«Առավոտի» եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի միջեւ հաստատված մշտական կապը նրա ամեն մի հերթական մենամարտի մանրամասների մասին հայաստանցի մարզասերներին հետաքրքիր տեղեկություններ հաղորդելու հնարավորություն է տալիս:
Ֆիլիպինցի Զեդ Գորրեսի հետ մենամարտից հետո էլ, երբ կազմակերպիչները, պարզապես, հաղթանակը գողացան հայ բռնցքամարտիկից, Վախթանգը զանգահարեց խմբագրություն ու կայացած զրույցի ընթացքում պատմեց, թե ինչն ինչպես է եղել:
– Ֆիլիպիններում քեզ ճանաչո՞ւմ էին:
– Ժամանելով Գորրեսի հարազատ Սեբու քաղաք, որը հինգ միլիոնից ավելի բնակչություն ունի, առաջին բանը, որ աչքի զարնեց, այն էր, որ փողոցները հեղեղված էին իմ մեծադիր պաստառներով: Հետո իմացա, որ այնտեղ իմ չեմպիոնական բոլոր գոտեմարտերը ուղիղ եթերով ցուցադրել են, որովհետեւ մրցակիցներիս զգալի մասը ֆիլիպինցի է եղել: Ասում էին, թե ինձ ավելի լավ էին ճանաչում, քան Գորրեսին, որովհետեւ հիմնականում հաղթել եմ նրանց: Ու նաեւ ինձ չէին սիրում:
– Դահլիճում հենց սկզբի՞ց էր մթնոլորտը լարված:
– Մենամարտը կայացավ Սեբուի կազինոներից մեկում: Պատկերացրեք՝ մոտ 6-7 հազար մարդ եկել է իր հայրենակցին ոգեւորելու ու ծարավի է նրա հաղթանակին:
– Պատմիր մարտի մասին: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այն չափազանց լարված ու նյարդային է եղել:
– Զեդը վատ բռնցքամարտիկ չէ: Որքան տեղյակ եմ, նա անցած տարի նույնիսկ հաղթել է մի աշխարհի չեմպիոնի: Բարդ մենամարտ էր: Նա հաղթանակի հասնելու համար անընդհատ դիմում էր արգելված գործողությունների, սկսած գոտկատեղից ներքեւ հարվածներից, վերջացրած գլխով վտանգավոր առաջխաղացումներով ու սուզումներով:
– Գուցե, առաջին ռաունդում քո արած նոկդաո՞ւնն էր պատճառը:
– Առաջին ռաունդում ես նրան նոկդաուն չեմ արել: Ինքը կորցրեց հավասարակշռությունը եւ ընկավ: Նոկդաուն գրանցելը ռեֆերիի սխալն էր, որը հետագայում ճակատագրական ազդեցություն ունեցավ մարտի ընդհանուր ելքի վրա: Հանդիսականի բուռն արձագանքը (նրանք սկսեցին ջրի շշեր ու մետաղադրամներ նետել ռինգ) թե ռինգի, թե կողային մրցավարներին շատ վախեցրեց, որից հետո նրանք սկսեցին մրցակցիս բազմաթիվ կոպիտ խախտումների վրա աչք փակել: Դրա հետեւանքով երկրորդ ռաունդում ինքս նոկդաունում հայտնվեցի: Գորրեսը ուժեղ հարվածեց գոտկատեղիցս ներքեւ: Ցավից ձեռքերս իջեցրի ու այդ պահին նա հարվածեց ծնոտիս: Նոկդաունը նոկդաուն էր, բայց ռեֆերին կարող էր չհաշվել ու ֆիլիպինցուն նկատողություն հայտարարել: Բայց ոչ այդ, ոչ էլ հետագա վտանգավոր խախտումները նա այլեւս չէր տեսնում, ավելի ճիշտ՝ վախենում էր տեսնել: Ինձ մնում էր վճռական գործողությունների դիմել, այլապես «պարտությունս» անխուսափելի էր: Սկսեցի ավելի վճռական առաջ գնալ եւ հաճախակի գործի դնել ձախ ձեռքս: Հինգերորդ ռաունդում երկու մաքուր հարվածներս հասան նպատակին ու Գորրեսը երրորդ կետով հպվեց ռինգի հատակին: Միանշանակ, նոկդաուններ էին: Ռեֆերին դրանք չարձանագրեց: Յոթերորդ ռաունդից հետո, ինչպես ասում են, արդեն անցել էի ֆելիպինցուն քոթակելու: Նա անընդհատ փախչում էր, կախվում ինձանից, արգելված հարվածներ հասցնում, գլխով վտանգավոր սուզումներ կատարում: Ու կրկին ոչ մի միջամտություն մրցավարի կողմից: Նույն պատկերը կրկնվեց նաեւ 10-րդ, 11-րդ եւ 12-րդ ռաունդներում, երբ դրանցից յուրաքանչյուրում Գորրեսը եւս մեկական անգամ հայտնվեց նոկդաունում: Բայց մրցավարը դրանցից միայն մեկը տեսավ: Այսքանից հետո՝ 6-7 նոկդաուն չգրանցելը, հարվածների քանակը հավասարեցնելը եւ ոչ-ոքի գրանցելը՝ առնվազն անարդարություն էր: Հիմա եմ մտածում, թե որքան ճիշտ էր իմ պրոումոթեր Գերրի Շոուի՝ ԱՄՆ-ից ժամանելը Ֆիլիպիններ: Նա բռնցքամարտի աշխարհում մեծ հեղինակություն ունի: Եվ եթե նա այնտեղ չլիներ, բացառված չէ, որ ինձ պարտություն էլ գրանցեին:
– Արդյունքը բողոքարկել պատրաստվո՞ւմ եք:
– Անպայման դրան գնալու էինք: Բայց մինչեւ որոշումը փոխեին, առնվազն 2-3 ամիս կպահանջվեր ու չեմպիոնության համար մարտը կհետաձգվեր մի 6-7 ամիս:
– Հիմա ի՞նչ է լինելու:
– Օրենքով իմ ու Գորրեսի միջեւ 60 օրվա ընթացքում պետք է ռեւանշ մենամարտ կազմակերպվեր: Բայց քանի որ նա շատ լուրջ վնասվածքներ ունի, ինչպես Վիկտոր Բուրգոսը, բժիշկները Գորրեսին մոտ վեց ամիս, գուցե եւ ավելի, արգելել են ձեռնոց հագնել:
– Այսինքն, գործող չեմպիոն Դմիտրի Կիրիլլովն իր գոտին վիճարկելու համար պարտադիր հավակնորդ առայժմ չի՞ ունենա:
– Մեր մարտից մի քանի օր անց Գերրի Շոուն Ամերիկայից զանգեց իմ մարզչին եւ տեղեկացրեց, որ IBF-ը արդեն պաշտոնապես հայտարարել է, որ տիտղոսի համար մենամարտը ես եմ անցկացնելու: Այդ մենամարտը պարտադիր պետք է կայանա 90 օրվա ընթացքում: Մինչ այդ՝ Կիրիլլովը տիտղոսի մի պաշտպանություն ունի մեքսիկացու հետ (այս ամսվա վերջերին) եւ եթե հաղթի՝ անմիջապես կսկսվեն մեր ներկայացուցիչների բանակցությունները:
– Դարչինյան-Կիրիլլով մենամարտը որտե՞ղ կկայանա:
– Ես ցանկանում եմ նրա հետ հանդիպել Ռուսաստանում: Կարծում եմ, դրա համար նա միայն ուրախ պետք է լինի:
– Իսկ եթե հաղթի մեքսիկացի՞ն:
– Այդ դեպքում նա պետք է 60 օրվա ընթացքում ստիպված հանդիպի ինձ հետ:
– Հիմա ինչո՞վ ես զբաղված:
– Հանգստանում եմ: Բայց երկու շաբաթից կսկսեմ մարզվել:
– Հայաստան ե՞րբ ես գալու:
– Նոր քաշային կարգում IBO-ի չեմպիոնական գոտին արդեն վերադարձրել եմ: Անհամբեր սպասում եմ IBF-ինն էլ ետ բերել ու գալ Երեւան: