Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՔԻՉ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է»

Փետրվար 09,2008 00:00

\"\"Հարցազրույց դերասան Արմեն Մարգարյանի հետ

«Առավոտի» հանդիպման առիթը՝ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի առաջատար դերասան, ամենամյա «Արտիստ» մրցանակաբաշխության մրցանակակիր Արմեն Մարգարյանի հետ՝ պայմանավորված էր մեծ թվով ներկայացումներում նրա զբաղվածությամբ: Դեռ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում ուսանելիս, Ա. Մարգարյանը 1991թ. Մայր թատրոնում խաղացել է Քլեոնթ՝ Մոլիերի «Քաղքենին՝ ազնվական» բեմադրությունում: Տարիների ընթացքում նրան հանդիպել ենք Սունդուկյանի «Պատվի համարում» (նրա Սուրենը 2007թ. «Արտիստ» մրցանակաբաշխությունում ճանաչվել է տղամարդու լավագույն դերակատարում), Մուրացանի «Ռուզանում» (Մուրադ), Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախությունում» (Վաղարշակ), Պ. Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» (դատապաշտպան), Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժում» (Ռազումիխին) եւ այլն: Շուտով Ա. Մարգարյանին կտեսնենք նաեւ Վանոյի դերում (Սունդուկյանի «Էլի մեկ զոհում», բեմադրիչ՝ Աիդա Հովհաննիսյան):

Արվեստագետը սիրով համաձայնեց պատասխանել «Առավոտին» հետաքրքրող հարցերին:

– Վերջին տարիներին թատրոնի երիտասարդ եւ միջին տարիքի դերասանները դժգոհում են ներկայացումներում իրենց զբաղվածությունից, ինչը չես ասի ձեր դեպքում: Բեմադրիչներն էլ դժգոհություններ են հնչեցնում իրենց հանդեպ ավագ գործընկերների մասնագիտական խանդի վերաբերյալ…

– Դերասանի մասնագիտությունը եսասիրության երանգներ ունի: Այստեղ՝ լավ իմաստով, ագահությունն է խոսում, եւ ոչինչ անել չես կարող: Այսօր թատերարվեստում կարիք կա ներկայացնել ոչ միայն մերօրյա հեղինակների գործերը, այլեւ դասականներինը՝ նոր «կեցվածք» հաղորդելով: Օրինակ, անցյալ տարի Բրեստում կայացած փառատոնում մեր թատրոնի «Պատվի համարը» (բեմադրիչ՝ Վ. Շահվերդյան) արժանացավ հատուկ մրցանակի՝ դասական երկը նոր շնչով ներկայացնելու համար: Նոր շունչ ասվածը այսօր պարզապես անհրաժեշտ է թատրոնին: Նրանք առաջինը պետք է հրավիրեն երիտասարդ բեմադրիչներին, ինչի արդյունքը կլինի բարձրարվեստ բեմադրությունը: Ասվածիս ապացույցն է մեր թատրոնում Սուրեն Շահվերդյանի բեմադրած՝ «Մեր ծնողների նեւրոզները»: Մյուս կողմից էլ, չմոռանանք, որ քիչ չեն վաղուց բեմադրված այն ներկայացումները, որոնք տարիներ շարունակ չեն իջնում խաղացանկից: Օրինակ՝ Տիգրան Գասպարյանի շուրջ 20 տարի առաջ իրականացրած Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» աշխատանքը: Տեսնո՞ւմ եք՝ հայաստանյան շոու-բիզնեսում, որից մեծ հաշվով այնքան էլ գոհ չենք, մեծ տեղ է տրվում հենց երիտասարդներին… Շատ ենք լսում, որ թատրոնը իր բարձունքի վրա չէ, բայց ողջ մեղքը բարդել միայն թատրոնի վրա՝ արդարացի չէ, իսկ պետական հոգածության բացակայությո՞ւնը, դերասանի աշխատավա՞րձը, կոչումներն ու պարգեւնե՞րը… Կոնկրետ մեր թատրոնում այսօր կան շուրջ 40 տարվա փորձառությամբ դերասաններ, որոնք, չգիտես ինչու, չեն նկատվում…

– Հայաստանյան ֆիլմերում հիմնականում նկարահանվում են թատրոնի դերասաններ, այն դեպքում, երբ ունենք Թատրոնի եւ կինոյի ինստիտուտ: Իսկ ո՞ւր են նրա «թողարկած» կինոյի դերասանները:

– Իմ ուսանած տարիներին այդ բուհը կոչվում էր Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Կինոյի եւ թատրոնի դերասանների խաղը զգացողության առումով այնքան էլ հեռու չեն իրարից: Հարցը դերասանական «տեխնիկայի» ու արտիստի արտահայտչամիջոցների չափերի մեջ է: Կինոն ավելի շատ պահանջում է զգացողությունների զուսպ վերարտադրում: Թատրոնում դու ազատ ես կերպարդ հանդիսատեսին մատուցելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել