Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԼՈՐՈՎ ՎԱՐԱԿԻ ԴԵՄՆ ԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ

Փետրվար 09,2008 00:00

\"\"Լողավազանների պատասխանատուները վստահեցնում են, որ հիվանդ մարդու այցելության դեպքո՛ւմ էլ վարակը չի տարածվի:

Այսօր լողավազան աշխատեցնելը բավականին եկամտաբեր բիզնես է, այդ պատճառով էլ վերջին տարիներին, հատկապես մայրաքաղաքում, տասնյակ լողավազաններ են բացվել: Ու չնայած որոշ լողավազաններում լողալն այնքան էլ թանկ չէ, այդուհանդերձ, շատերը խուսափում են օգտվել դրանց ծառայություններից՝ մտավախություն ունենալով, որ որեւէ մաշկային հիվանդություն ձեռք կբերեն: Լողավազանների հիգիենան պահպանելու համար օրենքով սահմանված են մի շարք նորմեր, սակայն լողավազանների տերերը այդ նորմերն ինչպես են պահպանում՝ դժվար է ասել: Աչքով անհնար է նկատել, օրինակ, լողավազանի տարածքը, նստարանները, լողախցիկը վտանգավոր միկրոբներից ախտահանվա՞ծ են, թե՝ ոչ: Մասնագետների վստահեցմամբ, այդուհանդերձ, կան մի քանի կարեւոր պայմաններ, որոնք չպահպանելու դեպքում մարդը կարող է շատ հանգիստ աղիքային, մաշկային, մասնավորապես՝ սնկային հիվանդություններ ձեռք բերել, ընդհուպ վարակվել հեպատիտով:

«Բացի այն, որ լողավազանի ջուրը պետք է ֆիլտրացվի, քլորամինի պարունակությունը սահմանված նորմայում լինի, լողավազանի տարածքն էլ պետք է մաքուր, այսինքն՝ ախտահանված լինի: Նաեւ պետք է ճիշտ լուսավորություն ու օդի ջերմաստիճան ապահովել: Պետք է հսկեն, որպեսզի հաճախորդը լողավազան մտնելուց առաջ եւ հետո ցնցուղ ընդունի: Իսկ լողավազանում պետք է պարտադիր ոտքերի համար, այսպես կոչված, ցնցուղ լինի, որպեսզի ոտքերը մաքրեն, նոր միայն մտնեն ջուրը: Բացի այդ, պետք է նաեւ հատուկ մազորսիչ սարքեր ունենան, որպեսզի ջուրը մազերից պարբերաբար մաքրեն»,- «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց Պետական բժշկական համալսարանի հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Հայրապետյանը:

Նշենք, որ լողավազանի հիգիենայի համար պատասխանատու է տվյալ օբյեկտի բժիշկը: Նա լողավազան այցելել ցանկացող յուրաքանչյուր հաճախորդից պարտավոր է պահանջել առողջության մասին բժշկի տեղեկանք: Որտեղ մասնավորապես պահանջվում է թերապեւտի, քիթ-կոկորդի, մաշկայինի զննման պատասխանները: Այցելուն պետք է ստուգված լինի նաեւ ճիճվակրության համար:

Ի տարբերություն այն լողավազանների, որտեղ այցելությունները միայն «աբոնեմենտով» են, եւ մարդիկ բժշկի թուղթ գոնե ներկայացնում են, մասնագետների խոսքերով, շատ ավելի վտանգավոր են այն լողավազանները, որտեղ թույլատրվում է մեկանգամյա հաճախումը: Այդ դեպքում բժշկական զննման փաստաթուղթ ընդհանրապես չեն պահանջում, բժիշկն էլ այդ մեկ այցելության համար չի ստուգում:

Թե որքանով է լողավազաններում պահպանվում հիգիենան, այցելեցինք մայրաքաղաքի մի քանի հայտնի լողավազաններ:

«Դավիթ Համբարձումյան» մարզադպրոցի լողավազանի բժիշկ Անդրեյ Յացենկոն վստահեցրեց, որ չեն սահմանափակվում այցելուի ներկայացրած բժշկի թղթով, մյուս հաճախորդների անվտանգությունը ապահովելու համար ինքը լրացուցիչ բուժզննություն է անցկացնում. ստուգում է ոտքերի եւ ձեռքերի մատները, ընդհանուր մաշկը. «Եթե կասկածելի կարմրություն է լինում՝ չենք ընդունում»: Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է լողավազանի բժիշկը չնկատի, որ հաճախորդը առողջական խնդիրներ ունի, իսկ պոլիկլինիկայի փաստաթուղթն էլ չի բացառվում, որ ձեռք բերված լինի առանց բուժզննման, Ա. Յացենկոն պատասխանեց. «Եթե ջրում մնացորդային քլորի պարունակությունը պահպանենք, ապա դա գրեթե բավարար է վարակազերծման համար: Ընդ որում, օրը 5 անգամ ստուգում ենք ջրում քլորի պարունակությունը: Բացի այդ, անընդմեջ աշխատում են ֆիլտրերը, իսկ երեկոյան ջրային փոշեկուլներով ջուրը մաքրում ենք»: Ի դեպ, մեր այցելության պահին էլ լողավազանի ֆիլտրերն աշխատում էին, իսկ ջրում լողացող բոլոր մարդիկ գլխարկներ էին կրում, ինչը պահանջվող պարտադիր պայմաններից մեկն է: Բժշկի հավաստմամբ, լողավազանի տարածքը 2%-ոց քլորաջրով մաքրվում է, ցնցուղային լողախցիկները նույնպես առավոտյան եւ երեկոյան ախտահանվում են: Ինչպես վստահեցրեց բժիշկը, այս լողավազանում մեկանգամյա հաճախում չի թույլատրվում, իսկ ջուրը 3 ամիսը մեկ դատարկվում է եւ նորը լցվում:

«Պոլիտեխնիկ» մարզական ակումբի նախագահ Սամվել Մեհրաբյանն էլ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ պահպանում են հակահամաճարակային տեսչության կողմից պահանջվող նորմերը. «Մենք ջուրը պարտադիր քլորացնում ենք, իսկ հաճախորդները բժշկի թուղթ են ներկայացնում»: Նշենք, որ «Պոլիտեխնիկի» լողավազանից օգտվողները երբեմն դժգոհում են, որ ջրում քլորի պարունակությունը այնքան շատ է լինում, որ հոտից խեղդվում են, իսկ աչքերն էլ մրմռում են: Մեր այս հարցին պարոն Մեհրաբյանն այսպես պատասխանեց. «Քլորը նորմից չի անցնում, բացի այդ, քլորն այնքան թանկ արժե, որ մեզ էլ ձեռնտու չի լինի ավել լցնել, իսկ սանէպիդը մեզ ստուգում է»:

Լողավազանի բուժկետի վարիչ Նարինե Թեքերջյանի խոսքերով էլ. «Ժամը մեկ քլորի պարունակությունը ստուգում ենք, այն պետք է լինի 0,5 %-ի սահմանում: Օրինակ, մի անգամ քլորի պարունակությունը քիչ էր՝ մեզ տուգանեցին»: Սա հաստատեց նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի պետ Մարիետա Հախվերդյանը, նրա խոսքերով՝ «Պոլիտեխնիկի» լողավազանում խախտվել է քլորի պարունակության մինիմալ սահմանը՝ 0,4 տոկոսը, ինչի համար 40.000 դրամ տուգանվել են:

Նկատենք, որ այս լողավազանում մեկանգամյա հաճախումներ լինում են, ընդ որում, այս դեպքում բժշկի թուղթ չի պահանջվում, իսկ լողավազանը գործում է մինչեւ երեկոյան ժամը 22-ը: Տեղեկացանք, որ «Պոլիտեխնիկի» լողավազանի բժշկի աշխատանքն ավարտվում է ժամը 15-ին: Այսինքն, եթե հիվանդ հաճախորդը երեկոյան ժամերին այցելի լողավազան, նրան որեւէ մեկը չի կարող արգելել ջուրը մտնել:

Այս լողավազան էլ ապահովում է ջրի շրջանառությունը, ֆիլտրացիան, որոնք եւս պահանջվող կանոններից են:

«Նեպտուն» մարզահամալիրի բժիշկ Աննա Մկրտչյանի վստահեցմամբ էլ, իրենք «աբոնեմենտով» հաճախողներին չեն թույլատրում այցելել լողավազան՝ մինչեւ պոլիկլինիկայից առողջության վերաբերյալ փաստաթուղթ չներկայացնեն, իսկ մեկանգամյա հաճախումների դեպքում նման փաստաթուղթ չեն պահանջում. «Մենք էլ անկախ ամեն ինչից, ստուգում ենք, պատահում է անգամ թարախային փոքրիկ բշտիկի պատճառով արգելում ենք լողավազան մտնել: Մինչեւ չեմ զննում՝ թույլ չեմ տալիս օգտվեն լողավազանից»: Բժշկի խոսքերով՝ «մեր լողավազանի համակարգն այնպիսին է, որ բացառվում է որեւէ վարակի փոխանցումը: Նախ, քլորը նորմայի մեջ ենք պահում, օրը 5 անգամ ստուգում ենք, նաեւ շաբաթը 1 անգամ սանիտարական ընդհանուր մաքրություն ենք անում, բացի այդ, ամեն հաճախորդից հետո լողավազանի տարածքն անմիջապես մաքրվում է»:

Ի տարբերություն վերոնշյալ լողավազանների, «Հայաստան» մարզահամալիրի լողավազանը բժիշկ չուներ: Ադմինիստրացիայից տեղեկացանք, որ այստեղ ընդհանրապես բժշկի թուղթ էլ չի պահանջվում. վճարում են ու լողում: Ի դեպ, ըստ պահանջվող նորմերի, բուժկետ ունենալը պարտադիր է:

Առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը տարին մեկ անգամ լողավազաններում ստուգումներ է իրականացնում: Ստուգվում է ոչ միայն ջրի որակը, այլեւ լողավազանի ողջ տարածքը՝ սկսած դռների բռնակներից, սալիկներից՝ մինչեւ նստարանները:

Տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ եթե լողավազաններում սանիտարական կանոնները լիարժեք պահպանվեն, ապա վարակի առկայությունը բացառվում է: Ինչ վերաբերում է բժշկի տեղեկանքի կեղծ լինելուն, ապա Ա. Պետիկյանն ասաց. «Բժշկի տեղեկանքն այնքան էլ դեր չի խաղում, քանի որ մարդը կարող է տեղեկանք վերցնելու հաջորդ օրն էլ հիվանդանալ: Այնպես որ, բժիշկը պետք է նաեւ վիզուալ զննում կատարի: Լողավազանի աշխատողներն ու մարզիչները նույնպես պետք է եռամսյակը մեկ բժշկական զննման ենթարկվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել