Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չպիտի ուշանանք ժամանակից»

Փետրվար 12,2008 00:00

Կոտայքի մարզում կիրակի օրը հայտարարեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը

«Բարգավաճ Հայաստանը» իմ գլխավորությամբ աշխատում է մեր գործընկեր Հանրապետական կուսակցության հետ: Բոլոր նախընտրական շտաբներում համատեղ, ԲՀԿ անդամները եւ ղեկավարները աշխատում են մեր գործընկեր Հանրապետական կուսակցության կազմակերպիչների, անդամների եւ ղեկավարների հետ, այնպես որ, ով ինչ ասի, ինչ չասի, ժողովուրդը գիտի, ով՝ ով է եւ այսօր ժողովուրդը գնահատում է ոչ թե խոսքերը, այլ գնահատում է գործը: Բոլոր հարցումներով էլ՝ թե ամերիկյան, թե անգլիական, թե տեղական, մեր միասնական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի վարկանիշը ամենաբարձրն է, որը առաջին տեղն է, իսկ իրենից հետո 2-րդ տեղը 3-ից 4 անգամ ետ է: Այնպես որ, մնում է փետրվարի 19-ին ընտրությունները կայանան, եւ ժողովուրդը մասնակցի ընտրությանը եւ այդ ընտրությունից հետո մենք կարողանանք ամրագրել մեր միասնական թեկնածուի հաղթանակը»,- շաբաթ օրը «Հայլուրով» նման հայտարարություն արեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ ամենայնի, այս հայտարարությունը նպատակ ուներ հերքել բոլոր տեղեկություններն այն մասին, որ ԲՀԿ-ն չի աշխատում հօգուտ Սերժ Սարգսյանի: Պարոն Ծառուկյանը հայտնվեց հեռուստաէկրանին եւ անձամբ հնչեցրեց այս հայտարարությունը: Իսկ արդեն կիրակի օրը ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց Կոտայքի մարզ, եւ դատելով ցուցաբերած ընդունելությունից, կարելի է արձանագրել, որ Կոտայքի մարզը հատուկ էր նախապատրաստվել իշխանության թեկնածուի ընդունելությանը եւ նպատակը դարձյալ նույնն էր՝ հերթական անգամ ցրել կասկածներն առ այն, որ ԲՀԿ-ն «խաղեր է տալիս»: Ըստ մեր տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն իր հայրենի մարզում վարչապետին անձամբ կդիմավորի ամենայն ճոխություններով, փետրվարի 16-ին՝ Աբովյան քաղաքում, սակայն Եղվարդում, Չարենցավանում, Քասախ գյուղում եւ այլ բնակավայրերում եւս ջանացել էին, որ ՀՀԿ թեկնածուն իրեն հարմարավետ զգա: Նախընտրական քարոզարշավի ընթացքում արդեն ավանդական դարձած համերգը մարդկանց սպասում էր նաեւ Եղվարդում եւ Չարենցավանում: Նայելով թեկնածուի հետ հանդիպման եկած երեխաներին, միակ միտքը, որ ծնվում է, առաջին պահին սա է՝ կարեւոր չէ, թե որ թեկնածուն կընտրվի, այս երեխաների համար գոնե մի բան լավ եղավ, նրանք հնարավորություն ունեցան տեսնել եւ մոտիկից շփվել երգիչ-երգչուհիների հետ, ում միայն հեռուստաէկրաններից էին տեսել: Մարզերի երեխաները Երեւանից եկած երգիչների երգերն անգիր գիտեն, անգամ երգում էին նրանց հետ եւ իրենց ուրախությունն անսահման էր: Շատերը հանդիպման են գալիս երգիչ-երգչուհիների նկարներով եւ հարմար պահ են փնտրում ինքնագրեր ստանալու համար: Ասեմ, որ սա միշտ չէ, որ հաջողվում է, որովհետեւ «աստղերը» մի քանի երգ երգելուց հետո, ոմանք նաեւ «Առաջ, Հայաստան» գոչելուց հետո շտապում են դեպի իրենց «ջիպերը» եւ արագ հեռանում: Ամեն դեպքում, կարծում եմ, ինչ՝ ինչ, բայց «աստղերի» հետ շփվելու հնարավորության հարցում երեխաները կոնկրետ զգացին իշխանության թեկնածուի օգուտը: Լրագրողներից մեկի հարցին՝ էս ո՞ւր եք եկել, եղվարդցի դպրոցականներից մեկը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի համերգին»: Մեկ այլ դիտարկում եւս, նախագահի թեկնածուի հետ հանդիպման ավարտից հետո եւս մարդիկ հրապարակը չէին լքում եւ կանգնած լսում էին նաեւ երգիչ-երգչուհիներին:

Կոտայքի մարզ այցելության ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղեկցում էին նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սեյրան Օհանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, չարենցավանցի ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, Ալեքսեյ Մատվեեւիչ Կիրակոսյանի որդին՝ սոցներդրումների հիմնադրամի ղեկավար Աշոտ Կիրակոսյանը եւ այլ պաշտոնյաներ: Գագիկ Ծառուկյանը ուղեկցողների մեջ չկար:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մարդկանց խոստացավ անիրականանալի խոստումներ չտալ, ասաց, որ իր բոլոր խոստումները իրատեսական են եւ լուրջ հիմքեր ունեն: Նախագահի թեկնածուն ասաց, որ, ըստ ամենայնի, եղվարդցիները հասցրել են տեսնել չարությամբ եւ մաղձով լցված ելույթներ, տեսել են «սեւ վրձիններ եւ միգուցե ինչ-որ տեղ դուք ձանձրացել եք այս խոսակցություններից եւ միգուցե ինչ-որ տեղ դուք հիասթափվել եք, բայց բոլորիդ կոչ եմ անում չհիասթափվել, չհիասթափվել ընտրություններից: Դուք իրավունք ունեք հիասթափվել սուտ խոստումներ տվողներից, իրավունք ունեք հիասթափվել ճոռոմ-ճոռոմ խոսողներից, բայց դուք իրավունք չունեք, մենք իրավունք չունենք հիասթափվել ընտրություններից, որովհետեւ ընտրությունների արդյունքից է կախված, թե մենք ինչպիսի երկիր ենք կառուցելու, ընտրությունների արդյունքից է կախված, թե մենք ինչ միջավայրում ենք ապրելու»: Թեկնածուն ասաց, որ մեր երկիրը նմանվում է ծանր հիվանդությունից ապաքինվող մանուկի եւ այդ «մանուկի» առողջացման համար ինքը պատասխանատվություն է զգում: Հիվանդությունը, ըստ Սերժ Սարգսյանի, կոչվում է «անցումային ժամանակաշրջան», որի ախտանիշները, ըստ նրա, հետեւյալներն են. «կաշառակերություն, վատ կառավարում, հովանավորչություն, անարդարություն»:

Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ ընտրված նախագահի ամենից բնորոշ գիծը պետք է լինի «ազնվությունը եւ հետեւողականությունը»: Խոստացավ, որ ինքը հետեւողական կլինի իր խոստումներում եւ գործերում: Ասաց նաեւ. «Մենք չպիտի ուշանանք ժամանակից, մենք առանց այդ էլ բավականաչափ ժամանակ ենք կորցրել, մենք պարտավոր ենք համախմբել բոլորիս ջանքերը եւ գնալ դեպի նոր Հայաստան»:

Եղվարդցիներին, չարենցավանցիներին եւ գյուղերի բնակիչներին նախագահի հանրապետական թեկնածուն խնդրեց. «Սատար կանգնել «Առաջ, Հայաստան» կարգախոսին, որովհետեւ առանց ձեր վստահության, առանց ձեր մասնակցության՝ անհնար է կառուցել լավ երկիր»: Ասաց նաեւ, վստահ է, որ ընտրողները ի վիճակի են «Աթոռապաշտներին տարբերել հայրենասերներից, իսկական առաջնորդին տարբերել այն մարդուց, ով գալիս է այլ խնդիրներ լուծելու»: Ինչպես բոլոր հանդիպումների ընթացքում, այս անգամ եւս այլ ելույթներ չհնչեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել