Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՍԱՆՏՆԵՐ»՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏՎԻ՞Ն

Փետրվար 09,2008 00:00

ՀՀՇ-ականների հավաստիացմամբ, մայրաքաղաքային վերնախավը «բարձր մակարդակով» է պատրաստվում առաջիկա կիրակի օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզ կատարելիք այցին:

Եւ որպեսզի շիրակցիները թեկնածուի ելույթով չգայթակղվեն, «ազարտի» մեջ չընկնեն ու ձեռքի հետ մեկ-երկու «քաղցր» խոսք նետեն իշխանությունների հասցեին, մայրաքաղաքային վերնախավը որոշել է կանխավ դեմն առնել: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի «հավաստի տեղեկություններով», երեկ Շիրակի մարզում «հայտնվել» են ղարաբաղյան ծագումով մայրաքաղաքային բարձրաստիճան չինովնիկներ, որոնց գերնպատակը դպրոցի տնօրեններին ու գյուղապետերին այս գործում «լծելն» է: «Առայժմ անուններ չենք տալիս, բայց ակնհայտ է, որ եկել են կանխելու ավազակապետական բուրգի օր օրի փլուզումը: Փետրվարի 10-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը գալու է Շիրակի մարզ եւ, ամենայն հավանականությամբ, փորձում են հերթական պրովոկացիոն ակցիան կազմակերպել: Ասեմ, որ մեր 18 օրվա քարոզչության ընթացքում մեզ անթաքույց, հեռվից, մոտիկից ուղեկցել են ազգային անվտանգության ծառայողներ եւ ոստիկանության աշխատակիցներ: Բացառությամբ հունվարի 5-ին Աշոցքում, երբ ազգային անվտանգության ծառայողները ցինիկաբար, հրապարակային՝ փորձում էին դրսեւորել այնպիսի կեցվածք, որպեսզի մարդիկ չմոտենային, չլսեին, մնացած պարագայում մեզ անթաքույց կողքից նկարել են, հետեւել եւ այլն: Մեր հավաքած տեղեկություններով, իշխանական թեկնածուի նախընտրական շտաբներն այսօր միայն ծառայում են ցուցակների հավաքագրման, առաջիկայում ընտրակաշառք բաժանելու նպատակով: Այս գործը բաժանվել է տասնապետերի, հիսունապետերի միջեւ: Եթե Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քսան հոգի է աշխատել ցուցակների վրա, ապա հիմա պատասխանատվությունը շատ մեծ է, դարձրել են տասը հոգի: Ամենամեծ խախտումն այն է, որ ամբողջ պետական համակարգը դարձրել են նախընտրական շտաբ՝ Շիրակի մարզպետարանից սկսած: Չափից ավելի ակտիվ է մարզպետուհի, ղարաբաղյան ծագումով Լիդա Նանյանը, սա հստակ ասում եմ: Պետական բյուջեից փող ստացող քաղաքացիներին ահաբեկում են՝ ստիպելով իրենց թեկնածուի համար ձայներ հավաքագրել: Մենք արդեն ֆիքսել ենք ակտիվիստների անունները, Մարալիկում էլ չափից ավելի ակտիվ է էցանցի պետ Սոս Գեւորգյանը, մարզում կան երկու դպրոցի տնօրեններ, որոնք ընդգծված հիսունապետի ֆունկցիան են իրենց վրա վերցրել, բայց էս պահին անուններ չենք հրապարակում, որովհետեւ իրենք գործ ունեն երեխաների հետ, բայց եթե շարունակեն նույն ոճով մասնակցել էս գործընթացին, ապա առաջիկայում կխայտառակենք, որ այլեւս դպրոց չմտնեն ու երեխայի հետ գործ չունենան»,- երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես բնութագրեց Շիրակի մարզում տիրող նախընտրական մթնոլորտը Պետրոս Մակեյանը: ՀՀՇ-ականները ասուլիսի էին եկել մի մեծ խմբով, ուստիեւ նրա կողքին նստած Միքայել Հայրապետյանն էլ «մի շատ փոքրիկ քաղաքական հավելում կատարեց». «Բոլոր այն գյուղերում, բնակավայրերում, ուր մենք եղանք, արգահատանքը, զզվանքը, խորշանքը այս կլանի նկատմամբ ուղղակի աներեւակայելի բարձրության են հասել եւ կարծում ենք, վստահ ենք, որ սա իր հանգուցալուծումը կստանա ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրը, իսկ այդ օրը ընդամենը լինելու է իշխանափոխության արձանագրումը, քանի որ Հայաստանում իշխանափոխությունը արդեն իսկ տեղի է ունեցել: Առաջիկա օրերը եւս ցույց կտան, որ իշխանական բուրգը այլեւս ճաք է տվել, որ իշխանափոխությունն իրականացված է: Փոքրիկ սադրանքներ, անշուշտ, ինչպես Մկստանում եղավ մի երկու օր առաջ, այդպիսի բաներ էլի կարող են լինել, բայց դրանք ընդամենը իշխանության ձեւական կողմն ապահովելու համար են: Սերժ Սարգսյանը հիմա փորձում է պարզապես ցույց տալ, իբրեւ թե կարողանում է տիրապետել իրավիճակին, բայց նա ոչինչ չի կարողանում տիրապետել, նույնիսկ իր փեսային չի կարողանում տիրապետել, որպեսզի խայտառակ թերթեր չհրապարակի եւ վաղը ամոթով դուրս չգա ժողովրդի աչքի առաջ»: Քանի որ ՀՀՇ-ականները շատ ինքնավստահ էին եւ ամեն վայրկյան կրկնում էին, որ իրենք ոչ թե հաղթելու են, այլ արդեն իսկ հաղթած են, «Առավոտը» հետաքրքրվեց, թե միայն ժողովրդի համակրանքը բավարա՞ր է ՀՀՇ-ականներին հաղթանակ տանելու համար, չէ՞ որ ամեն վայրկյան ի վնաս իրենց թեկնածուի օգտագործվում են նաեւ իշխանական լծակները: «Վերադառնանք 2003-ին, դարձյալ բոլոր լծակներով ճնշել են, ընտրակաշառքներ եղել են, բայց հաղթեց Ստեփան Դեմիրճյանը, եւ այդ հաղթանակը չֆիքսվեց միայն այն պատճառով, որ Գեղամյան Արտաշեսը գործարքի գնաց իշխանությունների հետ: Նույնիսկ էն թիմը, որ ձեւավորված էր 2003-ին, անձամբ մեր կուսակցությունը մասնակցել է, հզորության առումով անհամեմատելի է այս թիմի հետ, եւ եթե սրան գումարենք Լեւոն Տեր-Պետրոսյանի միջազգային հեղինակությունը եւ փորձը, եւ եթե գումարենք, որ երկրապահն ու ուժայինների մեծ մասն անցնում են համաժողովրդական թեկնածուի կողմը, կարծում եմ, մինչեւ ամսի 19-ը բանը բանից անցած կլինի, ու ստիպված գործի կդնեն էն 45 միլիոնանոց ինքնաթիռը»,- պատասխանեց Պետրոս Մակեյանը: Անդրանիկ Հովակիմյանն էլ հավելեց, որ այս անգամ իսպառ վերջ կդնեն «թվանկարչությանը»՝ օրենքով սահմանված կարգով հստակ մեխանիզմներ աշխատեցնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել