Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԳՆԱՑԱԾ Է

Փետրվար 12,2008 00:00

Սրանում Դավիթ Շահնազարյանը չի կասկածում

– Փետրվարի 9-ին արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ հակառակ եղած ակնկալիքներին, ընդդիմադիր թեկնածուների միավորումներ, որոնց շուրջ բանակցություններ էին ընթանում, տեղի չունեցան: Բոլոր 9 թեկնածուները կմասնակցեն առաջիկա ընտրություններին: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

– Երբեք այն կարծիքին չեմ եղել, թե գրանցված ինը թեկնածուներից որեւէ մեկը ինքնաբացարկ կհայտնի, մանավանդ, որ հաղթանակի համար պայքարում են միայն երկու թեկնածու: Բայց չմիավորումից ոչինչ չի փոխվել, եւ թեկնածուներից որեւէ մեկի ինքնաբացարկը, ըստ իս, էապես չէր ազդելու այսօր արդեն ստեղծված իրավիճակի վրա: Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ հիմնական խնդիրը հանդիսանում է իշխանության հանդարտ փոխանցումը: Բայց տեղի են ունեցել որոշ իրադարձություններ, որոնք հատկանշական են գործող իշխանության համար, եւ որոնց համառոտ կանդրադառնամ:

Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության համար մեկ սադրիչը, ապակայունության օջախն ու գործոնը: Փետրվարի 6-ին Արտաշատի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ կատարված ահաբեկչական գործողությունը առիթ դարձավ, որպեսզի Քոչարյանը հանդես գա նոր սադրիչ (պրովոկացիոն) հայտարարություններով: Նախ՝ նրա հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ հրավիրեց, որտեղ խայտառակ մի հայտարարություն արեց՝ փորձելով գլխիվայր շրջել Արտաշատում տեղի ունեցած հանցագործությունը: Աղվան Հովսեփյանի հիմնական պարտականությունը իշխանության պատվերով կատարված բոլոր հանցագործությունների կոծկումն է: Իր գործողությունների ու անգործության համար նա օրենքի առաջ պատասխան է տալու, ու թող ոչ ոք դրանում չկասկածի՛:

Դատելով Արտաշատում տեղի ունեցած հանցագործության Քոչարյանի արձագանքից՝ ակնհայտ է, ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այդ միջադեպը կազմակերպել էր իշխանությունը՝ անձամբ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Ես ստույգ տեղեկություններ ունեմ, որ իրավապահ մարմինները տեղյակ են եղել, որ նման բան է պատրաստվում, բայց ոչինչ չեն ձեռնարկել: Դա նշանակում է, որ նրանք տեղյակ են եղել, թե ով է իրականում կանգնած այս քաղաքական պրովոկացիայի թիկունքում: Միջադեպից անմիջապես հետո Ռ. Քոչարյանը հրապարակայնորեն տվեց դրա իր ՚՚իրավական՚՚գնահատականը՝ հանրահավաքի կազմակերպիչներն են մեղավոր:

Դա օրենքի կոպիտ խախտում է եւ ուղղակի ճնշում, պարտադրանք, թելադրանք՝ քննության նկատմամբ: Նա այդպես վարվել է արդեն մի քանի անգամ: Հիշենք, թե ինչպես ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունից մի քանի ժամ անց Ռ. Քոչարյանն անմիջապես տվեց կատարվածի վերաբերյալ իր գնահատականը՝ դրանով իսկ հրահանգելով իրավապահ մարմիններին ինչպես տանել քննությունը:

«Հոկտեմբերի 27»-ից հետո եւս անմիջապես հետեւեց նրա գնահատականը՝ ամեն ինչ պարզ է, դա ուչաստկովիի գործ է: «Առագաստ» սրճարանում տեղի ունեցածի առնչությամբ էլ Քոչարյանը շտապեց որակել կատարվածը որպես քաշքշուկի արդյունք: Եվ իհարկե՝ Արտաշատի դեպքը: Ընդ որում, իմ թվարկածները միայն եղած օրինակների մի փոքր մասն են միայն: Այն, ինչ անում է Քոչարյանը՝ քրեորեն պատժելի է, հանցագործություն է, եւ ես բազմիցս հայտարարել եմ, որ նա քրեական հանցագործ է (սա իրավական գնահատական է): Բայց խնդիրն այն է, որ այս իրավիճակում իշխանությունը նման քայլեր անելով՝ շատ լավ գիտակցում է, որ իրավապահներն արդեն իր ենթակայությունից դուրս են գալիս, եթե արդեն լրիվ դուրս չեն եկել: Քոչարյանին թվում էր, որ ինքը դեռ սադրանքներ կազմակերպելու կեղծելու ռեսուրսներ ունի: Դա այդպես չէ, որի պարզ մի ապացույցն է հենց Արտաշատի դեպքը, որը Քոչարյանի եւ Սարգսյանի հրահանգով կազմակերպել էր Հովիկ Աբրահամյանը: Այն, որ այդ սադրանքն իրականացրին Հ. Աբրահամյանի հարազատները, ապացույցն է այն բանի, որ ինքը՝ Հ. Աբրահամյանն էլ այլեւս մարդիկ չունի, որոնք նրա հրահանգով սադրանքներ կկազմակերպեն, եւ դրա համար էլ նա ստիպված էր արդեն իր եղբոր տղային հանցագործության մղել: Հայոց հողն արդեն սկսել է այրվել այս իշխանությունների ոտքի տակ:

Երեւանում եւ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքներն ու հզոր երթերը ասածիս ուղղակի ապացույցն են: Այս իրավիճակում միակ ելքը, որն ունի Սերժ Սարգսյանը՝ անիմաստ պայքարը դադարեցնելն է: Այն սպիտակ դրոշները, որոնք բաժանվել են տաքսիստներին, շատ սիմվոլիկ են. Տեր-Պետրոսյանը եռագույն դրոշներով է հանդես գալիս, Սերժ Սարգսյանը՝ սպիտակ: Արժե, որ Սերժ Սարգսյանն իսկապես այդ սպիտակ դրոշը բարձրացրած էլ հանձնվի՝ հասկանալով, որ իր համար այլ հնարավորություն չկա, որովհետեւ համաժողովրդական շարժման ճնշումը չափազանց մեծ է: Թող որեւէ մեկը չմտածի, որ այս պայքարը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու համար է: Ո՛չ, այս պայքարը շատ ավելի խոր արմատներ ունի: Սա առաջին հերթին համաժողովրդական պայքար է՝ կազմակերպված հանցագործության, կրիմինալ բարքերի, կառավարման քրեական համակարգի, ստի, կեղծիքի ու ծայրահեղ անբարոյականության դեմ:

Կոչ եմ անում բոլոր իրավապահ մարմինների աշխատակիցներին չարատավորել սպայի իրենց պատիվը, բոյկոտել Կեւորկովի աշակերտներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի բոլոր անօրինական հրամաններն ու հրահանգները: Դա ձեր օրինական իրավունքն է, եւ առաջին հերթին դա պետք է ձեզ ու ձեր զավակներին: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, լինելով Կեւորկովի աշակերտները, գերազանցել են իրենց ուսուցչին՝ Արցախին եւ Հայաստանին հասցրած իրենց վնասներով: Հիմա էլ թվային եւ տպագիր տեսքով Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատը տարածում է հերթական կեղծիքներն ու հերյուրանքները՝ կրկնելով 1988-90թթ. կոմունիստական ԿԲԳ-ի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հնարված բացահայտ զրպարտությունները: Այսօր Քոչարյանի իշխանության ամեն ժամը վտանգավոր է մեր ժողովրդի, մեր պետության եւ Արցախի համար: Վստահ եմ, որ շատ շուտով մեր ժողովուրդը կազատվի իր օրգանիզմում գոյացած այս թարախապալարից, բայց այդ պրոցեսը հանդարտ պիտի անցնի: Իշխանությունները պետք է հասկանան, որ հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը իրենք են կրելու, ուստի, թող չավելացնե՛ն իրենց կատարած հանցագործությունների քանակը:

– Այս օրերին բազմաթիվ են ահազանգերը անձնագրային տվյալների հավաքման, ընտրակաշառք բաժանելու, մարդկանց վրա գործադրվող ճնշումների մասին: Դրանք կարո՞ղ են ազդել ընտրությունների վրա:

– Ո՛չ, որովհետեւ այսօր ստեղծված իրավիճակն արդեն անշրջելի է, եւ իշխանությունը ստիպված է ձեռքերը փրփուրներին գցել: Դա հասկանում է ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ նրա մերձավոր շրջապատը: Քոչարյանն ու Սարգսյանը, վստահեցնում եմ, մինչեւ փետրվարի 19-ը մնալու են երկուսով, արդեն գրեթե մնացել են: Ոչ մի ընտրակեղծիք չի օգնելու իրենց: Իրենք արդեն պարտված են: Իրենք արդեն լուրջ խնդիրներ ունեն անգամ գյուղերում, ուր մարդիկ 300-350 դոլար ընտրակաշառքից են հրաժարվում: Հանցագործ այդ մեխանիզմներն այլեւս չեն աշխատում:

Կարծում եմ, արդեն շատ-շատերն են համոզված, որ Տեր-Պետրոսյանն արդեն հաղթել է: Դրա ապացույցն է այն, որ օրինակ՝ Վազգեն Մանուկյանն արդեն Տեր-Պետրոսյանի դեմ ընդդիմություն է ձեւավորում. նորմալ է, բնական: Ակնհայտ է, որ իշխանություններին չեն օգնելու ո՛չ առաջադրված կեղծ թեկնածուները, ո՛չ էլ որեւէ այլ միջոց: Ռոբերտ Քոչարյանը հիմա ինքն էլ պետք է հասկանա, որ իրեն մնում է իշխանության հստակ եւ հանդարտ փոխանցման երաշխավոր լինել, ինչը նրան վերապահված է ըստ Սահմանադրության, չնայած ես նրան ոչ միայն նախագահ, այլեւ ՀՀ քաղաքացի երբեք չեմ համարել: Այդուհանդերձ, ինքը պիտի կարողանա իրեն այնպես պահել, որ հաջորդ նախագահի օրոք երես ունենա նախագահին դիմելու եւ խնդրելու, որ քաղաքացիություն ստանա: Հակառակ դեպքում կմնա ներկայիս իր իրավական բոմժի կարգավիճակում՝ որպես քաղաքացիություն չունեցող անձ (Պանիկովսկու նման): Իշխանությունը պետք է հասկանա, որ բոլոր հանցագործ մեթոդներն արդեն անիմաստ են, եւ ընտրությունների արդյունքով իշխանափոխությունը Հայաստանի համար կլինի շատ լուրջ առաջընթաց:

– Կարծում եք՝ նա ինքնակամ կհանձնի՞ իր իշխանությունը:

– Ժողովրդի, ՀՀ քաղաքացիների հզոր ճնշման տակ: Դա միակ խելամիտ քայլը կլինի նրանց համար: Կրկնում եմ՝ արդեն իսկ սկսել են չաշխատել իշխանության վերարտադրության իրենց մեխանիզմները՝ ո՛չ մարդկանց ստիպողական (դպրոցները փակելով, ուսուցիչներին եւ աշակերտներին պարտադրանքով Սերժ Սարգսյանի հանրահավաքներին տանելը) միտինգներին հավաքելը, ո՛չ քրեական խմբավորումների վրա հենվելը, ո՛չ ընտրակաշառք բաժանելը: Այլ զինանոց նրանք չունեն: Քաղաքականապես նրանք եղել են մերկ եւ անբովանդակ ու այդպիսին էլ մնում են: Եվ վերջապես, նրանք մեր հասարակության արժանապատվությունն այնպես են վիրավորել, որ էլ ոչնչի հույս չպետք է ունենան: Նույնիսկ եթե այդ մեթոդներն օգտագործվեցին եւ ամսի 20-ին Ազարյան Գարեգինը Սերժին նախագահ հռչակեց: Հետո ի՞նչ:

– Ի՞նչ է լինելու:

– Դա կնշանակի, որ իշխանությունը մեր ժողովրդին դրդել է ապստամբության, եւ այդ դեպքում, կարծում եմ, մեր ժողովուրդը կվերցնի այդ դրոշը, որովհետեւ սա ազգային-ազատագրական պայքար է այլեւս օկուպացիոն ռեժիմի դեմ:

– Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահը սենսացիոն բացահայտումներ արեց ԼՂ կարգավորման համատեքստում տարածքների փոխանակման՝ «Մեղրիի տարբերակի» մասով: Որքան հիշում եմ, դրա մասին դեռ 2001-ին նաեւ դուք էիք հայտարարել ձեր կազմակերպած հանրահավաքների ժամանակ:

– Այո: Դա եւս մեկ եւ շատ լուրջ քրեական մեղադրանք է՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Ես եւ իմ գործընկերները 1999թ. ահազանգել ենք, որ Քոչարյանը պատրաստ է Հայաստանի տարածքը՝ Մեղրին զիջել: Քոչարյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, դիմել պետական դավաճանության: Դա հիմա ապացուցված է, չնայած որ իշխանությունները դա հերքել են ե՛ւ այն ժամանակ, փորձում են հերքել նաեւ հիմա:

– Ի պատասխան այդ տարբերակի գոյության ապացույցի՝ Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակն անցյալ շաբաթավերջին հայտարարեց, թե տարածքների փոխանակման այդ ծրագիրը, այսպես ասած, «Գոբլի ծրագիրն» է եղել, որը իշխանությունները մերժել են:

– Իրենք ստում են՝ ինչպես միշտ. Քոչարյանը եղել եւ մնում է ստախոս (սա նույնպես վիրավորանք չէ, սա իրական գնահատական է): Հրապարակված է այդ փաստաթուղթը, կան նաեւ վկաներ: Ավելին, այդ համաձայնագիրն արդեն պատրաստ էր, դրա մանրամասների շուրջ քննարկումներ ու բանակցություններ են եղել Քի Ուեսթում, եւ պայմանավորվածություն կար, որ այն պիտի ստորագրվեր արդեն 2001-ի ամռանը Ժնեւում, բայց Հեյդար Ալիեւը հրաժարվեց:

– Հայաստանում գտնվող միջազգային դիտորդական առաքելությունը վերջերս հրապարակեց իր միջանկյալ զեկույցը, որը վերաբերում էր առաջիկա ընտրությունների նախընտրական եւ քարոզարշավի փուլին: Ըստ ձեզ, որքանո՞վ էր այդ զեկույցը համարժեք իրականությանը:

– Ես բազմիցս եմ ասել, որ ամեն ինչ որոշելու ենք մենք, մեր հասարակությունը եւ ոչ թե դիտորդները: Ուզում եմ, որ հասկանանք՝ դիտորդներին պետք է կայունություն, մե՛զ պետք է ժողովրդավարություն եւ դրա’ վրա հիմնված կայունություն: Ես չէի ասի, թե մինչեւ այսօր դիտորդների միջանկյալ հաշվետվությունում եղած գնահատականները համարժեք են մեր իրականությանը: Եթե դիտորդներն իսկապես ուզում են, որ Հայաստանում կայունություն լինի, ուրեմն՝ իրենք պետք է տան իրավիճակի համարժեք գնահատականը: Հակառակ դեպքում իրենք էլ են դառնալու ապակայունության գործոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել