Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Փետրվար 12,2008 00:00

\"\"Երեկ չբացառեց ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը եւ նշեց, թե արդեն իսկ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցություն:

Թեեւ ՀՀ նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկը սահմանված ժամկետում՝ մինչեւ փետրվարի 9-ի ժամը 18:00-ը, չօգտվեց ինքնաբացարկ հայտնելու իրավունքից ու միավորումը չկայացավ՝ ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարեց. «Բանակցային գործընթաց այսօր կա, եւ այդ գործընթացը շարունակվում է»: Հետո պատասխանելով «Առավոտի» հարցին՝ եթե քվեաթերթիկում արդեն մնալու են բոլոր 9 թեկնածուների անունները, էլ ինչի՞ շուրջ են բանակցում՝ պրն Բաղդասարյանն ասաց. «Կարող է ինքնաբացարկ տեղի ունենա փետրվարի 15-ին, 16-ին՝ քվեաթերթիկը ոչ մի նշանակություն չունի»: Հավելեց, թե միավորում կարող է լինել նաեւ 2-րդ փուլում:

Պատասխանելով Միավորված աշխատանքային կուսակցության անդամ Թամարա Գեւորգյանի հարցին (որն այդ հանդիպմանը մասնակցում էր իբրեւ «Կանանց դաշինքի» ներկայացուցիչ), թե ում թեկնածությունն է պատրաստվում սատարել 2-րդ փուլում՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում պետք է լինեն եւ կլինեն երկփուլանի ընտրություններ: Ես համոզված եմ, որ երկփուլանի ընտրությունների դեպքում շատ դժվար է ասել, այդպես միանշանակ չէ, որ անպայման իշխանության թեկնածուն կլինի մեզ հետ 2-րդ փուլում»: Արթուր Բաղդասարյանի վերջին պնդումն արժանացավ ծափերի, եւ դրանք դարձյալ հնչեցին, երբ նա ասաց. «Ես վստահ եմ, որ ե՛ս կհայտնվեմ 2-րդ փուլում»: Հավելեց. «Մենք հարյուր հազարանոց թիմ ենք: Մեզ միացել են նաեւ բազմահազար անկուսակցականներ: Սա կուսակցական ընտրություն չէ: Այսօր տարբեր կուսակցություններից, այդ թվում՝ իշխող կուսակցություններից, մեզ համար աշխատում եւ քարոզում են: Եվ ես չեմ կարող այդ մարդկանց վտանգի տակ դնել կամ հաշվի չառնել նրանց տեսակետը: Ցանկացած միավորում պետք է լինի փաստարկված՝ հանրության, ժողովրդի համար հասկանալի: Եվ ցանկացած միավորում պետք է բերի շատ լավ արդյունքների: Ես չեմ էլ բացառում, որ նման միավորումներ դեռ կարող են լինել՝ մինչեւ առաջին փուլը, եւ այդ անուն գրելը ոչ մի նշանակություն չունի: Կարող է անունը քվեարթերթիկում լինի, բայց մարդն իր դիրքորոշումը արտահայտի, ժողովուրդն էլ լսի: Ինչպես 1-ին փուլում, այնպես էլ 2-րդ փուլում ընդդիմության միավորումը համարում եմ քաղաքական անհրաժեշտություն»:

Արթուր Բաղդասարյանը կարեւորեց համատեղ պայքարն ընտրակեղծիքների դեմ. «Ամենայն պատասխանատվությամբ այսօր հայտարարում եմ՝ միակ ընդդիմադիր քաղաքական ուժը, որն այսօր 2000 ընտրատեղամասերում ունի անդամներ՝ մե՛նք ենք»: Որպես կարեւորագույն խնդիր՝ առանձնացրեց ձայներին տեր կանգնելը. «Եվ այստեղ նաեւ շատ կարեւոր է երկու ուժերի համագործակցությունը, որպեսզի այս ընտրությունները հնարավորինս արդար անցնեն, կեղծիքներ չլինեն, եւ կեղծիքների դեմ համակարգված պայքար մղվի»:

Քիչ անց պրն Բաղդասարյանը հիշեցրեց իր առաջարկը թեկնածուներին՝ համատեղ սոցհարցումներ կազմակերպելու վերաբերյալ. «Որպեսզի որեւէ տարակարծություն չլինի՝ այ, Արթուր Բաղդասարյանին ինչքա՞ն են հարգում կամ ընդունում եւ մյուս թեկնածուներին: Գնանք՝ անենք, հրապարակենք: Եթե այդ արդյունքները ցույց կտան, որ իմ հնարավորություններն ավելի սահմանափակ են՝ ես միշտ պատրաստ եմ միավորվել»: Ըստ նրա՝ ՕԵԿ-ն արել է նման հարցումներ եւ ունի իրական պատկերը. «Եվ մենք իրավունք չունենք արդեն իսկ հստակ կողմնորոշված այդ զանգվածին ուղարկել անորոշության գիրկը. չգիտես, թե այդ մարդիկ վաղն ում կգնան կքվեարկեն»:

Աիդա Թոփուզյանի հարցին, թե իսկապե՞ս ունեն մեխանիզմներ վերահսկելու ընտրությունները՝ ՀՀ նախագահի թեկնածուն պատասխանեց, թե բացի նրանից, որ ունեն ռեսուրսներ՝ ի տարբերություն ԱԺ ընտրությունների, հիմա իրենք մենակ չեն. «Մեզ հետ միասին առնվազն եւս մի ուժ կա՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, որը վճռականորեն պայքարելու է այդ ընտրակեղծիքների դեմ: Մեր այդ համագործակցությունը շատ բան կարող է անել: Եվ ուզում եմ ասել, որ այդ համագործակցությունը կա՛»:

«Առավոտի» խնդրանքով Արթուր Բաղդասարյանը նաեւ անդրադարձավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն բացահայտումներին, թե ՕԵԿ նախագահի դեմ ուղղված սպառնալիքներն այս մակարդակի են՝ մի ամերիկահայ քաղաքացուց նամակ է ստացել, որտեղ ասված է, թե պետք է զգույշ լինի, եւ նման զգուշացում արել է նաեւ Մհեր Շահգելդյանի հոր բջջային հեռախոսին զանգահարած անծանոթը: «Նաեւ այլ բաներ են եղել,- ասաց պրն Բաղդասարյանը:- Եվ հետո՝ 2 փաստարկ չէ: Փաստարկ թիվ 1. ինձ Վանաձորում զգուշացրել էին, եւ 2 օր հետո ջարդեցին մեր գրասենյակը: Փաստարկ թիվ 2. մարդը գրավոր բերել, դիմում է տվել՝ հասցեով, հեռախոսի համարով, տվել ենք իրենց՝ դա անորոշ նամակ չի եղել (մինչդեռ ՀՀ ոստիկանությունը փետրվարի 9-ի իր հայտարարության մեջ նշել էր, թե ԱՄՆ մի քաղաքացուց ստացած այդ նամակը Արթուր Բաղդասարյանը չի ներկայացրել.- Ա. Ի.): Փաստարկ թիվ 3. հնչել է հեռախոսազանգ: Փաստարկ թիվ 4. մենք հանրահավաքի ժամանակ՝ փետրվարի 3-ին տեսել ենք ե՛ւ զգուշացում, ե՛ւ նաեւ գործողություն՝ տանիքին: Այլ փաստարկներ էլ կան»: Նշենք, որ հանրահավաքի ժամանակ զգուշացումը լսեցին նաեւ լրագրողները. մի տղամարդ բացականչեց, թե Սաշիկ Սարգսյանը սպառնացել է միավորման դեպքում վերացնել Արթուր Բաղդասարյանին:

Ոստիկանության հայտարարության մեջ նշված էր, թե այս բոլոր փաստերը ուսումնասիրվել ու գնահատվել են, եւ Արթուր Բաղդասարյանի կյանքի համար իրական սպառնալիք չեն պարունակում: «Իրական սպառնալիքը ո՞րն է: Մարդուն պիտի սպանեն, որ նո՞ր իրական սպառնալիք լինի»,- տարակուսեց ՀՀ նախագահի թեկնածուն:

Հ. Գ. Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ Աշտարակի ոստիկանապետի գլխավորությամբ՝ փետրվարի 10-ին խանգարել են իր հանդիպումներին, ու կանխատեսեց, որ ոստիկանությունն էլի հայտարարություն կտարածի, թե իր պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել