Թռչնամսի արտադրությամբ զբաղվողներն իրենց արտադրանքը «համեմում» են քիմիական հավելանյութերով, արհեստական խթանիչներով ու հորմոններով եւ սպառողների առողջության հաշվին իրենց համար հսկայական եկամուտներ են ապահովում:
Տարիներ առաջ հայաստանյան շուկաներում հայտնվեցին այլ երկրների արտադրության, հիմնականում՝ պարսկական, բրազիլական ու հոլանդական հավեր, հավի ազդրեր ու հավի կիսաֆաբրիկատներ: Որպես մսամթերք՝ դրանք բավականին էժան էին ու ձեռնտու, այդ իսկ պատճառով այն անմիջապես գտավ իր սպառողներին: Ներկրված հավամթերքը վաճառվում էր 1 կիլոգրամը 600-650 դրամով: Հետզհետե հայկական արտադրողները եւս սկսեցին զարգացնել թռչնամսի արտադրությունը, սակայն դրսից ներկրվող թռչնամսի ծավալները դրանից չպակասեցին, քանի որ բնակչության զգալի մասը մինչ այսօր էլ դրանց սպառողն է հանդիսանում: Թռչնամսի արտադրողներն ու ներկրողներն իրենց բիզնեսից գերշահույթներ ստանալու համար հազար ու մի անհավանական քայլերի են դիմում: Թռչնամսի վերամշակման ընթացքում նրանք չլսված ու չտեսնված մեթոդներ են կիրառում: Օրինակ, հավը սպանդի ենթարկելուց հետո մաքրում են, լվանում աղաջրում ու առանց չորացնելու անմիջապես փաթեթավորում: Իսկ թաց հավը սառչելով՝ իր քաշից նվազագույնը 400 գրամ ավելի է կշռում, իսկ եփելու ընթացքում ջուրը դուրս է գալիս: Բացի այդ, մասնագետների հավաստմամբ, հավը պետք է լվանալ օզոնով հագեցած ջրով, ոչ թե աղաջրով: Բայց քանի որ աղը օզոնից անհամեմատ էժան է, արտադրողներն էլ օգտագործում են հենց աղաջուրը, որից էլ հավի մսի որակը բավականին տուժում է: Չբավարարվելով այսքանով, արտադրողները նորածին հավի ճտին պարբերաբար աճի խթանիչներ՝ հորմոններ են ներարկում, ինչի հետեւանքով էլ հավն աճելու փոխարեն օրեցօր ուռչում է ու արդեն 25-30 օրականում՝ որպես հասուն հավ վաճառվում: «Առավոտի» հետ զրույցում մի շարք մասնագետներ վստահեցրին, որ թռչնի աճին նպաստում է նաեւ արհեստական կերը, որը հիմնականում քիմիական պարարտանյութերով աճեցված եգիպտացորենն է:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, մսամթերքի փորձագետ Կարինե Հակոբյանը հաստատեց, որ հավերի արագ աճի համար նրանց ներարկում են հորմոններ: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Առանց լրացուցիչ հորմոնների՝ հավերն անհամեմատ ուշ են զարգանում եւ քաշն էլ բնականաբար պակաս է լինում: Մասնագիտորեն դրանք կոչվում են աճի հորմոններ, որոնց կիրառումը վաղուց ընդունված է ամբողջ աշխարհում: Ազդում են դրանք մարդու առողջության վրա, թե ոչ՝ կարծիքները տարբեր են, բայց եթե անգամ այն որեւէ կերպ անդրադառնում է մեր օրգանիզմի վրա, ապա դրա հետեւանքները կերեւան տասնյակ տարիներ հետո»:
Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Արարատ» ՍՊԸ-ն վերջերս սկսել է զբաղվել նաեւ թռչնամսի արտադրությամբ ու վաճառքով: Դատելով «Լոռի» անվանումը կրող հավերի գովազդային հոլովակից, որտեղ ասվում է, որ իրենք միայն բնական կեր են ուտում, էկոլոգիապես մաքուր վայրերում են մեծանում եւ օզոնով հարստացված ջրում են լողանում, մարդկանց մեջ այն տպավորությունն է ստեղծվում, որ մեր հանրապետությունում արտադրվող մնացած բոլոր հավերն ուտում են արհեստական սնունդ, լողանում են աղաջրում, ինչն էլ խիստ վատ է անդրադառնում մսի որակի, համային հատկանիշների ու հատկապես մարդու առողջության վրա: «Արարատ» ՍՊԸ տնօրեն Վահագ Խաչատրյանի խոսքերով. «Հավը մորթելուց հետո որ լվանում են, այդ ջուրը պետք է անպայման մանրէազերծված լինի: Նոր տեխնոլոգիաներ ու ալտերնատիվ միջոցներ կան, որոնց շնորհիվ մենք հավերին լվանալու համար նախատեսված ջուրը օզոնացնում ենք: Այն շատ ակտիվ է ու վերացնում է բոլոր մանրէները, միաժամանակ մաքրում է ջուրն ու բարձրացնում հավի մսի որակական հատկանիշները»: Վ. Խաչատրյանի տեղեկացմամբ, քանի որ իրենց ֆաբրիկան փոքր է, դրսից կեր ներկրելու կարիք չկա, իրենք կերակրում են հավերին տեղական ցորենով եւ գարիով: Սակայն նա նշեց նաեւ, որ Հայաստանում արտադրված հացահատիկային կուլտուրաների քանակը բավարար չէ տեղական թռչնամիս արտադրողների համար, այդ իսկ պատճառով եգիպտացորենն ու ցորենը հիմնականում ներկրում են: Իսկ ներկրված կերերը, ըստ նրա, քիմիական պարարտանյութերով հագեցած եւ ինտենսիվ աճեցված կուլտուրաներ են, որոնց բացասական ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա դեռեւս լիովին ապացուցված չէ: Նրա ներկայացմամբ. «Օրինակ, բրազիլական հավերը կերակրվում են ինտենսիվ աճեցված եգիպտացորենով: Գիտնականների մի մասն ասում է, որ այդ արհեստական հավելանյութերը թռչնամսի միջոցով կանցնեն մարդուն, մի մասն էլ ժխտում է դա: Ամբողջ Ամերիկայում նման սնունդ են օգտագործում, սակայն Եվրոպան, այնուամենայնիվ, որոշ սահմանափակումներ դնում է»: Ըստ Վ. Խաչատրյանի, սպառողը կարող է հավի մսի համից իմանալ՝ այն ուտելու պիտանի՞ է, թե՞ ոչ. «Եթե այն փթռակ, անհամ բան ա, ուրեմն Աստված գիտի, թե ինչ ձեւի են մշակել: Իսկական հավի համը տատի էփած հավի համ ա ունենում: Տեսքից էլ կարելի է մսի որակի մասին պատկերացում կազմել, ասենք՝ գույնը «պրեվլեկատելնի» գո՞ւյն ա, թե՝ չէ: Պատահում է հավի միս ես ուտում՝ ոնց որ թուղթ ուտես»:
«Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Բորիս Դոլուխանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց ֆաբրիկայի հավերին միայն տեղական
եգիպտացորեն ու ցորեն են տալիս: Ինչ վերաբերում է հորմոններին, ապա, ըստ Բ. Դոլուխանյանի, դրանք հիմնականում արտասահմանից ներկրվող հավերն են ստացած լինում, դրա համար էլ շատ էժան՝ ընդամենը 700-750 դրամով թռչնամիս են բերում եւ հայերի վրա «սաղացնում»: Ըստ նրա՝ հավի մսի այդ չափազանց էժան գինը տրամաբանությունից դուրս է:
Երեւանի սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության պետ Մեխակ Ղազարյանի հավաստմամբ, թռչնամսի շուկայում կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Դրանք հիմնականում սխալ մակնշման, մասնավորապես՝ ժամկետների եւ պահպանման ջերմային ռեժիմների խախտման դեպքեր են եղել: Ըստ նրա, շատ արտադրողներ ամբողջ տարին փաթեթավորված արտադրանքի վրա նույն ժամկետն են նշում, մինչդեռ այն պետք է այլ լինի տարվա տարբեր եղանակներին: Նշենք, սակայն, որ նման խախտումների համար արտադրողին ընդամենը մի քանի հազար դրամ տուգանք է հասնում: Նկատենք, որ խոշոր արտադրողների համար դրանք պարզապես չնչին կոպեկներ են ու, ըստ էության, այդ մի քանի հազար տուգանքը նրանց համար ոչ մի նշանակություն չունի:
Մասնագետ բժիշկների հավաստմամբ, թռչնամսի արտադրության մեջ օգտագործվող հորմոններն ու արհեստական հավելանյութերը մարդու առողջության համար կարող են ունենալ շատ բացասական ու խիստ վտանգավոր հետեւանքներ: Ըստ նրանց, հենց այս արհեստական խթանիչների օգտագործման պատճառով է, որ հավի ոսկորը չի ամրանում ու գրեթե մսի նման փափուկ է մնում: Բժիշկների հավաստմամբ, արհեստական խթանիչները նույն բացասական հետեւանքները կարող են ունենալ մարդու օրգանիզմի վրա՝ այսինքն կարող են ազդել ոսկրերի ամրության վրա, ճարպակալության եւ պարբերաբար օգտագործելու դեպքում՝ անգամ մկանային հյուսվածքների քայքայման պատճառ դառնալ: Նրանք խորհուրդ են տալիս թռչնամսով չկերակրել հատկապես փոքրահասակ երեխաներին, քանի որ դեռեւս չձեւավորված օրգանիզմում այն կարող է սարսափելի հետեւանքներ թողնել ու ոսկրային համակարգի ձեւափոխման պատճառ դառնալ:
Նշենք, որ մեր պետությունը չունի այնպիսի օրենք, որն արգելի մոդիֆիկացված սննդի՝ այսինքն կենդանի ձեւափոխված օրգանիզմների կամ պարզապես կենդանի բջիջների օգտագործումը սննդի մեջ: «Սննդի անվտանգության մասին» օրենքը սահմանափակվում է միայն այնքանով, որ տվյալ մթերքի վրա պետք է անպայման նշված լինի, թե այն արհեստական հավելանյութեր եւ խթանիչներ պարունակո՞ւմ է, թե՝ ոչ: