ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Նոր Նորքում տեղի ունեցած նախորդ ծեծի կապակցությամբ նման կարծիք հայտնեց:
Խորհրդարանական երեկվա ճեպազրույցների ժամանակ պարզվեց, որ հանրապետականները չէին էլ կռահել, որ Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակել ԱԺ նստաշրջանի ընթացքում հնչեցրած իրենց հայտարարությունները եւ կառավարությանը ուղղված հարցերը: Արդյո՞ք հանրապետականները փորձել են պարզել, թե ինչո՞ւ հանրայինը չի կատարել ԱԺ-կանոնակարգի պահանջը եւ պատգամավորների հարցուպատասխանները, նաեւ հայտարարությունները չի հեռարձակել ամբողջությամբ: Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հանրապետական Մկրտիչ Մինասյանը մեր այս հարցին պատասխանելով՝ ասաց. «Եթե օրենքը խախտվել է, ում կողմից էլ ուզում է լինի, լինի Հանրային հեռուստաընկերության, թե որեւէ մեկի կողմից, անթույլատրելի է եւ, բնականաբար, Ազգային ժողովը եւ մեր խմբակցությունը, կարծում եմ, որոշակի բանակցություններ կվարեն այդ մարդկանց հետ, որպեսզի այդպիսի բաներ չլինեն»: Հերմինե Նաղդալյանը իր հերթին նկատեց, որ «հեռարձակումը ամբողջությամբ օրենքով սահմանված է եւ պետք է հեռարձակել, առանց օրենքի տառը խախտելու»:
«Առավոտը» փորձեց հասկանալ նաեւ, թե ինչո՞ւ է հանրապետական թեկնածուի Նոր Նորքի համայնքում գտնվող շտաբի պետ Մելիք Գասպարյանը ծեծում այլ թեկնածուի շտաբի աշխատողներին: ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն ասաց, որ այդ Մելիք Գասպարյանը մեր իմացած Մելիք Գասպարյանը չէ (նկատի ունի ՀՀԿ-ական պատգամավոր Մելիք Գասպարայնին). «Շտաբի պետը բոլորովին այլ մարդ է եւ ձեր իմացած Մելիք Գասպարյանը չէ: Ենթադրում եմ, որ այդ անձնավորությունը ենթաշտաբի պետ է, բոլոր դեպքերում, ես կարծում եմ, որ ծեծն ու խուլիգանությունը քաղաքական եւ քաղաքագիտական կատեգորիաներ չեն եւ ցանկացած դեպքում ում կողմից էլ այն հրահրված լինի՝ պետք է օրինական պատասխան ստանա եւ դատապարտվի»: Պարոն Մկրտչյանը հարկ համարեց ասել նաեւ. «Մարդիկ պետք է իմանան, որ ընտրություններից հետո կա փետրվարի 20 եւ հայ ժողովուրդը պարտավոր է նորմալ կյանքով ապրել, ծեծով, ուժ ցուցադրելով ոչինչ չի ստացվի, ուժը բանականության մեջ է, ուժը գաղափարների մեջ է եւ գաղափարների պայքարի մեջ»: Մեր հաջորդ հարցին՝ իսկ իրենց ենթաշտաբների պետերին չե՞ն զգուշացրել, որ այլ թեկնածուների թիմակիցներին ծեծել չի կարելի, պարոն Մկրտչյանը ասաց. «Այո, բոլորին ասվել է, ասել է նաեւ մեր թեկնածուն, որ մեզ անհրաժեշտ են միայն եւ միայն թափանցիկ, արդար, ազատ եւ հավատ ներշնչող ընտրություններ, չի բացառվում, որ որոշ մարդիկ այս կամ այն կողմից արջի ծառայություն են մատուցում»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Նոր Նորքի դեպքերի կապակցությամբ երեկ հետեւյալ գնահատականը տվեց. «Սա խոսում է հենց այն մասին, որ իրապես անարդարացի այն մոտեցումները, որ տեղի ունեցան Թալինում, շարունակվում են, երբ սադրանքի հետեւանքով 4 անձ կալանավորվեցին ու 4-ի նկատմամբ կային երաշխավորագրեր, եւ չնայած այդ երաշխավորագրերին, դատարանը որոշեց նրանց խափանման միջոցը կալանքը ընտրել: Հիմա, փաստորեն, նույնը շարունակվում է, այսինքն՝ իշխանության ներկայացուցիչների կողմից որդեգրված սկզբունքը, որ իշխանությունը իրենց ձեռքին է, ուժը իրենց ձեռքին է եւ թելադրողն իրենք են, դեռ շարունակվում է: Փաստորեն, Թալինը անպատիժ մնաց, շարունակությունը եղավ Արտաշատը եւ հիմա էլ սա է»:
Ավելի ուշ, արդեն Մամուլի ազգային ակումբում քննարկումների ժամանակ քաղաքական գործիչները եւս անդրադարձան նախորդ գիշեր Նոր Նորքում թռուցիկ փակցնելու համար երիտասարդների ծեծին եւ Արտաշատում տեղի ունեցած դեպքերին: ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը երեկ հայտարարեց. «Այս քարոզարշավը եւ նախընտրական ամբողջ շրջանն անցնում է աննախադեպ ցինիզմի մթնոլորտում: Այնպիսի դրսեւորումների ենք հանդիպում, որոնք նույնիսկ ֆանտաստիկ գրականության մեջ չենք կարող տեսնել: Ամեն ինչ շինծու է, կեղծված, սկսած որոշ թեկնածուներից, վերջացրած իրենց քարոզչությամբ, իրենց վարկանիշով եւ իրենց պետական կարողությամբ, որը տրվում է»: Ըստ տիկին Խաչատրյանի, քրեական դրսեւորումները ակնհայտ են. «Արդեն ոչնչի վրա չես զարմանում, երբ նախապես սարքած միջադեպերը տեղի են ունենում եւ հետո պարզվում է՝ ձերբակալում են այն մարդկանց, ովքեր փորձել են պաշտպանվել»: