Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 09,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ ութերորդ

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՀՐԱՆՈՒՇ

Ես ընդամենը վեց ամիս Թերլեմեզյանի ուսումնարանում սովորեցի եւ, բնականաբար, նկարիչ չդարձա, եւ սարիթաղցի Սամոն էլ՝ չնայած պոլիտեխնիկի ճարտարապետականը հինգերով ավարտեց, բայց ճարտարապետ չդարձավ, եւ չնայած մասնագիտությամբ ճարտարապետ է համարվում, բայց երբեւէ որեւէ շենք ու կառույց նախագծած չկա եւ էսօրվա դրությամբ ընդամենը ԾԻԳ-ի աշխատող է ու էսօրվա օրով զբաղվում է մեր մայրաքաղաքի կենտրոնաբնակ քաղաքացիների բնակելի տարածքները պետական կարիքների համար ազատելով. այսինքն, սարիթաղցի Սամոն ճարտարապետ չդառնալով՝ դարձել է պետական կարիքների իմաստով միանգամայն անհրաժեշտ եւ ժողովրդի կարիքների իմաստով միանգամայն վտանգավոր անձնավորություն, եւ երբ վերջին անգամ ինքը «Հայլուրով» հոխորտում էր Բուզանդի փողոցի գաղթական բնիկների դեմ, նայում ու չէի հավատում, որ Կոջոյանի մեր Սամոն է, ում նկարածներին նայելիս՝ սկսնակ նկարիչներիս սրտիկներն ուղղակի նվաղում էին ամոթից ու անհուսությունից, որովհետեւ սարիթաղցի Սամոյի նկարած տանձն ու խնձորն ավելին էին, քան՝ սովորական ու իսկական տանձն ու խնձորը, եւ իր նկարած ցանկացած առարկա ավելին էր, քան՝ սովորական առարկան, եւ Սամոյի քսած գուաշն ավելին էր, քան՝ սովորական ներկը, եւ Սամոյի քսած ջրաներկն էնքան թեթեւ ու թափանցիկ էր՝ ասես էդ ջրաներկին վրձին կպած չլիներ, եւ չնայած «Հայլուրով» իր էդ անհոգի ելույթը տեսնելուց ու լսելուց հետո հասկացա, որ եթե ինքը նկարչական ինստիտուտն ավարտեր՝ նկարիչ է՛լ չէր դառնալու, այդուհանդերձ, իր անթափանց գուաշներն ու թափանցիկ ակվարելներն էսօրվա պես աչքիս առաջ են, եւ երբ որեւէ մեկից որեւէ առիթով «տաղանդ» բառն եմ լսում, մեխանիկորեն ու անկախ ինձանից մեր պատանեկության համընդհանուր նախանձի առարկա սարիթաղցի Սամոյին ու իր անթերի նկարներն եմ հիշում:

Ես հիմա սարիթաղցի Սամոյին միանգամայն պատահաբար հիշեցի, եւ Հրուշի հետ ընդամենը մեր պատմության դասատու Շինելին էինք հիշում, եւ երբ Շինելի հոր տապանաքարի հետ կապված էդ պատմությունն արեցի պրծա, Հրուշը ծիծաղեց ու հարցրեց.

– Էդ տապանաքարի պատմությունը չես գրելո՞ւ, պարոն Փարվանյան:

– Երեւի գրեմ,- ծիծաղեցի ես:

– Ինչի՞ երեւի,- ծիծաղեց Հրուշը.- անպայման գրի:

– Տենանք:

– Շատ հետաքրքիր պատմություն ա,- շարունակեց ծիծաղել Հրուշն ու ավելացրեց.- դրանից հետաքրքիր բան պիտի գրե՞ս:

– Տենանք,- կրկնեցի ես:

– Թե՞ մենակ ուրիշներին ես սովոր ձեռ առնես,- շարունակեց ծիծաղել Հրուշը.- տղա ես՝ քե՛զ ձեռ առ:

– Ինձ շատ եմ ձեռ առել,- ասացի ես:

– Բայց էդ տապանաքարի պատմությունը շատ հետաքրքիր ա,- ծիծաղեց Հրուշը:

– Կծիծաղես, խի՞ չես ծիծաղի,- ծիծաղեցի ես:

– Բայց, ինչքան հիշում եմ, Շինելը քեզ շատ էլ տեղին էր էրկուս նշանակում,- շարունակեց ծիծաղել Հրուշն ու ավելացրեց.- ինչքան հիշում եմ՝ իրա առարկայից շատ թույլ էիր:

– Սկզբում լավ էլ ուժեղ էի:

– Սկզբում՝ ե՞րբ:

– Մինչեւ էն մոմենտը, երբ ինքն իմացավ, որ Փարվանյանների հետ կապ ունեմ:

– Հիշեցի,- փռթկացրեց Հրուշը.- սկզբում իրա առարկայից լավ էլ բարձր գնահատականներ էիր ստանում:

– Բա խի՞ ես ծիծաղում:

– Բա ի՞նչ անեմ. կարող ա՞ լաց ըլնեմ,- շարունակեց ծիծաղել Հրուշը.- դու իմ տեղն ըլնեիր՝ չէիր ծիծաղի՞:

– Իսկ որ իմ տեղն ըլնեիր՝ կծիծաղեի՞ր,- ծիծաղեցի ես:

– Էն էլ ո՜նց կծիծաղեի,- շարունակեց ծիծաղել Հրուշը:- Քո տեղն ըլնեի՝ էդ պատմությունը ծերից ծեր կգրեի:

– Ճիշտ ես ասում,- ծիծաղեցի ես.- իսկական գրելու բան ա:

– Ըտենց էլ չիմացա՞ք՝ էդ տապանաքարն ով էր գողացել,- հռհռաց Հրուշը:

– Ո՞նց պիտի իմանայինք,- ասացի ես.- տանողն արդեն տարել էր:

– Էդ գրանիտը վայ թե ահագին թանկ քար ա,- փռթկացրեց Հրուշն ու հարցրեց.- ասում ես՝ սեւ է՞ր:

– Չգիտեմ,- ասացի ես.- չեմ տեսել:

– Ասում ես՝ էդ գրանիտի տեղը բազալտ դրի՞ք,- շարունակեց ծիծաղել Հրուշը:

– Էդ բազալտն էլ չեմ տեսել,- ասացի ես:

– Պարզ ա, որ էդ բազալտից հետո էրկուս կնշանակեր,- փռթկացրեց Հրուշը:

– Ընդհակառակը,- ասացի ես.- էդ բազալտից հետո մերոնց արդեն հինգեր էր նշանակում:

– Բայց դու արդեն դպրոցդ փոխել էիր,- ծիծաղեց Հրուշը:

– Հա,- ասացի ես.- որ դպրոցս չփոխեի՝ ինձ էլ էր հինգեր նշանակելու:

– Թարս վախտ ես դպրոցդ փոխել,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- էդ պատմությունն անպայման կգրես:

– Զակազ ե՞ս տալի,- ծիծաղեցի ես:

– Հա,- ծիծաղեց Հրուշն ու ասաց.- մի հատ ուրիշ զակազ էլ ունեմ:

– Ի՞նչ ուրիշ զակազ:

– Մանրամասն կնկարագրես, թե ոնց էղավ, որ գրող դառար:

– Էդ զակազն արդեն տվել ես:

– Անպայման կգրես:

– Հետաքրքիր ա՞ որ:

– Անձամբ իմ համար շատ հետաքրքիր ա,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- հա, մեկ էլ ինստիտուտ ընդունվելուդ պատմությունը հետաքրքիր կկարդացվի:

– Էդ մասին արդեն գրել եմ:

– Սկզբներո՞ւմ,- հարցրեց Հրուշը:

– Հա,- ասացի ես.- ամենասկզբում:

– Ես մեր պատմությունից սկսած եմ սկսել կարդալ:

– Ինստիտուտի մասերն առաջին հատորի մեջ են:

– Մերը երկրորդ հատորն ա, չէ՞:

– Հա,- ասացի ես:

– Էդ հատորներդ կտաս՝ կտանեմ մերոնց:

– Ձերոնց առանձին կտամ, քեզ՝ առանձին:

– Մերոնց որ տաս՝ վրեն քո ձեռագրով մի քանի քաղցր բառ կգրես:

– Անպայման: Քո օրինակների վրա էլ քաղցր բառեր կգրեմ:

– Ձեռագիրդ էլի էն այլանդակ ձեռագիրն ա՞,- ծիծաղեց Հրուշը:

– Հիմի ավելի բեթար ա:

– Բայց որ ուզում էիր, լավ էլ սիրուն էիր գրում:

– Որ շատ ուզեմ՝ հիմի էլ սիրուն կգրեմ:

– Պարզ ա,- ժպտաց Հրուշը.- ինչքան չըլնի՝ պապադ տառ գրող նկարիչ ա:

– Շատ ուժեղ հիշողություն ունես:

– Հիշողությունիցս դժգոհություն չունեմ:

– Նույնիսկ ձեռագիրս ես հիշում:

– Քո ձեռագիրը մի անգամ տեսնողը ո՞նց կարա մոռանա,- փռթկացրեց Հրուշը:

– Հորս արհեստն է՛լ ես հիշում:

– Պապայիդ արհեստն էդ գրածներիցդ եմ իմացել, ա՛յ խելոք,- ծիծաղեց Հրուշը:

– Հիմի արդեն հավատում եմ, որ կարդում ես:

– Քո մասին որ գրեին, կարող ա՞ չկարդայիր:

– Մյուս հատվածներն է՛լ ես փաստորեն կարդացել:

– Մյուս հատվածներն էլ կարդում եմ, որ տենամ՝ մեր մյուս դասարանցիների մասին ի՞նչ ես գրւմ:

– Մենակ քո մասին եմ գրել:

– Իմ մասին չես գրել,- ասաց Հրուշը.- աղջկաս բաժանության մասին ես գրել:

– Ոչ թե բաժանության, այլ՝ ամուսնության:

– Հա,- ասաց Հրուշն ու խորամանկ ժպտալով հարցրեց.- մի բան որ ասեմ՝ հո չե՞ս նեղանա:

– Չեմ նեղանա,- ասացի ես.- ասա՛:

– Էդ գրածդ, ասում ես, վեպ ա՞:

– Երեւի,- ասացի ես:

– Որ մեր մասին էդ հատվածները չըլնեին, էդ վեպդ, փաստորեն, հեչ բան էր ըլնելու,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- փաստորեն, ամենահետաքրքիրը մեր էդ կտորներն էին:

– Էդ կարծիքի՞ն ես:

– Հա: Ուրիշները չեն ասե՞լ:

– Ասել են:

– Ի՞նչ են ասել:

– Ասել են, որ ամենահետաքրքիր հատվածներն իրա՛նց հատվածներն են:

– Իրանց՝ ո՞ւմ:

– Ում մասին որ գրել եմ,- ծիծաղեցի ես.- ամեն մեկն իրա՛ մասին հատվածներն ա հավանում:

– Բայց ես օբյեկտիվ եմ ասում:

– Իրանք է՛լ են օբյեկտիվ ասում,- ծիծաղեցի ես:

– Իլաքչի էդ Լիզադ,- փռթկացրեց Հրուշը.- ինքն էլ ա՞ օբյեկտիվ ասում:

– Ի՞նչ Լիզա,- հարցրի ես:

– Էդ չաղը,- ծիծաղեց Հրուշը.- իրա մասին հեկտարներով գրել ես:

– Իրան ճանաչո՞ւմ ես,- զարմացած հարցրի ես:

– Չէ,- ծիծաղեց Հրուշը.- որտեղի՞ց պիտի ճանաչեմ:

– Բա ի՞նչ գիտես, որ չաղ ա:

– Դու ես գրել,- շարունակեց ծիծաղել Հրուշը.- գրածներդ շատ վատ ես հիշում:

– Ո՞ր մեկին հիշեմ,- ծիծաղեցի ես:

– Էդքան շատ ե՞ն էղել:

– Ո՞վ ա շատ էղել:

– Սիրածներդ,- փռթկացրեց Հրուշը:

– Էդ Լիզային ընդամենը մի օր եմ տեսել:

– Լավ ես պրծել,- ծիծաղեց Հրուշը:- Ավելի ճիշտ՝ լավ ենք պրծել. որ մի քանի օր դրան տեսած ըլնեիր, պատկերացնում եմ՝ ինչքան կգրեիր:

– Հաստատ չես կարա ասես:

– Ի՞նչը հաստատ չեմ կարա ասեմ:

– Կարող ա իրան հարուր տարի ճանաչեի, բայց իրա մասին ոչ մի տող էլ չգրեի:

– Հա՞,- զարմացավ Հրուշը:

– Հա,- ասացի ես.- մարդ ի՛նքը չի որոշում՝ ում մասին ու ինչքան գրի:

– Բա ո՞վ ա որոշում:

– Չգիտեմ,- ասացի ես:- Կարող ա մեկի մասին շատ ուզես գրես, բայց չստացվի:

– Քեզանից չի՞ կախված:

– Չէ,- ասացի ես ու ավելացրի.- հակառակն է՛լ ա պատահում:

– Հակառակը ո՞րն ա:

– Մեկի մասին էլ հեչ չես ուզում գրես, բայց անկախ քեզանից գրում ես:

– Ուզում ես ասես՝ մեր պատմությունն անկախ քեզանից ե՞ս գրել:

– Ձեր պատմությունը չգրել հնարավոր չէր:

– Մեր պատմությունը որ գրած չըլնեիր, էդ վեպդ գրոշի արժեք չէր ունենալու,- ծիծաղեց Հրուշն ու ավելացրեց.- քեզ մի բան եմ ուզում ասեմ, բայց վախենում եմ շատ մեծամտանաս:

– Ասա,- ասացի ես.- մեծամտանալու տարիքս անցել ա:

– Մեր պատմությունը քանի՞ գլուխ էր:

– Կարծեմ՝ էրկու:

– Երրորդ ու չորրորդ գլուխներն էին:

– Լավ էլ հիշում ես:

– Չեմ կարա չհիշեմ, որովհետեւ աղջիկս էդ գրածիդ պատճառով ահագին տանջվել ա:

– Ինչի՞ ա տանջվել,- զարմացա ես:

– Որովհետեւ էդ էրկու գլուխները փեսիս համար ծերից ծեր թարգմանել ա:

– Բանավոր ա՞ թարգմանել,- հարցրի ես:

– Ի՞նչ բանավոր. էդ էրկու գլուխները ծերից ծեր ու բառ առ բառ կոմպյուտերով թարգմանել ու թղթի վրա տպել ա:

– Էդ թերթերն իրանց ուղարկե՞լ էիր:

– Միտքդ որտե՞ղ ա, ա՛յ Արմո,- զարմացավ Հրուշը.- մի քիչ առաջ չասեցի՞, որ աղջիկս էդ գրածներդ ինտերնետով ա կարդում:

– Ասեցիր,- ասացի ես:

– Ինտերնետով կարդում ա հերիք չի, էդ էրկու գլուխներն Ալեքսի համար բառ առ բառ թարգմանել ա:

– Շա՜տ շոյված եմ,- ասացի ես:

– Մի բան էլ որ ասեմ, երեւի ավելի շոյվես,- ժպտաց Հրուշը:

– Ասա,- ասացի ես:

– Աղջիկս որ էդ էրկու գլուխներն Ալեքսի համար ֆրանսերեն թարգմանել ա, Ալեքսն ասել ա՝ ափսոս հայերեն չգիտեմ, թե չէ՝ էդ վեպը ծերից ծեր կկարդայի:

– Բա խի՞ հայերեն չի սովորում,- հարցրի ես:

– Էդ վեպիդ համա՞ր,- ծիծաղեց Հրուշը:

– Չէ,- ծիծաղեցի ես.- պիտի հայերեն սովորի, որ զոքանչին լավ հասկանա:

– Մենք իրար շատ լավ ենք հասկանում,- ասաց Հրուշը.- Ալեքսը քիչումիչ ռուսերեն գիտի:

– Իրար հետ ռուսերեն ե՞ք խոսում:

– Մենք առանց խոսալու էլ իրար շատ լավ ենք հասկանում:

– Շատ ուրախ եմ,- ասացի ես:

– Մեր էս խոսակցությունն էլ ե՞ս գրելու:

– Եսիմ:

– Ինչ լսում՝ գրում ես,- ասաց Հրուշը.- երեւի գրելու նյութդ քչություն ա անում:

– Ճիշտ ես զգացել:

– Մեր պատմության շնորհիվ էդ վեպդ ահագին շահել ա:

– Քեզանից շա՜տ շնորհակալ եմ:

– Շնորհակալությունդ շա՜տ լավ արտահայտեցիր,- ասաց Հրուշը.- սուսուփուս ու գաղտագողի թռար Մարսել:

– Կներես:

– Ներելու հարց չկա,- ասաց Հրուշը:- Փաստորեն, դու ես տուժել:

– Ո՞նց եմ տուժել:

– Քանի՞ օր Մարսել մնացիք:

– Էրկու:

– Էրկու օր առավոտից իրիկուն փեսես քեզ ու ձեր էդ խմբին պատիվ էր տալու, վերջում էլ ճոխ նվերներով ճամփու էր դնելու:

– Հավատում եմ:

– Կարաս չկասկածես,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- ուրիշ՝ ավելի մեծ օգուտ էլ էիր ունենալու:

– Ի՞նչ օգուտ:

– Որ մերոնց տենայիր, մի քանի գլուխ էլ իրանց մասին կգրեիր:

– Հաստատ կգրեի,- ասացի ես:

– Ընենց որ, համ դու ես տուժել, համ էլ՝ վեպդ:

– Իրանց մասին արդեն ահագին բան գիտեմ:

– Ի՞նչ գիտես,- զարմացավ Հրուշը:

– Գիտեմ, որ աճող ընտանիք են:

– Էդ էլ ե՞ս գրելու,- հարցրեց Հրուշը:

– Հենց է՛դ եմ գրելու,- ծիծաղեցի ես:

– Անցած անգամվա պես հակա բաներ չգրես,- ինձ թարս նայեց Հրուշը:

– Ի՞նչ հակա բաներ,- զարմացա ես:

– Կարող ա՞ գրագիտությանս վրա կասկածում ես:

– Չեմ կասկածում:

– Խելքիս վրա էլ չես կասկածում, չէ՞:

– Որ խելքիդ վրա կասկածեի՝ չէի գրի, որ քո խելքի շնորհիվ աղջիկդ ու փեսեդ երջանկացան:

– Սատանի ականջը խուլ,- ասաց Հրուշը:- Ուրիշ բան է՛լ էիր գրել:

– Ի՞նչ ուրիշ բան:

– Գրել էիր, որ եթե շուտ-շուտ Մարսել գնամ, իրանց ընտանիքը կքանդեմ:

– Ըտենց բան չեմ գրել,- ասացի ես.- շառ ես անում:

– Էդ սաղ տեղերը կարմիրով ընդգծել եմ,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- կարող ա բառացի ըտենց չէիր գրել, բայց, փաստորեն, էդ միտքն էիր արտահայտել:

– Ո՞նց էի արտահայտել:

– Տողատակով,- ասաց Հրուշը:

– Ի՞նչ տողատակ,- փռթկացրի ես:

– Տողատակի ենթատեքստով,- խորամանկ ժպտաց Հրուշը:

– Ի՞նչ տողատակի ենթատեքստ,- ծիծաղեցի ես:

– Ինձ ե՞ս չհասկացողի տեղ դնում, թե՝ քեզ,- վրդովվեց Հրուշը:- Ընկերուհիս հայերենի դասատու ա. էդ գրածդ որ կարդաց, միանգամից ասեց, որ տողատակով ու ենթատեքստով ինձ լավ էլ կպել ես:

– Ընկերուհիդ ուզեցել ա մեզ կռվացնի:

– Ես առանց իրա ասելու էլ նամյոկներդ հասկացել էի, բայց որ ինքն ասեց, ավելի համոզվեցի:

– Սխալ ես համոզվել:

– Երեւի մոռացել ես, որ ձեր դասարանի ամենաուժեղ սովորողն էի:

– Ամենաուժեղը չէիր, բայց ուժեղներից էիր:

– Լավ ա, որ գոնե էդքանը հիշում ես:

– Հիշում եմ,- ասացի ես:

– Որ հիշում ես, խի՞ էդ թեման չես շոշափել,- ավելի վրդովվեց Հրուշը.- թե՞ մենակ քեզ ձեռնտու բաներն ես գրում: Լավ սովորելուս մասին ոչ մի բառ չես գրել:

– Կգրեմ,- խոստացա ես:

– Շա՜տ շնորհակալ եմ,- արհամարհական ժպտաց Հրուշը.- ասելուց հետո պապս էլ կգրի: Էդ ենթատեքստիցդ էնքան էի կատաղել, որ քիչ էր մնում վեր կենայի՝ գայի ձեր էդ «Առավոտի» խմբագրություն:

– Խայտառակ չես,- ասացի ես:

– Հետո կատաղությունս որ անցավ, էդ մտքից ձեռ քաշեցի,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- ես ընդհանրապես վրեժ պահող չեմ:

– Գիտեմ,- ասացի ես:

– Գիտես, դրա համար էլ չարաշահում ես,- ասաց Հրուշն ու մի քիչ մտածեց, ավելացրեց.- շատերն են չարաշահում:

– Ի՞նչն են չարաշահում:

– Բարությունս ու մեծահոգությունս,- ասաց Հրուշը:- Էդ թաքուն Մարսել թռնելդ էլ որ իմացա, սկզբում շատ էի վիրավորվել, բայց հետո անցավ:

– Մարսել գնա՞լս ոնց ես իմացել:

– Մոռացա՞ր,- ծիծաղեց Հրուշը.- փաստորեն, էդ վեպիդ մեջ սաղ անձնական գաղտնիքներդ գրած են:

– Մի մասը,- ծիծաղեցի ես:

– Ամեն դեպքում, էդ Լիզայից շատ լավ ես պրծել,- ծիծաղեց Հրուշը:

– Վատ աղջիկ չէր,- ասացի ես:

– Գրածո՛վդ եմ ասում,- ծիծաղեց Հրուշն ու ավելացրեց:- Քեզ կուռկուռի ձագ կսարքեր:

– Հաստատ չես կարա ասես,- ժպտացի ես:

– Գրածիցդ զգացվում ա, որ կաշիդ լավ ես փրկել էդ զոռբայից,- շարունակեց ծիծաղել Հրուշը.- սաղ կյանքում քեզ դռի-դռի էր խաղացնելու:

– Վատ աղջիկ չէր,- կրկնեցի ես:

– Բա խի՞ ես իրա մասին անցյալով խոսում,- լրջացավ Հրուշը.- կարող ա՞ մեռել ա:

– Աստված չանի,- ասացի ես:

– Բա հիմա ի՞նչ ա անում,- հարցրեց Հրուշը.- գոնե պսակվե՞լ ա:

– Չգիտե՞ս, որ իրանից ոչ մի տեղեկություն չունեմ:

– Որտեղի՞ց պիտ իմանամ,- զարմացավ Հրուշը:

– Վեպիցս,- ծիծաղեցի ես:

– Մենակ էն գիտեմ, որ էդ զոռբայից լավ ես պրծել,- ծիծաղեց Հրուշը:

– Վատ աղջիկ չէր,- նորից ասացի ես:

– Նայած ինչ տեսանկյունից ես նայում,- ասաց Հրուշը.- տղամարդու մի տեսակ կա, որին հենց էդ տիպի զոռբա կնիկ ա հարկավոր. կարող ա դու հենց է՛դ տեսակն ես:

– Ինձ լավ չես ճանաչում,- ասացի ես:

– Ճանաչելը ճանաչում եմ, բայց էս ընթացքում կարող ա փոխված ըլնես,- ծիծաղեց Հրուշն ու ավելացրեց.- սովորական մարդը որ գրող ա դառնում, ամեն ինչ էլ կարա դառնա:

– Քեզ թվում ա՝ գրողները հատուկ մարդի՞կ են:

– Հա,- ասաց Հրուշը.- ես միշտ ըտենց եմ մտածել:

– Սխալ ես մտածել,- ասացի ես.- գրողներն էլ մյուս մարդկանց պես սովորական մարդիկ են:

– Նայած գրող:

– Շատ սովորական մարդիկ են,- ասացի ես ու ծիծաղելով ավելացրի.- քո համեմատ՝ շա՜տ սովորական են:

– Ուզում ես ասես՝ ես սովորական չե՞մ:

– Հե՛չ սովորական չես,- ծիծաղեցի ես:

– Այսինքն, աննորմա՞լ եմ,- ինձ հարցական նայեց Հրուշը:

– Սովորականի հակառակն աննորմալը չի:

– Բա ի՞նչն ա,- ծիծաղեց Հրուշը:

– Արտասովորն ա,- ասացի ես:

– Արտասովորն ու աննորմալն իրարից շատ ե՞ն տարբեր,- հարցրեց Հրուշը:

– Արտասովորը համարյա արտակարգն ա:

– Հի՛-հի՛-հի՛,- ծղրտաց Հրուշը:

– Ինչի՞ ես ծիծաղում,- զարմացա ես:

– Ո՞ւմ մտքով կանցներ, որ Շեկոյան Արմոն օրերից մի օր ըսենց բարդ բաներից ա խոսալու,- շարունակեց ծիծաղել Հրուշը:

– Բարդ բաներ չեն,- ասացի ես.- սովորական բաներից ենք խոսում:

– Չնայած, հիմի որ սկսում եմ հիշել, էն վախտերն է՛լ որոշ տարօրինակություններ ունեիր:

– Ի՞նչ տարօրինակություններ,- զարմացա ես:

– Էն վախտերը նկարում էիր, չէ՞:

– Քիչումիչ:

– Նկարչական չէիր գնո՞ւմ:

– Լա՜վ հիշողություն ունես:

– Ի՞նչ հիշողություն,- փռթկացրեց Հրուշը.- էդ վեպդ կարդալով եմ ասում. փաստորեն, կյանքդ ծերից ծեր պատմել ես:

– Չես հիշո՞ւմ, որ ես էի մեր դասարանի ու սաղ դպրոցի պլակատները նկարում:

– Ո՞նց կարամ չհիշեմ,- ծիծաղեց Հրուշը.- ես չէի՞ ձեր դասարանի ավագը:

– Հա,- ասացի ես:

– Հա ու ջան,- ծիծաղեց Հրուշը:- Զոռով էի քեզ ստիպում, որ էդ պլակատները նկարես:

– Պլակատ նկարելուց զզվում էի:

– Էնքան էիր զզվում, որ վերջը գրող դառար:

– Հորս էի խնդրում, որ էդ պլակատները նկարի:

– Փաստորեն, մեզ խաբել ես,- ծիծաղեց Հրուշը.- ուրեմն պապադ է՞ր էդ սաղ պլակատները նկարում:

– Հա,- ասացի ես.- մեծ մասն ինքն ա նկարել:

– Մենք էլ մտածում էինք՝ դու ես նկարում:

– Ձեր համար ի՞նչ տարբերություն:

– Մտածում էինք՝ նկարչական շնորհք ունես,- ծիծաղեց Հրուշը:

– Կարող ա մի քիչ շնորհք ունեի, բայց նկարել չէի սիրում,- ասացի ես.- հատկապես պլակատ նկարել չէի սիրում:

– Չէիր սիրում՝ չնկարեիր,- ասաց Հրուշը.- քեզ ո՞վ էր ստիպում:

– Մեկը՝ դու,- ասացի ես:- Պլակատ նկարելուց ուղղակի զզվում էի:

– Կարող ա՞ գրելուց էլ ես զզվում,- ծիծաղեց Հրուշը.- կարող ա՞ գրելդ էլ ա ինչ-որ մեկը ստիպում:

– Հա,- ասացի ես:

– Ո՞վ ա ստիպում,- զարմացավ Հրուշը:

– Կյանքը,- ասացի ես:

– Կյանքը ո՞նց ա ստիպում:

– Որ ապրում ես, մի բանով պիտի զբաղվես,- ասացի ես.- հո առավոտից իրիկուն պարապ չես նստի:

– Լսի՛,- ծիծաղեց Հրուշը.- կարող ա՞ էս վեպդ էլ ա քո փոխարեն ուրիշը գրում:

– Իմ փոխարեն ո՞վ պիտի գրի:

– Ասենք՝ մամադ,- հռհռաց Հրուշը.- մամադ հայերենի դասատու էր, չէ՞:

– Հա,- ասացի ես:

– Կարող ա՞ քո տեղակ ինքն ա գրում,- փռթկացրեց Հրուշը:

– Մամաս մահացել ա,- ասացի ես:

– Ե՞րբ,- լրջացավ Հրուշը:

– Արդեն հինգ տարի ա,- ասացի ես:

– Կներես,- խեղճացավ Հրուշը:

– Ինչի՞ համար:

– Չգիտեի,- ասաց Հրուշը:- Պապադ կա՞:

– Պապաս ավելի շուտ ա մահացել:

– Իմոնք էլ են մահացել,- հոգոց հանեց Հրուշը:- Չդիմացան:

– Ինչի՞ն չդիմացան:

– Էդ էլ հարց ա՞, որ տալիս ես,- զարմացավ Հրուշը.- համ ի՛մ կյանքը չստացվեց, համ էլ՝ աղջկաս:

– Աղջկադ կյանքը լավ էլ ստացվել ա:

– Իրանք էս լավը չտեսան,- հոգոց հանեց Հրուշը.- էլ չեմ ասում, որ ախպերս էլ մի գլուխ բերդ էր ընկնում:

– Ինչի՞ համար:

– Կարեւոր չի,- հառաչեց Հրուշը.- կարեւորն էն ա, որ խեղճ ծնողներս իրանց սաղ կյանքում մի հատիկ լավ օր չտեսան:

– Հիմի ախպերդ ի՞նչ ա անում:

– Իբր չգիտես, հա՞,- ինձ թարս-թարս նայեց Հրուշը:

– Որտեղի՞ց պիտի իմանամ,- զարմացա ես:

– Իրա մասին է՛լ ես ահագին գրել,- ժպտաց Հրուշը.- իրար հետ վախտին ֆուտբոլի տոմս եք ծախել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել