ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ձեւակերպած այս բանաձեւն էր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի երեկվա նախընտրական հանրահավաքի առանցքը:
Օպերայի մերձակա տարածքներում երեկ կանգնած էին այն ավտոբուսները, որոնցով ՀՅԴ-ն իր կողմնակիցներին մարզերից տեղափոխել էր հանրահավաքի: Ըստ ամենայնի՝ կոալիցիայի հետ դեռեւս համագործակցող դաշնակցության առջեւ չէին հարուցվել խոչընդոտներ: Այսուհանդերձ՝ Ազատության հրապարակում հավաքվածները նույնքան էին, որքան Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հանրահավաքներում: Սակայն ՀՅԴ գործիչները թերեւս ընդդիմադիրների հանրահավաքներին հետեւում են միայն հեռուստաընկերությունների ռեպորտաժներով, այլապես անընդհատ չէին հայտարարի, թե իրենց հանրահավաքը վերջին մի քանի տարիներին ամենամեծն է, «Ազատության հրապարակը վաղուց այսքան ժողովուրդ չէր տեսել» եւ այլն: Հանրահավաքը վարողը՝ Գեղամ Մանուկյանը գոռաց, որ սա նման չէ այլ հանրահավաքների, «որոնց մարդիկ մասնակցում են ատելությունից դրդված կամ, որոնց մասնակցելու համար մարդիկ են բերում»: Նա նաեւ ակնարկներ արեց նախընտրական հանդիպումները միայնակ անցկացնող Սերժ Սարգսյանի եւ ոչ որպես ՀՀՇ-ի թեկնածու ներկայացող Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին. «Ի տարբերություն շատ թեկնածուների՝ Վահան Հովհաննիսյանը միայնակ չի՛ շրջում, նա չի՛ ամաչում իր թիմակիցներից: Նա նման չէ մի շարք թեկնածուների, որոնք անգամ ամաչում են իրենց կուսակցության անունը տալ»:
Հանրահավաքի ելույթների մի զգալի մասը կազմեց նախկին ու ներկա իշխանության քննադատությունը: Ասենք, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք ո՛չ ենք ասում նախկիններին, որոնք կոտրեցին համազգային զարթոնքի ոգին, որը թեւածում էր այս հրապարակում: Նրանք այս առումով՝ ներում չունեն: Ո՛չ ենք ասում նախկիններին, որ ժողովուրդը նրանց տվեց լիարժեք իշխանություն եւ հնարավարություն՝ իր իղձերն իրականացնելու, բայց նրանք ձախողեցին: Ո՛չ, որ հիմա էլ ընդդիմություն են միմիայն այն պատճառով, որ փորձում են ամեն գնով եւ անհապաղ իշխանության գալ»: Արմեն Ռուստամյանը նաեւ նշեց. «Մենք նմանապես ո՛չ ենք ասում ներկային, որ ընդդիմության մեջ իրենց չեն էլ պատկերացնում: Այդ ներկան՝ իրեն չի էլ պատկերացնում, որ կարող է, քաղաքական ուժին վայել, նաեւ երբեւէ հայտնվի ընդդիմության դաշտում: Իսկ լիարժեք իշխանություն լինելով` չափազանց արագաշարժ են, երբ սեփական իշխանության դիրքերն է պետք ամրացնել, սեփական վերարտադրությունն է պետք ապահովել: Մենք ո՛չ ենք ասում այդ պահվածքին: Եվ հակառակը՝ նրանք խիստ դանդաղաշարժ ու ալարկոտ են դառնում, երբ ժողովուրդն իրենց օգնության կարիքն ունի, եւ նրանց ցավն ու դարդն է պետք հոգալ»:
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր ելույթում ասաց, թե նախկին իշխանությունը «փորձում է ատելության եւ ընդդեմի ֆոնի վրա հասնել իշխանափոխության», իսկ ներկա իշխանությունը փորձում է «պետական լծակների ու ճնշումների միջոցով պահել առկա վիճակը»:
Հրանտ Մարգարյանը նշեց. «Մեր երկրում այլմոլորակայինները չեն եղել այս անարդարությունների պատճառը. դո՛ւք եք եղել, նախկին եւ ներկա իշխանավորներ, դո՛ւք եք այս իրականության պատճառը, եւ դուք մի՛ խոսեք այս մասին, որպեսզի մենք չամաչենք ձեզ նմանվելու համար: Այսօր ձեր պայքարը էության պայքար չէ. տնտեսական հարցերում, սոցիալական փոխհարաբերություններում, ժողովրդավարության, արդար ընտրությունների, արդարության հարցերում՝ նրանք բոլորը նույնն են: Այս ժողովուրդը ձեր զոհն է՝ նախկին ու ներկա իշխանությունները այս հարցերում չեն զանազանվում, եւ թող ոչ ոք աչքակապությամբ ու փարիսեցիությամբ չզբաղվի»:
Ըստ նրա՝ այսօր, երբ հնարավորություն կա նորմալ քաղաքական իշխանություն ձեւավորելու՝ նախկիններն ու ներկաներն ապականել են ողջ մթնոլորտը. «Մեկդ մյուսով ահաբեկում եք ժողովրդին, մեկդ մյուսի վտանգի ֆոնի վրա փորձում եք հզորանալ՝ մի կողմ թողած ամոթն ու պատասխանատվության նշույլն իսկ, անխնա, անպատկառ, հայհոյախառն թատրոնի բեմադրությամբ եք զբաղվում»:
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը եւս մի մեղադրանք ուղղեց. «Նախկին ու ներկա իշխանությունները հաղթանակի դափնիները սեփականացնելու ու հողեր զիջելու վեճի են բռնված. ոչ ոք չի հիշում բռնագրավված Շահումյանը, ոչ ոք չի հիշում Գետաշենը, միմյանց մեղադրում են՝ դու քիչ ես զիջում, դրա համար հարցը չի լուծվում, ես շատ եմ զիջելու ու հարցը լուծելու եմ: Ի՞նչն եք զիջում, ո՞վ է տվել ձեզ իրավունքը հայրենիք զիջելու, մենք` հայ ժողովուրդը, դա ձեզ թույլ չենք տալու»:
Իր կուսակիցների բոցավառ ելույթների համեմատ՝ բավական զուսպ ու գրեթե խոհափիլիսոփայական էր Վահան Հովհաննիսյանի խոսքը: Նրա տված կոնկրետ խոստումներից առանձնացնենք այս մեկը. «Ես Սահմանադրությունը եւ օրենքները կդարձնեմ ոչ թե փաստաթղթեր, որոնց մասին դուք տեղեկանում եք հեռուստատեսային կամ թերթային ինչ-որ քաղաքական գործիչների ելույթներից, այլ դրանք կդառնան միս ու արյուն եւ ձեր կյանքի մասը: Սահմանադրական կարգի վերականգնումն է, սահմանադրական կարգի պահպանումն է նախագահի առաջին գործը, եւ ես հենց դա կանեմ առաջինը»: Ուշագրավ էր նաեւ նախօրեին Կոտայքի մարզ իր այցի վերաբերյալ պատմածը. «Մի ծերունու տեսա, որն ինձ ասաց հետեւյալը. «Լսի, տղա ջան, էս բոլորը որ գալիս են, խոսք են տալիս՝ էս մեր սարերը ոսկուց սարքեն, էս մեր քարերն ու ժայռերը ոսկուց սարքեն, բա դո՞ւ ինչ ես խոստանում»: Ես ասացի՝ ես չեմ կարող, ես կախարդ չեմ, բայց ես կարող եմ խոստանալ, որ հնարավորություն կտամ քեզ ու քո տղային, որ դուք ինքներդ ոսկի սարքեք ձեր սարերը, ձեր դաշտերը»:
Նախագահի թեկնածուն հիշեցրեց ասացվածքը, թե «Վատ իշխանությունը ընտրում են այն լավ քաղաքացիները, որոնք չեն մասնակցում ընտրություններին», եւ կոչ արեց համախոհներին. «Հավաքե՛ք ձեր բոլոր հնարավորությունները՝ հարեւաններին, բարեկամներին, ձեր ամբողջ շրջապատը տարեք ընտրությունների: Մենք կհաջողենք, մեզ հնարավոր չի լինի խաբել, մեզ հնարավոր չի լինի ինչ-որ ձեւով խարդախությամբ հաղթել: Հավաքվե՛ք, անտարբեր մարդ մի՛ թողեք տներում: Մի՛ դարձեք անտարբերությամբ մեղավորն այնպիսի իշխանության ձեւավորման, որից հոգնելու եք»: