Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈԲԼԻ ԾՐԱԳԻՐ

Փետրվար 12,2008 00:00

Կեղծիքը եւ իրականությունը

Հայաստանի նախագահական ընտրություններում շարունակվում են կեղծ բացահայտումների միջոցով հասարակական կարծիքի խեղաթյուրման, հանրությանը մոլորության մեջ գցելու, իրականությանը չհամապատասխանող ու անտրամաբանական պնդումները առաջ մղելու փորձերը:

Ընդդիմադիր որոշ շրջանակների նմանօրինակ ռազմավարության թարմ վկայությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքին, իսկ մինչ այդ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված Գոբլի ծրագրի, «հոկտեմբերի 27»-ի եւ ներկայիս իշխանությունների կապի մասին հայտարարություններն են:

Մեր ընդդիմախոսների քարոզչական մարտավարությունը պարզից էլ պարզ է: Այդ միջոցով փորձ արվեց կրկին խաղարկել Ազգային հերոսների մահը, մեղադրել «ներկաներին» հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ եւ, միաժամանակ, շեղելով պարտվողական եւ դավաճանական քաղաքականության մեղադրանքները դեպի ներկայիս իշխանություններ, փորձել ծածկել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պլատֆորմի աքիլլեսյան գարշապարը՝ այն է, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ոչ հայանպաստ տարբերակների կողմնակից լինելը:

Ու թեպետ «Գոբլի նախագիծ» կոչվածը մասամբ պահպանվել է մեր հիշողության մեջ, սակայն, կարծում եմ, արժե թարմացնել այդ ծրագրին եւ նրա շրջանառությանը վերաբերող որոշ մանրամասներ:

Եվ այսպես: Տարածքային փոխանակումների միջոցով ղարաբաղյան խնդրի լուծման մտահղացումը առաջինը հայտնել է ակադեմիկոս Ա. Սախարովը դեռ 1989 թվականին: Մեծ քաղաքականության մեջ այդ նախագիծը շրջանառության մեջ է դրել ամերիկացի վերլուծաբան, քաղաքագետ Պոլ Գոբլը, որն ամերիկյան վերլուծական հանրույթում հայտնի է որպես կոնֆլիկտային գոտիներում սահմանների փոփոխության կողմնակից (բացի Ղարաբաղից, նա ժամանակին նմանատիպ նախագծեր է առաջարկել նաեւ Չեչնիայի, Աբխազիայի եւ այլ թեժ կետերի համար):

Իրականում գոյություն է ունեցել Գոբլի՝ ԼՂՀ խնդրին վերաբերող երկու նախագիծ:

Առաջինը ի հայտ է եկել 1992 թվականի հունվարին եւ հրապարակվել է նույն տարվա հուլիսին: Ըստ Գոբլի, ԼՂՀ խնդիրը կարելի էր հանգուցալուծել՝ փոխանակելով Հայաստանի Հանրապետության Մեղրիի շրջանը ԼՂՀ տարածքի եւ Լաչինի միջանցքի հետ, վերացնելով հայ-իրանական սահմանը: Այս տարբերակի լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքների մասին շատ է խոսվել: Ավելացնեմ միայն, որ Գոբլի առաջին նախագիծը հավանության էր արժանացել Ջորջ Բուշ-ավագի վարչակազմի կողմից: Փաստորեն, այս նախագիծն է ընկած օրերս «ՀԺ»-ում հրապարակված տեքստի հիմքում:

1996 թվականին ի հայտ եկավ Պոլ Գոբլի երկրորդ նախագիծը, որի սկզբունքային տարբերությունը առաջինից կայանում էր հայ-իրանական սահմանի պահպանման մեջ՝ ի հաշիվ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող, Թուրքիային եւ Իրանին սահմանակից Սադարակի փոխանցմանը Հայաստանին: Ինչպես խոստովանել էր հեղինակը, իր առաջին նախագծում նա հաշվի չէր առել Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահման ունենալու կարեւորությունը եւ Գոբլը փորձել է շտկել այս վրիպումը:

Թեպետ երկրորդ տարբերակում պահպանվեց հայ-իրանական սահմանագիծը, ընդհատվեց «թուրանական» գոտին, Հայաստանին առաջարկվեց եւս մի տարածք, սակայն այս տարբերակը նույնպես հանգեցնելու էր աշխարհաքաղաքական իրողությունների լուրջ փոփոխությանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ հարակից տարածաշրջաններում, քանի որ հայ-իրանական նոր սահմանը առաջարկվում էր գծել մեզ համար ոչ այնքան բարենպաստ վայրում (այն փաստացի վերածվում էր հայ-իրանա-թուրքական սահմանի), իսկ կոմունիկացիոն եւ ռազմավարական տեսանկյունից Նախիջեւանի Սադարակի շրջանը համարժեք չէր Մեղրիի շրջանին:

Ըստ որոշ արեւմտյան վերլուծաբանների, Գոբլ-2 նախագիծն է եղել Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ ՀՀ եւ ԱՀ նախագահների 2001 թվականի փարիզյան հանդիպման եւ 2004 թվականի քիվեստյան բանակցությունների առարկա:

Հոկտեմբերի 27-ի դեպքերը Գոբլի նախագծերի հետ կապելու փորձեր արվել են թե՛ Հայաստանի քաղաքական գործիչների կողմից, թե՛ ռուսական եւ արեւմտյան քաղաքական շրջանակներում: 2000 թվականի հոկտեմբերի 18-ին ասուլիս տվեց Աշոտ Մանուչարյանը, բարձրաձայնելով Գոբլի նախագծի եւ հոկտեմբերի 27-ի դեպքերի փոխկապակցվածության մասին եւ պնդելով, որ իր ձեռքի տակ կան հստակ փաստեր, որոնք հաստատում են իր պնդումները: Ասուլիսի ընթացքում նա մեղադրեց ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հատուկ ծառայություններին՝ Հայաստանում եւ ԼՂՀ-ում ահաբեկչական ակտերի կազմակերպման մեջ:

Համադրելով «ՀԺ» հրապարակումը, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները եւ վերոգրյալ պատմական էքսկուրսը, մի շարք հարցերի եւ հետեւությունների ենք հանգում:

«ՀԺ»-ում հրապարակված փաստաթղթի նախագիծը, որի մասին հանրահավաքում խոսել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերաբերում է Գոբլ-1-ին (այն է՝ 1992-1996 թվականներին, որտեղ չկա հիշատակում Նախիջեւանի մասին): Հետեւաբար, եթե անգամ այդ ծրագիրը բանակցային սեղանին դրված փաստաթղթի տեսք է ունեցել եւ իրականության հետ աղերսներ ունի, ապա վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, ուստի հենց նա էր պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը:

Եթե լուսահոգի Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին սպանել էին, որպեսզի նրանք չխոչընդոտեն Գոբլ-2-ին եւ այն կյանքի կոչվի, ապա ինչու հոկտեմբերի 27-ից հետո այդ ծրագիրը, այնուամենայնիվ, իրականություն չդարձավ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «հոկտեմբերի 27»-ի քրեական գործը վարող հետաքննչական խմբին հայտնի չի եղել այդ վարկածը, սակայն, ինչպես համոզվեցինք (կարող եք թերթել նաեւ այդ օրերի մամուլը), Հայաստանում այն դեռեւս 2000 թվականին հնչեցրել են Աշոտ Մանուչարյանը, Արամ Զ. Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը:

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը իրոք հավատում է «Գոբլ- հոկտեմբերի 27» շաղկապվածության առումով Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին ուղղված իր մեղադրանքներին, ապա ինչո՞ւ չի զարգացնում այդ թեզը, ինչո՞ւ իր եզրահանգումների մեջ չի գնում ավելի հեռու եւ ինչո՞ւ մեղադրյալների շարքում չի հիշատակում նաեւ որոշ երկրների հատուկ ծառայություններ:

«Հոկտեմբերի 27»-ը մնացել է մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգություններից մեկը: Իսկ որոշ գործիչների քարոզարշավը սպառնում է մնալ մեր հիշողության մեջ որպես մեծագույն ֆարս:

Սակայն հնարավոր չէ խաբել բոլորին եւ միշտ …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել