Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ»

Փետրվար 12,2008 00:00

\"\"ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը վստահ է, որ եթե Սերժ Սարգսյանը իր կարգախոսը մի փոքր փոփոխության ենթարկի, ամեն ինչ կնստի իր տեղը:

– Քարոզարշավի ընթացքում դուք որոշակի կոշտ գնահատականներ հնչեցրիք Վազգեն Սարգսյանի, նրա ընտանիքի հասցեին, հակադարձումը չուշացավ, եւ սպարապետի շրջապատից եղան կոշտ արձագանքներ: Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, նաեւ «Երկրապահի» Շիրակի կառույցը պահանջեցին վերջ տալ նման ելույթներին:

– Նրանց արձագանքը ապատեղեկատվության արդյունք է: Հանգիստ թողեք ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, առավել եւս նրա ծնողներին, ում ես պատկառանքով եմ վերաբերվում: Խոսքս ուղղված է եղել անձամբ իմ ընտանիքին եւ ինձ սպառնացողին: Ինչ չափով ինձ է ասվել՝ նույն չափով էլ վերադարձվել է: Ուրիշ խնդիր է, երբ իմ հիմնավոր փաստարկներին ի զորու չեն որեւէ բան հակադարձել, իսկույն փորձում են բանավեճի հարթությունը տեղափոխել, այն էլ՝ հայերիս համար նման ցավագին ոլորտ: Հիասթափեցնեմ, ՀՀՇ-ական հերթական սադրանքը ձախողվեց:

– Տեր-Պետրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան, տեղեկացնելով, որ իր քարոզարշավը պատշաճ ձեւով եւ չափով չի լուսաբանվում Հանրայինի կողմից, եւ պահանջել է 14 օրով հետաձգել ընտրությունները: Որպես նախագահի թեկնածու, ի՞նչ վերաբերմունք ունեք այս հարցի կապակցությամբ:

– Իմ տեղեկություններով, բոլոր հեռուստաալիքներից անձամբ նա հրավերներ է ստացել եւ բոլոր այդ հրավերները մերժել է, այնպես որ, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ հեռուստաընկերությունների տնօրեններին խոսեցնեին եւ նրանք կհրապարակեին, որ ցանկացած հեռուստակայան հրավիրել է, առհավատչյան՝ «Շանթը», նույն «Հ1»-ի «Եվրոպոլիսը», ուր նա հրավերներ ստացել էր: Դա իր նախընտրական մարտավարությունն է, թե որքանով է դա արդյունավետ՝ դժվարանում եմ ասել: ՍԴ դիմելու հանգամանքը, կարծում եմ, հասցեագրված է միջազգային դիտորդական առաքելություններին, նման գործելաոճը ուրվագծվում էր դեռ քարոզարշավը չսկսված:

– Այսինքն՝ նպատակը ո՞րն է:

– Նպատակների մասին պարոն Տեր-Պետրոսյանին հարցրեք, ինձ համար ի սկզբանե պարզ է՝ խնդիր է դրված ցանկացած գնով երկրում իրավիճակը ապակայունացնել:

– ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են, որ իրեն վտանգ է սպառնում: Ժամանակին նման մի հայտարարություն էլ դուք էիք անում: Այս կապակցությամբ խոսե՞լ եք պարոն Բաղդասարյանի հետ, որքանո՞վ են լուրջ նման հայտարարության հիմքերը:

– Լուրջ հիմքերի մասին հարցրեք պարոն Բաղդասարյանին, եւ նա, կարծում եմ, անպայման սպառիչ պատասխաններ կտա (մեր զրուցակիցը չանդրադարձավ իմ հարցի՝ իրեն վերաբերող հատվածին- Մ. Ե.):

– Ըստ սոցիոլոգիական հարցումների, դուք երրորդ տեղում եք, հիմնականում թեկնածուները չեն հավատում սոցիոլոգիական հարցումներին, թերեւս՝ միայն իշխանության թեկնածուն, դուք անձամբ հավատո՞ւմ եք հարցումներին:

– Ես բոլոր հարցումների արդյունքներին փիլիսոփայորեն եմ վերաբերվում, եւ ուշագրավն այն է, որ սոցիոլոգիական հարցումները, չգիտես ինչու, այդքան նյարդայնություն են առաջացնում առանձին թեկնածուների մոտ: Ինքս հումորով եմ մոտենում, հասկանում եմ այս սոցհարցումները պատվիրողների մարտավարությունը: Դրանց արդյունքներն այդքան կարեւոր չեն ինձ համար, որ հատուկ մեկնաբանություններ անեմ:

– Առաջին նախագահն ասում է՝ «հաղթել ենք», ՀՀԿ-ի թեկնածուն ասում է՝ «հաղթելու ենք», գրեթե բոլորն ասում են, որ հաղթել են կամ հաղթելու են, դո՞ւք ինչ եք ասում:

– Երբ նախկին նախագահն ասում է՝ հաղթել ենք, հավանաբար նկատի ունի, որ ինքը հաղթել է հենց իր միջի վախի զգացումը, որը նրան պարտադրել էր 10 տարի շարունակ դուրս չգալ սեւ տնից: Նա, կարծում եմ, հոգու խորքում հենց դա նկատի ունի, եւ ես տեսնում եմ նախկին նախագահի հեռանկարային աշխատանքների ոլորտը: Օրերս հեռուստատեսությամբ նա ասաց, որ 500-ից ավելի ծառ է տնկել իր այգում: Սիրտս փառավորվեց, որովհետեւ ակամայից հիշեցի Դիոկլետիանոսին՝ Հռոմի կայսրին, եզակի կայսր, որը ոչ թե ճնշման ներքո էր հրաժարական տվել, այլ՝ պարզապես միգուցե հասկացել էր, որ քրիստոնյաներին հետապնդելով ինքը չի կարող մնալ պատմութան մեջ, եւ որոշել էր զբաղվել բանջարագործությամբ: Տարիներ անց, երբ նրան հարցրել են՝ չի՞ փոշմանել, արդյոք չի՞ ուզում նորից դառնալ Հռոմի կայսր, նա պատասխանել է. «Եթե դուք տեսնեիք, թե ես ինչ կաղամբ եմ աճեցրել, ինձ նման անհեթեթ հարց չէիք տա»: Նույնը կարելի է ասել հարգարժան Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ եթե դուք տեսնեիք նրա աճեցրած տնկիները, ապա կարգելեիք, որ նա քաղաքականություն վերադառնար:

– Իսկ եթե Սերժ Սարգսյանն ասում է «հաղթելու ենք», ուրեմն հաղթելո՞ւ է:

– Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ կապված ասեմ՝ Սերժ Սարգսյանի որդեգրած նշանաբանը ինձ հոգեհարազատ է, բայց այն փոքր-ինչ թերի է, երբ նա ասում է «Առաջ, Հայաստան», կարծում եմ շահեկան կլիներ, եթե շարունակեր՝ «Արտաշես Գեղամյանի «Արարման ծրագրով», եւ այդ պարագայում ամեն ինչ կնստեր իր տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել