարժելով իրենց նախորդների չարքաշ եռանդով ու պատերազմի զարհուրելի կորուստներով ձեռք բերված Ղարաբաղի անկախության նվաճումի իրավական ճանաչումը:
Պատգամավորական ու պետական աշխատանքի հարուստ փորձ ունեցող այդ անհատներից մեծ մասի եռանդը մեր երկրին պետք չեկավ ու նրանք համալրեցին երիտասարդ թոշակառուների շարքը:
Անցյալ ու ներկա իշխանություններն իրենց ես-ի սեւ կուռքերը միայնակ չեն կերտել: Մենք օգնել ենք, մենք մասնակցել ենք այդ սեւ շինարարությանը: Ինչպես հիմա է:
Ես իմ հերոսներին չեմ բաժանել լա վերի ու վատերի: Ես բոլորին սիրում եմ հավասարապես, քանի որ Ժամանակի դատի առաջ՝ մեր արածի ու չարածի համար պատասխանատու ենք ամենս:
Այս էր ասածիս պատգամը: