Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստումներից ձանձրացել են

Փետրվար 09,2008 00:00

Սյունիքի մարզում ճանապարհները քանդված են, հյուրանոցները՝ անմխիթար, կապի միջոցներն էլ բացակայում են:

Սիսիանից Գորիս տանող ճանապարհն ամբողջությամբ քարուքանդ է: Այդ հատվածով երթեւեկող ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են հաղթահարում ճանապարհի փոսերը: «Առավոտի» հետ զրույցում վարորդները դժգոհեցին, որ Սիսիան-Գորիս ճանապարհը վտանգավոր է դառնում հատկապես ձմռանը:

Սյունիք այցելության ժամանակ մարզի բնակիչներից տեղեկացանք, որ ՀՀ նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում այդ ճանապարհը վերանորոգելու խոստումներ չեն տվել: Մարզային իշխանություններից տեղեկացանք, որ «Հազարամյակի մարտահրավերների» այս տարվա ծրագրով նախատեսված է այդ ճանապարհն ամբողջությամբ վերանորոգել: Սյունիքի մարզերի քաղաքներում ինտերնետ կապը գրեթե բացակայում է: Ենթակառուցվածքներով քիչ թե շատ զարգացած է Կապան քաղաքը, որտեղ էլ գտնվում է մարզպետարանը: Այս քաղաքում 1-2 ինտերնետ ակումբ կա: Ինտերնետից օգտվելու համար մարդիկ ժամերով հերթ են կանգնում: Բջջային կապն էլ միայն քաղաքներում է հասանելի: Մեզ հետ զրույցում Կապան եւ Գորիս քաղաքներին հարակից բնակավայրերի բնակիչները «ԱրմենՏելի» բջջային կապի մատուցած ծառայություններից խիստ դժգոհ էին: Նրանց խոսքերով, քանի որ այդ ընկերությունը չի կարողանում նորմալ ծածկույթ ապահովել, իրենք էլ միայն «ՎիվաՍելլի» ծառայություններից են օգտվում:

Սյունիքի մարզում գործող հյուրանոցների մեծ մասը խիստ անմխիթար վիճակում է: Բացի այն, որ հյուրանոցների գույքը խորհրդային տարիներից է պահպանված, սենյակներում բացակայում են տաք ջուրն ու ջեռուցումը, երբեմն էլ՝ էլեկտրաէներգիան: Չնայած դրան, հյուրանոցների օրավարձը 10-15 հազար դրամ է, ընդ որում՝ այդ գումարի մեջ միայն նախաճաշն է մտնում: Մեզ հետ զրույցում սյունեցիները կատակում էին, որ մարզի հյուրանոցներում նույնիսկ այն աստիճան քարուքանդ սենյակներ են գործում, որ հյուրանոցների տերերը մի բան էլ հաճախորդներին պետք է գումար տան, որ իրենց մոտ իջեւանեն: Սյունեցիների խոսքերով, արդեն ձանձրացել են իշխանությունների՝ կյանքը բարելավելու մասին տված եւ չկատարած խոստումներից: Նրանք իրենց բնակավայրեր քարոզարշավի եկած ՀՀ նախագահի թեկնածուներից միայն մի բան էին խնդրում՝ անտեղի չխոստանալ այն, ինչն ընտրվելուց հետո ի զորու չեն լինելու իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել