Այն կանայք, որոնք չիմանալով, որ հղի են եւ պատվաստվել են կարմրուկ-կարմրախտի դեմ, որոշ ժամանակ անց հղիությունն ընդհատել են:
Նախորդ տարվա հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի դեմ զանգվածային պատվաստումներ իրականացվեցին: Չնայած առողջապահության պատասխանատուները պատվաստելիս կանանց նախազգուշացրել են, որ հղիներին հակացուցված է, սակայն եղել են կանայք, որոնք չիմանալով, որ հղի են, այնուամենայնիվ, պատվաստվել են: Որոշ ժամանակ անց այդ կանանցից ոմանք բժիշկների խորհրդով ստիպված են եղել հղիությունը արհեստական ճանապարհով ընդհատել՝ թերզարգացած երեխաներ չունենալու մտավախությամբ: Ընդ որում, որոշ կանանց համար դա եղել է առաջին հղիությունը:
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի (8-րդ հիվանդանոց) գինեկոլոգիայի բաժնի վարիչ Դավիթ Գասպարյանի խոսքերով. «Չի կարելի ասել, որ գինեկոլոգը, որն ասում է, թե միանշանակ պետք է ընդհատել հղիությունը՝ սխալվում է, չենք կարող ասել նաեւ, որ սխալ են չընդհատողները: Յուրաքանչյուրի օրգանիզմը առանձնահատուկ է եւ անպայման չէ, որ ստացված պատվաստանյութը, այսինքն՝ հիվանդության փոքր քանակությունը ազդի պտղի վրա: Մեր հասարակությունը այս խնդրի վերաբերյալ լավ տեղեկացված չէ, հենց այդ պատճառով էլ մենք 2-3 ամիս է՝ դասընթացներ ենք անցկացնում եւ բացատրում հղիներին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ պատվաստանյութը: Սակայն անկախ այդ դասընթացներից, ի վերջո, հղիությունն արհեստական ընդհատելու որոշումը կայացնում է զույգը»:
Մեր հարցին, թե իրենց հիվանդանոցում պատվաստանյութի պատճառաբանությամբ որքա՞ն կին է հղիությունն ընդհատել, Դավիթ Գասպարյանը տվյալներ չտրամադրեց՝ ասելով. «Քանի որ աբորտները հիմնականում անանուն են եւ ովքեր հիվանդանոց են գալիս աբորտ անելու՝ չեն էլ պատճառաբանում, թե ինչու են այդ քայլին դիմում, ուստի մենք չենք կարող հստակ ասել, թե պատվաստանյութ ստացած որքան կին է հղիությունն ընդհատել»:
«Արմենիա» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնից էլ հայտնեցին, որ, ըստ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության, պատվաստանյութը չի ազդում կնոջ արգանդում զարգացող պտղի վրա: Սակայն անոմալիաներից խուսափելու համար ցանկալի է, որպեսզի հղի կինը չպատվաստվի:
Թիվ 2 ծննդատնից էլ այս առնչությամբ պարզաբանեցին, որ իրենց մոտ նման պատճառաբանությամբ աբորտ անել ցանկացողներ չեն եղել:
«Նաիրի» բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ աբորտները հիմնականում արվում են սոցիալական, ինչպես նաեւ հղի կնոջ առողջական խնդիրների պատճառով. «Իսկ ԿԿԽ-ի պատվաստանյութ ստացածները հիմնականում մեզ են դիմում կասկածներով, մենք էլ նրանց բացատրում ենք, որ տեսականորեն պատվաստանյութերը ոչ մի հետեւանք չպետք է թողնեն պտղի վրա եւ դրանից հետո իրենք են որոշում աբորտ անե՞լ, թե՝ ոչ»:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց. «Բնական կարմրախտի վիրուսի հետ համեմատած՝ պատվաստանյութը շատ ավելի թույլ է: Չափաքանակները տարբեր են, քանի որ պատվաստանյութում վիրուսը շատ քիչ է, հակառակ բնական ճանապարհով անցած վիրուսի: Այդ պատճառով պատվաստանյութ ստացածի մոտ հիվանդություն չի առաջանում: Հետեւաբար, վիրուսի այդքան քիչ քանակությունը պտղի համար վտանգավոր չէ»:
Պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն էլ, որպես մասնագետ, պատվաստված հղիներին խորհուրդ տվեց խուճապի չմատնվել. «Ընդհանրապես՝ պատվաստանյութի ներարկումը կատարվում է հղիությունից մի քանի ամիս առաջ: Սակայն եթե պատվաստումը կատարվում է հղիության ընթացքում, հղիությունը պետք չէ ընդհատել, քանի որ կնոջ ընկերքն ունի հատուկ գործառույթ, ինչի շնորհիվ տոկսիկ ազդեցությունը չեզոքացվում է»:
Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ ե՛ւ պատվաստված, ե՛ւ չպատվաստված կանանց մոտ բնածին արատների ռիսկը գործնականում նույնն է: Նրա տվյալներով՝ այս պահին հանրապետության 5 մարզերում կա հղիության ընթացքում պատվաստված եւ պատվաստումից կարճ ժամանակ անց հղիացած մոտ 198 կին, որոնց մոտ մինչ այժմ պտղի հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել: