Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Փետրվար 09,2008 00:00

1997-ի հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին ուղղված պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նամակը շոշափում է մեր ժողովրդի եւ պետության համար կարեւորագույն խնդիրներ, որոնք այսօր էլ խիստ արդիական են եւ բացահայտում են մերօրյա փարիսեցիների դեմքերը:

«Ես դեմ եմ առաջին հերթին իրավիճակի քաղաքական, ավելի ճիշտ՝ գաղափարական մեկնաբանմանը.

– «Հանուն ժողովրդի» կարգախոսով նույն ժողովրդից ուզում ենք խլել տասնամյա, նույնիսկ հազարամյա դժվարագույն պայքարի ամենամեծ, թերեւս, միակ ձեռքբերումը՝ պատերազմական հաղթանակները:

Ուղղակի թե անուղղակի պատճառաբանելով մեր բոլոր թերացումները սոցիալական, տնտեսական, քաղաքական հողի վրա պատերազմով՝ ժողովրդի հավաքական ընկալմամբ «Ղարաբաղյան չլուծված հարցով», մենք ժողովրդի ընչազուրկ մասի, ասել է թե՝ մեծամասնության մեջ թշնամանք ենք սերմանում իր մի մեծ հատվածի, պատերազմի եւ պայքարի նկատմամբ ընդհանրապես։ Իսկ պատերազմի նկատմամբ մասսայական ատելությունը հղի է համընդհանուր կործանման վտանգով։ Բանակի քայքայմամբ:

– Մեր պայքարն առաջին օրվանից անհնարինը հնարավոր դարձնելու, հավատի, ոգեւորության, ոչ ստանդարտ լուծումների պայքար էր:

Այլապես, երիցս ճիշտ էին 88-ի կոմունիստ ղեկավարները իրենց «իրատես», կրավորական քաղաքականությամբ:

Այլապես, ինչի՞ համար էին այդքան զոհերն ու զոհողությունները: Ճի՞շտ էին Բագրատիչները իրենց հայտնի փիլիսոփայությամբ. «Լեւոն Հակոբիչը, Վազգեն Միխայլիչը… մի՜տք, ուղե՜ղ, ճանապարհը ճի՜շտ… միայն թե Ղարաբաղը չլիներ, մի քանի լկտի դեպուտատներ չլինեին»… Սա զավեշտ էլ կմնար, եթե այսօր քաղաքական մտածողություն դառնալու ողբերգական հեռանկար չունենար.

– մեծագույն թյուրիմացություն է այս պատերազմը «ղարաբաղյան» անվանելը:

Սա Ամենայն Հայոց Պատերազմ է։ Անկասկած վերջինը:

Անկասկած ամենահաջողը մեր պատմության մեջ:

Վերջին անգամ ե՞րբ է եղել, երբ մենք մեր կենաց-մահու պատերազմը մեր մայրաքաղաքների մատույցներում չմղենք…

Այսօր Օմարի գագաթին կանգնած զինվորը, այո՛, Երեւանն է պաշտպանում: Մեր հայրենիքը, ցավոք, այնքան փոքր է, որ մեկ նորմալ պարտությունը ոչ թե Ստեփանակերտն է տակովը անելու, այլեւ Զանգեզուրն ու Սեւանը։ Եվ այս պայմաններում ատե՞լ մեր փաստորեն հաղթանակած պատերազմը…

Ոչ մի ժողովուրդ, թերեւս, պատերազմ չի սիրել (մասնակի բացառություններով), բայց յուրաքանչյուր առողջ, ապրելու արժան ժողովուրդ պարտավոր է հարգել պատերազմը:

– Վերջապես բերեք ամենասթափ հաշվարկով ծանրութեթեւ անենք, թե ի՞նչ է տվել եւ առել մեզանից այս չարչրկված պատերազմը: Բոլոր իմաստներով եւ կտրվածքներով վերարժեքավորենք: Մեղրու, Կապանի, Վարդենիսի ու Մասիսի՜ ազատագրումից սկսած մինչեւ Շուշի ու Լաչին… ազգային արժանապատվության վերականգնումից մինչեւ անկախ պետականության վերականգնումն ու պահպանումը, մինչեւ տարածաշրջանային ու գեոպոլիտիկ փաստ ու փաստարկ:

Ձերբազատվե՞նք պատերազմից, ձերբազատվե՞նք Ղարաբաղից…

Ինչպե՞ս, եթե դա արդեն մի ամբողջ սերնդի կյանք ու պատմություն է՝ պսակված տասնյակ հազարավոր զոհերի արյամբ ու հիշողությամբ, հարյուր հազարավոր մարդկանց՝ ճակատագիր ու կյանքի նպատակ:

Հանուն ինչի՞, եթե մեր պատմության մեջ երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին, քան այսօր։

Եթե, ակնհայտ փաստ է, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում գոնե, թշնամին ի վիճակի չի լինելու մեր նկատմամբ ռազմական գերակշռություն ունենալ:

Եթե սպառված չեն, ամենեւին մոտ չեն սպառմանը՝ տնտեսական ու քաղաքական ակնհայտ քայլերը։ Այո՛, սպառված չեն:

Տնտեսության, ներքին կարգ ու կանոնի վերականգնմանն ուղղված քայլերը նույնիսկ սաղմնավորման ընթացքի մեջ են եւ արդեն լուրջ արդյունք են տալիս: Կարող ենք վիճել այս մասին, բայց ակնհայտ է, որ տնտեսական քաղաքականության ուղղությամբ ոչ մի բարեփոխում չի կատարվել. նախկինում մեր աչքը Մոսկվայի պետպլանի վրա էր, այսօր՝ ՄԱՀ-ի: Եվ եթե պետպլանի փողերով Հայաստանը դարձավ հզոր արդյունաբերական, թեկուզ եւ, Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, ապա ՄԱՀ-ի փողերով մենք առ այսօր ոչ մի քար չենք ավելացրել մեր անկախ Հանրապետության շենքին: Եվ չենք ավելացնի, քանի դեռ չենք համոզվել, որ մենք նորմալ ներուժ ունեցող երկիր ենք եւ կարող ենք, պարտավոր ենք աշխատեցնել սեփական տնտեսությունը:

Չէ՞ որ մենք էինք 88-ին ժողովրդին բացատրում, թե սարսափելի ոչինչ չկա, 7-8 գործարան աշխատեցնելով կարող ենք երկիրը պահել:

Ոչ մի արտառոց բան չի պատահել. փակվեցին ադրբեջանական ճանապարհները, բացվեց պարսկականը։ Իսկ Թուրքիայի հետ հաղորդակցություն մենք երբեք չենք ունեցել: Ուկրաինան ու Վրաստանն ու մյուսները Ղարաբաղ ու բլոկադա չունեն, բայց մեզանից վատ վիճակում են:

Ճիշտ լուծումների ու հետեւողականության, կարգ ու կանոնի խնդիր է վերջապես:

Վախենում ենք միջազգային հանրության, աշխարհի հզորների կարծիքի՞ց…

Բայց չէ՞ որ մենք ավելի մեծ ճնշումների ենք դիմացել։ Մեր խելացի, ճկուն արտաքին քաղաքականությունը 91-94 թթ. փոթորկալի տարիների միջից մեզ անվնաս հանեց խաղաղ ափ, որ հետո, մեր ներսի անհամաձայնությունների ու տնտեսական գծով նավավարի տեղակալների անպտուղ աշխատանքի պատճառով զինաթափի եւ հանձնի թշնամո՞ւն…

Չենք ուզում հանձնվել:

Աշխարհի հզորների ճնշումն էլ, վերջապես, կրիտիկական աստիճանի չի հասել։ Հասնի էլ, հերն անիծած, չէ՞ որ մենք էինք 88-ին ժողովրդին համոզում, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի, դիմադրության մեջ է: Որ երբեք հայերիս նկատմամբ ավելի բարենպաստ միջազգային կարծիք, կարեկցանք չի եղել, քան 20-րդ դարասկզբին, բայց դա չխանգարեց, որ հենց 20-րդ դարի սկզբին մեզ միլիոնով կոտորեն։ Խլեն մեր երկրի մեծագույն մասը, եւ այսօր նույն միջազգային կարծիքը մշակեն՝ մեզ ագրեսոր ճանաչել…

Որ վճռական մենակը բոլոր հնարավոր ելքերը գտնում է, որ պարտվողը կարեկցանք է նվաճում, իսկ հաղթողը՝ բարեկամներ…

Եվ ճիշտ էինք ասում:

Եվ այդ պատճառով մեզ, ավելի շուտ Ձեզ՝ հավատացինք:

Ի՞նչ եմ առաջարկում… Ակնհայտ բաներ: Ակնհայտ ու պարզ բաներ:

Համախմբվել ազգովի Հայրենիքում՝ Հայաստանում:

Համախմբվել ազգովի Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Կենտրոնացնել մեր տնտեսական, քաղաքական, մտավոր ներուժը ամբողջ աշխարհում: Եվ դա ուտոպիա չէ: Դա հնարավոր է եւ անհրաժեշտություն: Դրական տեղաշարժեր կան:

Առավելագույնի հասցնել մեր համազգային, համաշխարհային դիմադրողականությունը»:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ  1.10.1997 թ. Տպագրվել է «Առավոտ»-ում,

2001 թ. մայիսի 9-ի համարում https://archive.aravot.am/2001/aravot_arm/May/9/p02.htm

Վազգեն Սարգսյանի այս նամակը գրվել է այն օրերին, երբ Արցախի վրա ամպեր էին կուտակվել: Լեւոն Տեր-Պետրոսյանը որդեգրել էր պարտվողական քաղաքականություն, ինչի խտացված տեքստային տարբերակը 1997 թ. նոյեմբերի 1-ին ներկայացվեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում, որը հետեւել էր Վ. Սարգսյանի վերը ներկայացված նամակին:

Արցախի խնդրի կարգավորման եւ, հետեւաբար, ՀՀ ազգային անվտանգության շուրջ իշխանության ներսում առաջացած տարաձայնություններն ի վերջո հանգեցրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Պարզ ասած, սեղանի վրա դրված էին «Տանք՝ պրծնենք» եւ «Տեր կանգնենք մեր հայրենիքին» բանաձեւերը: Ի վերջո, ազգային գաղափարախոսությունը որպես կեղծ կատեգորիա համարող ուժը հեռացավ քաղաքական ասպարեզից:

Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունից հեռացման հիմնական գաղափարախոսը հենց այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր: Իսկ մինչ այդ, ներիշխանական հակասություններն իրենց գագաթնակետին էին հասել 1998-ի հունվարի 8-ին տեղի ունեցած անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր փաստարկներն էր ներկայացրել եւ փորձել հիմնավորել ԼՂՀ խնդրի կարգավորման փուլային տարբերակը, որն իրենից, ըստ էության, հայկական կողմից միակողմանի զիջումներ էր նախատեսում՝ առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման:

Այդ նիստից հետո արդեն պարզ էր, որ ներիշխանական բախումն անխուսափելի էր լինելու: Եվ բնական է, որ այդ բախման ժամանակ պետք է պարտվեր 1996թ. նախագահական ընտրություններից հետո լեգիտիմության գրեթե զրոյական պաշար ունեցող եւ Ղարաբաղի հարցում պարտվողականություն ցուցաբերող նախագահը: Այնպես որ, Վազգեն Սարգսյանը, հանդիսանալով էքսնախագահի գլխավոր ընդդիմախոսներից, չէր կարող այսօր կանգնել Տեր-Պետրոսյանի կողքին՝ ինչպես որ ներկայացնում են Լեւոնն ու իր կողմնակիցները: Նրանք, ովքեր այսօր պնդում են, որ եթե Վազգենը ողջ լիներ, ապա կսատարեր Լեւոնին՝ ուղղակի շահարկում են: Նրանց ասելով ստացվում է, որ Վազգենն իր գաղափարներից պետք է հրաժարվեր կամ էլ այդպիսիք չէին եղել Վազգենի մոտ ու իշխանափոխությունը տեղի էր ունեցել՝ զուտ կոնյունկտուրայից ելնելով:

Վազգենն ինչպե՞ս կարող էր պաշտպանել Լեւոնին, եթե վերջինս հիմա էլ հայտարարում է, որ Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը նույնն է մնացել: Ուզում են ասել, որ Վազգենն այժմ հրաժարվելու էր իր գաղափարներից ու զիջողականությո՞ւն էր ցուցաբերելու Ղարաբաղի հարցում:

Իսկ որ Վազգենի ու Լեւոնի տարաձայնությունները խորը գաղափարական հիմքեր ունեին եւ զերծ էին անձնավորվածությունից՝ ՀՀԿ հինգերորդ արտահերթ համագումարում 1999 թվականի հունվարին հաստատեց նաեւ Վ. Սարգսյանը: «Վանոն իմ ընկերն է, ինչպես որ իմ ընկերներն են Լեւոնը, Ռոբերտը, Սերժը, Սամվելը, Բաբկենը, մյուսները… Իմ մեջ ոչ մի անձնական թշնամանք չկա որեւէ մեկի հանդեպ: Ուղղակի մենք պետք է ապացուցենք, որ մեր ընտրած ճանապարհն է ճիշտ (եւ ոչ թե Տեր-Պետրոսյանինը- Գ.Ս): Այդ առումով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա»,- արդեն հրաժարական տված Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հեռակա բանավիճում էր Վազգենը:

Այնպես որ, անլուրջ վիճակում են հայտնվում այն մարդիկ, ովքեր նահատակված Վազգենի փոխարեն խոսում են նրա անունից: Նմանատիպ վարքագծի պատասխանը շատ պարզ է: Այժմ նախկին նախագահի շուրջն են հավաքվել մարդիկ, ովքեր ժամանակին Լեւոնին մշտապես քննադատել են (այդ թվում՝ Վազգենի նամակում առկա մտահոգությունների ու գնահատականների թեմաներով), հետագայում համագործակցել են ներկայիս իշխանությունների հետ ու, երբ հայտնվել են քաղաքական այլ վիճակում՝ անմիջապես նետվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գիրկը՝ մոռանալով նախկին բոլոր տարաձայնությունները: Ու որպեսզի այդ մարդիկ արդարացնեն իրենց քայլերը՝ առաջ են քաշում մեզնից հեռացած մարդկանց անուններն ու դեմքի լուրջ (իրականում՝ անմեղսունակ) արտահայտությամբ խոսում նրանց փոխարեն: Լեւոնենց որ լսենք, կստացվի, որ այսօր, եթե ողջ լինեին, ապա նրանց կսատարեր Վազգենը, ինչպես նաեւ Էդուարդ Եգորյանը, Համբարձում Գալստյանը, Համբարձում Ղանդիլյանը եւ այլք: Բայց սա արդեն աբսուրդ է, իսկ նախկինների վարքագիծը՝ աբսուրդի թատրոն: Այս ամենը նաեւ անբարոյական է:

Մենք, ինչպես նաեւ ես, կատարում ենք նաեւ Սպարապետի գաղափարական պատվիրանները: Այլապես չէի արձագանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել