Էրեբունի համայնքի բնակիչները ստիպված են զուգարան գնալ իրենց ծանոթների բնակարաններում կամ կարիքները հոգալ տաշտերի մեջ:
«Մեր ապրելու տեղն անգամ ձիանոցի էլ նման չի: Ոչ նորմալ զուգարան կա, ոչ էլ բաղնիք: Էլ չենք ասում, որ շենքը կամաց-կամաց փլվում է: 1999-ից տարբեր պաշտոնյաների դռներն ենք ծեծում, ոչ մեկի պետքը չի, ում դիմում ենք, ասում են՝ մեր գործը չի»,- «Առավոտի» հետ զրույցում նման դժգոհություն հայտնեցին Տիգրան Մեծի առաջին նրբանցքի 8-րդ շենքի բնակիչները: Նրանց ներկայացմամբ՝ շենքը վաղուց է կառուցված, բայց այն երբեւէ չի վերանորոգվել, նույնիսկ՝ խորհրդային տարիներին: Շուրջ 10 տարի է՝ շենքի տանիքն ուժեղ քամիներից պոկվել է, ինչի հետեւանքով ձյան հալոցքի եւ անձրեւների ջրերը լցվում են սենյակները: «Ներսի պատերը փտել են արդեն, որովհետեւ փայտից են: Էնքան խոնավ են տները, որ ինչ հիվանդություն ասես՝ չենք ունենում: Էս ցրտերին էլ ամբողջ օրը ջեռուցում ենք, բայց մի փոքր սենյակի եղածն ի՞նչ է՝ ոչ մի կերպ չի տաքանում»,- պատմում են բնակիչները: Անձրեւաջրերն այնքան են թափվել ներս, որ զուգարանները սառցակալել են: Բնակիչներից մեկը նույնիսկ զուգարանում ընկել եւ ոտքը կոտրել է: Չնայած նրանք ամեն անգամ սառույցը կոտրում եւ մաքրում են, բայց 2-3 օր հետո նորից սառցակալում է: «Ով որտեղ հասցնում՝ զուգարան է մտնում: Մեկը՝ բարեկամի տանը, մյուսը՝ գործի տեղը: Ինչ անենք, հո տաշտերի մեջ չե՞նք անելու ու պատուհաններից թափենք: Ախր սա սանհանգույցի նման էլ չի: Խողովակները լրիվ փտած են ու շատ հաճախ վթար է լինում: Էլ ի վիճակի չենք նորից փող հավաքենք, որ վերանորոգենք»,- բողոքեց բնակիչներից Սվետա Էլարյանը:
Սվետլանա Օհանյանի ընտանիքն արդեն 3-րդ տարին է, որ այս շենքում վարձակալական հիմունքներով է բնակվում. «Երեխաներիս գիշերօթիկ եմ տալիս, որովհետեւ նման խոնավ սենյակում չեմ ուզում քնեն, հատկապես՝ այս ցրտին: Երբ նոր էինք եկել այստեղ, չէինք պատկերացնում, որ էսպիսի վիճակ կլինի, գնալով շենքը փլվում է: Ինչքան էլ փորձում ենք պատերն ու առաստաղը սվաղել, ծակուծուկերը փակել, միեւնույն է, մի քանի օրից անձրեւաջրերը լցվում են ու սարքածը փչացնում»: Բնակիչները դժգոհում են, որ իրենց դռները ընտրությունից ընտրություն են թակում, իսկ երբ խնդրում են շենքի տանիքը վերանորոգել, պատրաստակամ խոստումներ են տալիս ու ընտրվելուց հետո ամեն ինչ մոռանում: Չնայած բնակիչները վստահեցնում են, որ կոմունալ վճարումները կատարում են, սակայն շենքը սպասարկող «Էրեբունի» համատիրությունից «Առավոտին» ասացին, որ վճարումներ գրեթե չի կատարվում: «Մենք հասկանում ենք, որ անվճարունակ խավ է, բայց համատիրությունն էլ աղքատ է, որովհետեւ մեր ֆոնդն էլ վճարումներից է ստեղծվում: Բայց գարնան կողմերը, իհարկե՝ ոչ կապիտալ, բայց մասնակի վերանորոգում կկատարենք: Թաղապետարանն էլ է օգնելու, այնպես որ, այդ հարցը շուտով կլուծվի»,- վստահեցրեց համատիրության կառավարիչ Գեւորգ Մկրտչյանը: