Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

1-2 օր քնիր

Փետրվար 09,2008 00:00

Խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին

«Գործընթացը իրականում բավական դրական եմ գնահատում, բացառությամբ մեկ հանգամանքի՝ անձնական վիրավորանքների առատության, որը բերում է որոշակի լարվածության»,- երեկ լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ «եթե այդ գործոնը հանենք քարոզարշավից, երեւի, լավագույն, քաղաքակիրթ ընտրությունները կլինեին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»: Նաեւ կարծիք հայտնեց. «Երեւի ամենից կոռեկտ քարոզարշավներից մեկը հենց վարչապետի քարոզարշավն է»:

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ սպանության սպառնալիք ստանալու հայտարարության կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Իմ տպավորությունը հետեւյալն է. ուղղակի հանրահավաքի ժամանակ այդ բազմությունը տեսնելով՝ երեւի, հուզվել է եւ որոշել, որ ինչ-որ օրիգինալ բան կարելի է ասել, արել է այդ օրիգինալ հայտարարությունը եւ հիմա տակից դժվար է դուրս գալ: Լարված պայքար է գնում երկրորդ տեղի համար՝ սա եւս ես հասկանում եմ: Նման դեպքերում երեւի հատկապես մարդիկ, ովքեր կյանքում մեծ դժվարություններ չեն ունեցել, կրիտիկական իրավիճակներում չեն եղել, կարող են նյարդերի առումով որոշակի խնդիրներ ունենալ: Կառաջարկեի մեկ-երկու օր լավ հանգստանալ, քնել եւ շարունակել պայքարը նախագահի աթոռի կամ, ավելի ճիշտ, երկրորդ տեղի համար»: Նա նկատեց, որ ասվածը միայն Ա. Բաղդասարյանին չի վերաբերում, եւ որ ընդհանրապես՝ լարված իրավիճակներում հաճախ «մարդկանց մոտ, այսպես ասենք, ապահովիչները գցում են»:

ՀՀ նախագահի թեկնածուների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հնարավոր միավորման կապակցությամբ Ռ. Քոչարյանը նշեց, որ «շատ դրական է» վերաբերվում դրան. «Համոզմունք ունեմ, որ միավորման դեպքում Ա. Բաղդասարյանը կկորցնի իր ընտրազանգվածի առնվազն կեսը, որովհետեւ «Օրինաց երկրի» ընտրազանգվածը կայունության ձգտող, ոչ չարացած ընտրազանգված է մեծամասնությամբ, եւ չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի չարացած ակտիվի հետ իրենց տրամադրությունները համադրելի են, իսկ այդ կայունությունը եւ ձգտումը դեպի փոփոխություններ կարող են տեսնել վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ»: Նաեւ նշեց, որ Հայաստանում դժվար է գտնել մեծ թվով մարդկանց, որոնք Ա. Բաղդասարանի նախընտրական կարգախոսը՝ «Նոր Հայաստանը», «կպատկերացնեն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմքով» եւ որոնք Հայաստանի ապագան կտեսնեն «վարկաբեկված վարչակազմի տեսակով, եւ շատ դժվար է լինելու բացատրել Ա. Բաղդասարյանի ընտրազանգվածին այդ քայլը»:

Նա նաեւ նշեց, որ եթե այդ հնարավոր միավորումից «մրցանակի» ակնկալիքը վարչապետի պաշտոնն է, ապա դա ուղղակի անհնար է «ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ ֆիզիկապես, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջիկա 4 տարիներին այդ պաշտոնը, համաձայն Սահմանադրության, զբաղեցնելու են հանրապետականները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել