ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական պաստառները կարող են հայտնվել ամենաանսպասելի վայրերում
Պաստառների առատության առումով՝ թերեւս բացահայտ առաջատարը ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն է:
Սակայն նրա կողմնակիցները շատ անգամ բնավ չեն մտահոգվում, թե որտեղ են փակցնում նրա պաստառները: Ասենք, Ռյա Թազա գյուղում Սերժ Սարգսյանի պատկերը հայտնվել է «Մթերքներ» մակագրության ներքո:
Եղեգնաձորում վարչապետն ակամա մասնակից է դարձել տեղական տաքսի ծառայության գովազդարշավին:
Երեւանի ոսկու շուկայի դիմաց այս պաստառի տեղադրումից ակնհայտ է դառնում, որ դեպի մրցունակ տնտեսություն մեր առաջընթացի ճանապարհին կա առնվազն մեկ ավտոկանգառ՝ եւ բարեբախտաբար, այն անվճար է:
Սերժ Սարգսյանի պաստառը կարող է հայտնվել՝ ինչպես այս նկարում է, խաչապուրիի, կարկանդակի, տաք թեյի եւ սուրճի գովազդի արանքում: Նրա նկարը տեղադրվում է նաեւ գեղեցկության կենտրոնների ցուցանակի կամ զեղչերի հայտարարությունների ներքո:
Սակայն այս մի պաստառը փակցվել է օրենքի հստակ խախտմամբ: Նկարում պատկերված է Դիլիջանի զինվորական կոմիսարիատը: Մինչդեռ «Ընտրական օրենսգրքի» 18 հոդվածի համաձայն՝ զինծառայողներին «արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել»:
Այս մի ռեպորտաժում անդրադարձանք Սերժ Սարգսյանի պաստառների տեղաբաշխմանը: Սակայն այլ թեկնածուների պատկերների մասին եւս կարելի էր պատրաստել նման ռեպորտաժ. վկան՝ Մաշտոցի պողոտայում ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի այս պաստառն է: