Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Փետրվար 12,2008 00:00

Սրանք փետրվարի 9-ի հանրահավաքի բնորոշումն են

ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա աջակից ուժերը անցած շաբաթավերջին՝ փետրվարի 9-ին, մայրաքաղաքի «Ազատության» հրապարակում ընտրությունների քարոզարշավի փուլում իրենց նախավերջին եւ բազմամարդ հանրահավաքն անցկացրին: Այդ հանրահավաքն ու դրան հաջորդած երթը միանգամայն հանգիստ խղճով կարելի է գնահատել աննախադեպ՝ ե՛ւ դրա մասնակիցների բազմության, ե՛ւ մեծ ոգեւորության մթնոլորտի իմաստով: Ըստ Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչների, հանրահավաքին մասնակցել էր 150 հազար, ըստ պաշտոնական տվյալների՝ 15 հազար մարդ: Առանց վիճարկելու կողմերից որեւէ մեկի արած թվաբանությունը, արձանագրենք, որ այդ օրը հանրահավաքի մասնակիցները «գրավել» էին ոչ միայն Ազատության հրապարակն իր շրջակա ողջ տարածքով մեկ, այլեւ նրանց շարքերը ձգվում էին մինչեւ Հյուսիսային պողոտա: Իսկ հանրահավաքից հետո կազմակերպված երթի մասնակիցների առաջին եւ վերջին շարքերը նույն հեռավորությունն անցան միայն 40 րոպեների ընթացքում:

Փետրվարի 9-ի հանրահավաքը նախորդներից առանձնացավ ոչ միայն հրապարակայնորեն հնչեցված սենսացիոն բացահայտումների եւ հայտարարությունների, այլեւ՝ Ռոբերտ Քոչարյանին ծանրագույն մեղադրանքների հասցեագրումով: Հնչած սենսացիոն հայտարարություններից մեկը «Ոգու փորձություն. կամավորականների միավորում» հ/կ-ինն էր, որի խորհուրդը որոշում է կայացրել միանալ «օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժմանը» եւ հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Սենսացիան այս պարագայում այն էր, որ այդ հ/կ-ի հիմնադիրներից մեկը՝ ՀՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն է, մյուսները եւս ԱԺ պատգամավորներ են՝ Հակոբ Հակոբյանն ու Սուրեն Բարսեղյանը: Ս. Միքայելյանը իր՝ ծափողջույններով պարբերաբար ընդմիջվող ելույթում հայտարարեց, թե հրապարակում տեսնում է 88-ի եւ Սպարապետի ոգին ու ժողովրդի հաղթելու կամքը. «Այսօր մենք գաղափարապես ենք կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեր առաջին գերագույն գլխավոր հրամանատարի կողքին: Նրա հետ միասին մենք կերտել ենք արցախյան ազատամարտն ու հաջողության ենք հասել: Մենք հավատում ենք նրան, եւ այսօր մենք՝ ազատամարտիկներս, կանգնած ենք նրա կողքին»: Ս. Միքայելյանն ասաց նաեւ, թե ինքն ու իր մյուս ազատամարտիկ ընկերները վիրավորված են, որ որոշ մարդիկ արցախյան ազատամարտի հերոսական տարիները որակում են մութ ու ցուրտ տարիներ. «Այո, եղել են ցուրտ եւ մութ տարիներ, եղել են բազմաթիվ այլ դժվարություններ, բայց մենք ոչ միայն դիմակայել ենք, այլեւ հաղթել ենք պատերազմում»: Հ/կ-ն իր հայտարարության մեջ նաեւ կոչ էր արել բոլոր ազատամարտիկներին՝ իրենց կարողությունները ներդնել ազատ եւ արդար ընտրությունների անցկացման գործում:

Հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու հայտարարությամբ հանդես եկավ նաեւ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ եւ Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը եւ կոչ արեց ժողովրդին միացյալ ուժերով հեռացնել գործող իշխանություններին: Ելույթ ունեցան նաեւ Տեր-Պետրոսյանի երբեմնի այն ընդդիմախոսները, ովքեր այսօր կանգնած են նրա կողքին՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը եւ այլք: Նրանք բոլորն էլ ՀՀ առաջին նախագահին պաշտպանելու իրենց կոնկրետ փաստարկներն ունեին:

Հանրահավաքում եղան նաեւ վերլուծական, զգացմունքային եւ հավաքվածներին ոգեւորող ելույթներ: Խոսեց նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը. «Սերժ Սարգսյանը վերջերս Բենիամին Ֆրանկլինից էր խոսում, խոսում էր ամոթից ու չարությունից: Ես էլ ուզում եմ հիշեցնել մի այլ ասացվածք՝ «կրկնակի մեղավոր է նա, ով չի ամաչում իր վատ արարքների համար»: Հիմա մի քանի խոսք այս ամոթի մասին: Խոսքս ուղղում եմ անամոթներին. ամոթ է իշխանությունը բռնազավթելուց, ընտրությունները կեղծելուց, ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելուց հետո խոսել ժողովրդավարությունից եւ մարդու իրավունքներից: Ամոթ է երկրում հաստատել կոռուպցիոն համակարգ՝ վերից-վար, եւ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ամոթ է ապավինել քրեական տարրերին, ամոթ է ժողովրդին մատնել թշվառության եւ խոսել զարգացման մասին: Եվ, վերջապես, ամոթ է պատասխանատու լինելով «Հոկտեմբերի 27-ի» համար (մասնակիցները սուլում եւ միաժամանակ ծափահարում էին) եւ հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին: Մեր ժողովրդի համար էլ ամոթ կլինի հանդուրժել նման իշխանութուններին: Նա վիրավորել է մեր արժանապատվությունը: Այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ այս վարչախմբի օրերը հաշված են: Իշխանության փոփոխությունը Հայաստանում անխուսափելի է, եւ այն մենք ամրագրելու ենք փետրվարի 19-ին՝ հաղթելով առաջին փուլով»:

Ինչպես միշտ, հանրահավաքի եզրափակիչ խոսքը Լ. Տեր-Պետրոսյանինն էր: Հենց նա էր, որ Հայաստանի դեմ «մեծագույն դավադրության», դավաճանության մեղադրանք ուղղեց ՀՀ իշխանություններին՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Սերժ Սարգսյանի: Նա վավերական եւ գոյություն ունեցող փաստաթուղթ համարեց ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում իշխանությունների կողմից ներկայացված տարածքների փոխանակման կամ այլ կերպ՝ «Մեղրիի տարբերակի» ստորագրության համար պատրաստ համաձայնագիրը, որը բաղկացած է եղել 18 կետից եւ քննարկվել է ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում: Չմանրամասնելով մամուլում արդեն հրապարակված այդ համաձայնագրի բովանդակությունը, հարկ է նշել, որ ՀՀ առաջին նախագահի ասելով, այդ տարբերակի կենսագործման եւ այդ դավադրության վիժեցման համար հայ ժողովուրդը պարտական է երկու մարդու՝ Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին, որոնք մասնակցել էին ԱԽ հիշյալ նիստին եւ դրա համար վճարել իրենց կյանքով: Լ. Տեր-Պետրոսյանն այդ փաստով բացատրեց նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը՝ ասելով, որ եթե այն ժամանակ այդ գործը քննած հետաքննիչներին հայտնի լիներ հիշյալ համաձայնագիրը, քննությունը, թերեւս, այլ կերպ ընթանար: Նա խոսեց այդ համաձայնագրի մասին շատ մանրամասնորեն՝ անդրադառնալով դրա ողջ վտանգավորությանն ու այսօր բանակցություններում առկա դժվարություններին, արձանագրելով, որ «մենք պիտի գիտակցենք, թե ինչի եւ ում միջեւ ենք ընտրություն անելու»: Նա անդրադարձավ նաեւ առկա, բայց հաղթահարվող վախի մթնոլորտին, իշխանությունների կողմից իր հանդիպումները խոչընդոտելու փորձերին:

Հանրահավաքին հաջորդած երթից հետո դրա մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ կրկին ելույթ ունեցավ Լ. Տեր-Պետրոսյանը: Բայց մինչ նրա հարթակ բարձրանալը, մարդիկ հրապարակում շուրջպար էին բռնել, իրենց ասելով՝ տոնելու ՀՀ առաջին նախագահի հաղթանակը: «Ժողովուրդ, այսօր դուք ինձ ստիպեցիք երկու անգամ ելույթ ունենալ: Այս հանրահավաքը եւ փառահեղ երթը ցույց տվեցին, որ մեր դեմ իսկապես անհաղթահարելի խոչընդոտ չկա: Այս հանրահավաքը եւ երթը ցույց տվեց, որ ջրբաժանը հստակ գծված է՝ մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից՝ ազգի տականքը».- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829