Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻ ԿԵՐՊ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ

Փետրվար 09,2008 00:00

\"\"Մեր երկրում ե՛ւ հյուրանոցային, ե՛ւ հիվանդանոցային բիզնեսը իբր թե «մեռած» է. բիզնեսմենները ցույց են տալիս, թե աշխատողները քիչ են, եղածներին էլ չնչին աշխատավարձ են տալիս:

Մեր գործարարներից շատերն իրենց բիզնեսից եկամուտ չեն ստանում, ոմանք նույնիսկ վնասով են աշխատում: Համենայնդեպս, այդպես է երեւում Հարկային պետական ծառայության հրապարակած խոշոր ապահովադիրների ցանկից:

Հայաստանում իրական գործազուրկների թիվն այդպես էլ չենք իմանա: Պատճառներից մեկն էլ այն է, որ, որպես կանոն, գործատուներն իրենց աշխատողներին չեն գրանցում՝ պետբյուջե սոցիալական ապահովագրության վճարումներ չկատարելու համար: Պետությունը պետք է փոխի երկրի աշխատանքային շուկայի կառուցվածքն ու հասարակության մտածելակերպը, որպեսզի պաշտոնական տվյալները քիչ թե շատ արտացոլեն երկրի գործազրկության եւ զբաղվածության իրական պատկերը: Մի բան պարզ է. եթե մեր գործարարները բարեխղճորեն կատարեն իրենց հարկային պարտավորություններն ու իրենց միլիարդավոր դոլարների հասնող եկամտի չնչին տոկոսն անգամ պետբյուջե մուծեն, կամ աշխատողների համար նորմալ սոցվճարներ կատարեն, ապա մեր երկրի տնտեսական աճը կկրկնապատկվի, իսկ բյուջեի դեֆիցիտն ու արտաքին պարտքը զգալի կկրճատվեն:

Մեր երկիրը տարեցտարի ավելի ու ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ է արձանագրում տնտեսության բոլոր, այդ թվում նաեւ՝ զբոսաշրջության ոլորտում: Չնայած սրան, չգիտես ինչու, հյուրանոցային բիզնեսն այդպես էլ չի բարգավաճում: Հարկայինի հրապարակած խոշոր ապահովադիրների ցանկից այն տպավորությունն է, որ տուրիզմը Հայաստանում զրոյական մակարդակի վրա է, ու մեր Մասիսն ու Սեւանն արդեն ոչ մեկին չեն հետաքրքրում: Պարզվում է, որ մեր երկրում գործող մի քանի տասնյակ հյուրանոցների մեծ մասն անգամ 100 աշխատող չունի, մինչդեռ նրանց շքեղ հյուրանոցների միայն սպասասրահներում մոտավորապես այդքան աշխատող է վազվզում: 2007-ի խոշոր ապահովադիրների ցանկում հայտնվել է միայն 3 հյուրանոց, այն էլ՝ աշխատողների շատ սահմանափակ թվաքանակով: Օրինակ, «Երեւան» հյուրանոցը հայտարարագրել է 132, «Անի պլազա հոթելը»՝ 126 եւ «Արմենիա» հյուրանոցային համալիրը՝ 311 աշխատող:

«Երեւան» հյուրանոցն իր 132 աշխատողների համար ողջ տարվա ընթացքում 3 միլիոնից էլ պակաս սոցվճար է մուծել: «Անի պլազա հոթելը», որի աշխատողների քանակը գրեթե ոչ մի տարի չի փոփոխվում եւ հայտարարագրվում է 125 կամ 126 աշխատող, այնուամենայնիվ, կատարած սոցվճարումներն ավելացնում է, ասյինքն՝ աշխատավարձն է բարձրացնում: Համեմատած 2006-ի հետ, «Անի պլազա հոթելը» նախորդ տարի գրեթե 3 միլիոնով ավելացրել է իր սոցվճարները եւ սոցիալական ապահովագրության հիմնադրամին նախորդ տարի մուծել է մոտ 31 միլիոն դրամ: Չնայած «Արմենիա» հյուրանոցային համալիրը 2006-ի համեմատ 2007-ին կրճատել է իր աշխատողներին, սակայն նույն ժամանակահատվածում ավելի քան 19 մլն դրամով ավելացրել է սոցվճարները: Զարմանալիորեն ցանկից դուրս է մնացել «Գոլդեն փելես» հյուրանոցը, որին բոլորովին վերջերս 5 աստղ է շնորհվել: Սա նշանակում է, որ հյուրանոցը 100-ից պակաս աշխատող է ցույց տվել եւ 3 մլն դրամից էլ քիչ սոցվճար կատարել: Ըստ ցուցակի, 100-ից պակաս աշխատողներ ունի նաեւ «Կոնգրեսը» եւ տասնյակ այլ ճանաչված հյուրանոցներ: Նկատենք, որ եթե հյուրանոցների ներկայացրած աշխատողների թիվն իրական լիներ, ապա այնտեղ պետք է միայն ադմինիստրատիվ անձնակազմն աշխատեր, իսկ հյուրերն էլ օգտվեին ինքնասպասարկման համակարգից՝ իրենք ճաշ պատրաստեին, սենյակը հավաքեին ու լվացք անեին:

Ըստ 300 խոշոր ապահովադիրների ցանկի, հիվանդանոցները եւս Հայաստանում վնասով են աշխատում ու հազիվ իրենց աշխատողներին են աշխատավարձ տալիս, այն էլ՝ նրանց այնքան քիչ են վարձատրում, որ սոցիալական ապահովության հիմնադրամին մուծած սոցվճարներն անհավանական ցածր են: Օրինակ, 254 աշխատող ունեցող «Նաիրի» բժշկական կենտրոնը ընդամենը 29,5 մլն դրամ է վճարել, «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնը՝ 34,5 մլն դրամ, սա այն դեպքում, երբ գրեթե բոլոր, անգամ հեռավոր մարզերում գտնվող պոլիկլինիկաները շատ ավելի աշխատողներ են գրանցել ու անգամ կրկնակի սոցվճարներ են մուծել:

Թիվ 2 բուժմիավորումը կամ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը մի քանի միլիոն ավելի են սոցվճարներ կատարել: Իսկ 975 աշխատող ունեցող Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վճարել է 114 մլն դրամ սոցվճար: Արա Բաբլոյանի՝ Արաբկիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը եւս չափազանց քիչ մուծումներ է կատարել եւ 552 աշխատողի համար նախորդ տարի ընդամենը 85 մլն դրամ սոցվճար է մուծել: Գրեթե նույնքան սոցվճարներ են մուծել Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը եւ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը: Մալաթիայի հսկայական հիվանդանոցը ընդամենը 49,7 մլն սոցվճար է կատարել, այն դեպքում, երբ Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը մոտ 3 մլն դրամ ավելի է վճարել, իսկ «Շտապօգնություն» ՓԲԸ-ն վճարել է 74 մլն 250 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել