«Այսօր մոտ 40 հազար հայաստանցիներ են ապրում իմ երկրում, որովհետեւ Թուրքիան խաղաղության երկիր է»: Մյունխենում ընթացող Անվտանգության 44-րդ համաժողովում այսպես է հակադարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից իրեն ուղղված այն հարցին, թե «ինչո՞ւ են մեր սահմանները փակ եւ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ երբ մենք ձեզ հարցնում ենք պատճառների մասին, դուք միշտ մեջբերում եք խնդիրներ՝ կապված Ցեղասպանության եւ ԼՂ հետ»: Օսկանյանը Էրդողանին մի շարք այլ հարցեր էլ է ուղղել. «Մենք պատերազմի մեջ չենք գտնվում ձեր պետության հետ, ուրեմն ինչո՞ւ մենք չենք քննարկում այդ հարցերը: Ինչո՞ւ մեզ չի հաջողվում հաստատել դիվանագիտական հարաբերություններ, երբ այս խնդրում մենք որեւէ նախապայման չունենք»:
Իր պատասխանում Թուրքիայի վարչապետը նշել է. «Երբ ես դարձա վարչապետ, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ վերականգնվեցին օդային բեռնափոխադրումները: Մենք վերանորոգեցինք եւ բոլոր զբոսաշրջիկների առջեւ բացեցինք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու դռները: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ են հայերը Հայաստանից փախչում եւ գալիս հենց իմ երկիր: Որովհետեւ Թուրքիան խաղաղության երկիր է»: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Թուրքիայի վարչապետը Հայաստանին կոչ է արել հեռանալ օկուպացրած տարածքներից, նշելով. «Աշխարհը Հայաստանին ճանաչել է որպես օկուպանտ պետություն: Հեռացե՛ք այնտեղից: Թող այնտեղ վերադառնան հազարավոր, տասնյակ, հարյուր հազարավոր մեր ադրբեջանցի եղբայրները: Ղարաբաղյան իրադարձությունները շատ բացահայտ կերպով խոսում են այն մասին, թե ով ում է տեղահանել եւ ով է իրականացնում ցեղասպանություն»:
Անդրադառնալով ցեղասպանության թեմային, Էրդողանն ասել է. «Մենք մեր մշակույթի, մեր քաղաքակրթության մեջ չունենք «ցեղասպանություն» կոչված որեւէ բան: Եվ բացառվում է, որ մենք դա ընդունենք»: Թուրքիայի վարչապետը վրդովմունք է հայտնել «ջարդի ենթարկված քրիստոնյաներ», «ջարդի ենթարկված հայեր» արտահայտությունների կապակցությամբ, նշելով. «Դուք ինչի՞ հիման վրա եք նման արտահայտություններ անում: Սա շատ տգեղ մոտեցում է: Ձեր ձեռքում ի՞նչ փաստաթղթեր կան: Ես 2005-ին մի նամակ գրեցի Հայաստանին: Նույն բանը կրկնում եմ եւ հիմա: Մենք բացել ենք մեր արխիվները: Թող Հայաստանն էլ իր արխիվները բացի: Ասում ենք՝ եկեք ստեղծենք պատմաբանների համատեղ հանձնաժողով, թող նրանք էլ զբաղվեն այդ գործով: Իսկ այդ ամենից հետո մենք՝ քաղաքական գործիչներս, կկայացնենք մեր որոշումը»:
«Ջիհան» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաեւ, որ թուրքական կողմը ցեղասպանության թեմայի շուրջ պատրաստ է խոսել ցանկացած փաստով եւ փաստաթղթով, դարձյալ վկայաբերելով թուրքական ինքնության, մտածելակերպի եւ հոգեկերտվածքի ու բռնության անհամատեղելիությունը: «Ուստի, մենք երբեք չենք ընդունի այդ մեղադրանքները»,- եզրափակել է Էրդողանը: