ՕԵԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Հարությունյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության նախագահ Վահե Սարգսյանը
գնահատեցին քարոզարշավը:
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերը ՕԵԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Հարությունյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանն էին, թեման՝ նախագահական ընտրությունները: Երիտասարդ կուսակցականներից յուրաքանչյուրը գովելով իրենց թեկնածուին՝ թվարկեց առավելությունները: Արմեն Հարությունյանը խոսելով քարոզարշավի ընթացքից, հայտնեց. «Մեր երիտասարդներն ունեն հստակ պարտականություններ, որոնք մեծ սիրով ու նվիրվածությամբ կատարում են, ինչն էլ գալիս է մեր լիդերի ու ապագայի հանդեպ հավատից: Քարոզարշավը գնահատում ենք նորմալ»: Իսկ թե ինչու երիտասարդներն իրենց ձայնը պետք է տան հատկապես նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին, այս մասին էլ Ա. Հարությունյանը նշեց. «Նա ժամանակի պահանջով առաջադրված թեկնածու է, երիտասարդ, բազմափորձ, կրթված, առաջարկում է հեռանկարային ու առաջադեմ ծրագրեր»: Վ. Սարգսյանն էլ նշեց. «Այսօր այնքան շատ են ծրագրերը, որ ժողովուրդը հոգնել է դրանց առատությունից: Կա դրանք իրագործողների պակաս: Իսկ եթե երիտասարդները իրենց ձայնը տան Վահան Հովհաննիսյանին, ապա այդ ծրագրերը կյանքի կկոչվեն»:
«Առավոտը» երիտասարդներին հարցրեց, եթե քարոզարշավների ժամանակ միջադեպեր են լինում, ո՞ւմ վրա է ընկնում պատասխանատվությունը, իշխանությունների՞, թե՞ թեկնածուների: «Եթե խոսքը վերաբերում է Արտաշատի կամ Թալինի միջադեպերին, ապա չեմ ուզում մեղադրել ոչ իշխանություններին, ոչ էլ թեկնածուներին: Ես հավասարաչափ մեղադրում եմ բոլորին: Եթե միջադեպ է լինում, ուրեմն լավ չեն աշխատում տեղի իրավապահներն ու ինքնակառավարման մարմինների պատասխանատուները: Քարոզարշավների ժամանակ ինչո՞ւ պիտի ինչ-որ բաներ շպրտեն: Չնայած որոշ չափով էլ մեղավոր են նաեւ միջադեպին մասնակցած կամ դրա պատճառ դարձած մարդիկ: Նրանք կարող են իրենց մտքերն արտահայտել, քննադատություններ անել, բայց, իհարկե, չափի եւ կոռեկտության սահմաններում»,- պատասխանեց երիտասարդ դաշնակցականը: Ա. Հարությունյանն էլ կարծում է. «Ընտրությունների անցկացման նորմալ ընթացքն ապահովելու համար ավելի շատ պատասխանատու են մեր իշխանությունները: Նրանք պետք է ապահովեն ազատ խոսքն ու քարոզչության նորմալ ընթացքը, սակայն դա չի նշանակում, որ մնացած մասնակիցները պետք է հակառակ տեսակետից ներկայանան: Մենք կողմնակից ենք կոռեկտ պայքարին ու կոռեկտ քարոզչությանը: Միշտ առաջարկել ենք քաղաքական խաղաղություն, ոչ թե պատերազմ: Մենք դատապարտում ենք ցանկացած քայլ, որը կխանգարի քարոզարշավին»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ խնամիներն իրականում կարո՞ղ են պայքարել միմյանց դեմ (իսկ նախագահի թեկնածուներից երկուսը խնամիներ են), Վ. Սարգսյանը պատասխանեց. «Եթե որոշ մարդկանց երեխաներ ջերմ կամ ամուսնական հարաբերությունների մեջ են, դա չպետք է կապել քաղաքական գործընթացների հետ: Ես կարող եմ մի 20 դեպք թվել, երբ ընդդիմության, իշխանության կամ ընդհանրապես քաղաքական դաշտում գտնվող մարդկանց երեխաներ ամուսնացած են իրար հետ: Ինչ վերաբերում է Վահան Հովհաննիսյանին, նա քանիցս ասել է, որ իր ձայները չի տալու որեւէ մեկին, մասնավորապես Սերժ Սարգսյանին՝ որպես իր խնամու: Նա մինչեւ վերջ գնալու է: Հետո Վահան Հովհաննիսյանը որպես անձ չի մասնակցում ընտրություններին, նրան առաջադրել է ՀՅԴ-ն»: Անդրադառնալով ՄԻԱԿ-ի երիտասարդներին, որոնք Սերժ Սարգսյանին քարոզող բաճկոններով շրջում են փողոցներում, Ա. Հարությունյանը ասաց. «Դա մեր երիտասարդների համար վատագույն օրինակն է: Այդ կուրտկայավորներից շատերը դա անում են որոշակի գումարի դիմաց»: Վ. Սարգսյանն էլ հավելեց. «Ես այդ կազմակերպությունը՝ ՄԻԱԿ-ը, պարզապես կանվանեի գաղափարազուրկ երիտասարդների միավորում, որովհետեւ նրանք ընդհանրապես չեն էլ գիտակցում, թե ինչի համար են միավորվել կամ ում համար են պայքարում: Վաղն այդ երիտասարդները պատմելու բան չեն ունենալու իրենց երեխաներին: Հիմնականում մի 40 կազմակերպություն փոխած երիտասարդներ են, որոնք իրենց ժամանցի, հաճույքի համար այդ կուրտկաները հագած՝ անիմաստ ֆռֆռում են: Մի կազմակերպության ղեկավար, որը փոխել է մի քանի կուսակցություն, եւ դեռ հայտնի չէ, թե ինչքան էլ կփոխի, նրա ղեկավարած կազմակերպությունն ի՞նչ պիտի լինի»:
Դառնալով շրջանառվող այն լուր երին, որ ՕԵԿ-ը եւ ՀՀՇ-ն միավորվելու են՝ Ա. Հարությունյանն ասաց. «Մենք կողմնակից ենք միավորումներին, համատեղ պայքարին: Այդ առիթով բանակցությունները դեռ շարունակվում են: Կարեւոր չէ, թե ով ում կմիանա, կարեւորն այն է, որ միացումները լինեն հանուն երկրի զարգացման ու ապագայի»: Վ. Սարգսյանն էլ ասաց. «Կզարմանամ, որ Արթուր Բաղդասարյանը երկար տարիներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած իշխանական համակարգում լինելով հանդերձ՝ հանկարծ միավորվի ՀՀՇ-ի հետ»: