Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադ Բոջոլյանի ընտանիքը բոյկոտում է

Փետրվար 09,2008 00:00

\"\"Հայտնի թուրքագետ, թարգմանիչ, լրագրող Մուրադ Բոջոլյանն արդեն 6-րդ տարին է, ինչ իր պատիժն է կրում ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ հայրենիքի դավաճանության համար: Երեկ լրացավ պատիժը կրելու նրա 2/3-րդը, եւ, մեր տեղեկություններով, Մուրադ Բոջոլյանը պատրաստվում է դիմում գրել ՀՀ նախագահի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու համար:

Մուրադ Բոջոլյանն ու նրա 4 հոգուց բաղկացած ընտանիքը մինչ օրս չեն ընդունում դավաճանության մեղադրանքը: Նրանք գտնում են, որ Բոջոլյանը թուրքական թերթերում տեղեկություններ է տարածել, կատարել լրագրողական-մասնագիտական աշխատանքը: Այս կապակցությամբ նրանք 2003թ. դիմել են նաեւ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղից պատասխանել են, որ անցյալ տարվա հունվարի 15-ին ստացել են Բոջոլյանի նամակը: «Տեղեկացնում ենք, որ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չէ նշել ստույգ ամսաթիվը, թե երբ կքննվի դատարանում վերոնշյալ դիմումը: Սակայն վստահեցնում ենք Ձեզ, որ գործը կպատրաստվի մոտ ապագայում եւ որոշումը կկայացվի 2007թ. ընթացքում»,- ասվել է Բոջոլյաններին ուղարկված նամակ-պատասխանում:

Թուրքագետ Բոջոլյանի պաշտպան Հովիկ Արսենյանը օրերս հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցույց տալ, պատճառաբանելով դարձյալ, որ ծանրաբեռնված է, քանի որ հանդիսանում է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Բոջոլյանի կինը՝ Լյուդմիլան, դիմել է ՀՀ փաստաբանների պալատ, սակայն որեւէ փաստաբան հանձն չի առնում իրավաբանական օգնություն ցույց տալ նրան: Բոջոլյանները ստիպված են հայտարարություն տալ լրատվամիջոցներում՝ փնտրելով «քաղաքական չեզոք կողմնորոշում ունեցող» փաստաբանի:

Երեկ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է այցելել Բոջոլյանի սրտաբան-բժիշկը: Ազատազրկման ժամանակ Բոջոլյանը հասցրել է սրտի ինֆարկտ տանել, ենթարկվել վիրահատության:

Երեկ նա սրտի տագնապ է ունեցել: Նշենք, որ 6 տարիների ընթացքում վիրահատության, դեղորայքային բուժման բոլոր ծախսերը հոգացել է նրա ընտանիքը: Չնայած երեկ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Առավոտին» տեղեկացրեց, որ «Մ. Բոջոլյանի առողջական վիճակը որեւէ փոփոխության չի ենթարկվել»: Դատապարտյալի բարձրագույն կրթությամբ կինն ու երեք երեխաները աշխատանք չունեն եւ գտնվել են մշտական հետապնդումների մեջ: Նրանք գոյատեւելու համար հարկադրված վաճառել են իրենց բնակարանը:

Լյուդմիլա Բոջոլյանը երեկ ասաց, որ բոյկոտելու են ՀՀ նախագահական ընտրությունները: «Մեզ չեն հետաքրքրում քաղաքական զարգացումները: Մենք չենք ցանկանում ապրել մի երկրում, ուր մոռացության են մատնվել մարդու ներդրումները անկախ պետության կայացման մեջ, մի երկրում, որտեղ մարդուն մեղադրում են անհիմն ու ծանր հանցագործության մեջ, մի երկրում, որտեղ ոտնահարված են լրագրողի եւ նրա ընտանիքի անդամների իրավունքները, որտեղ «հայրենիքի դավաճանի» պիտակը դնելով նրա վրա՝ զրկել են ապագա ունենալու իրավունքից»,- հուզված ասում է դատապարտյալի կինը:

Բոջոլյանները, անկախ իրենց գտնվելու վայրից, պատրաստ են մինչեւ վերջ պայքարել, որպեսզի «հայրենիքի դավաճանի» խարանը իրենց վրայից ջնջվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել