Նա խնդրել է անհաղթահարելի ճանաչել ընտրական գործընթացներում իր համար առաջացած խոչընդոտները
ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, իրենց թեկնածուի՝ ՍԴ-ին ուղղված դիմումում շեշտված է, որ «մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է՝ հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: Դիմումում մասնավորապես ասված է, որ «արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին» եւ որպես դրա պատճառներ մատնանշվում է, օրինակ, այն, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության («Ընտրական օրենսգրքի» 18-րդ, 20-րդ եւ 22-րդ, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ եւ 28-րդ հոդվածներ) պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի առաջադրված եւ գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»:
Դիմումում միաժամանակ նշվում է, որ «Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված եւ հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը որեւէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմացնել «Հայլուրի» հակաքարոզչությունը»: Շեշտվում է նաեւ, որ «ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»:
ՀՀ նախագահի թեկնածուն ՍԴ-ին խնդրել է «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն օրենքով սահմանված կարգով ուսումնասիրելով ներկայացված դիմումը, աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության եւ առաջիկա երկուշաբթի՝ փետրվարի 11-ին, ժամը 11-ին կքննի ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը:
Եթե Տեր-Պետրոսյանի դիմումը բավարարվի, ապա, համաձայն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 90-րդ հոդվածի, նախագահական ընտրությունները կհետաձգվեն երկու շաբաթով, որի ընթացքում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում կնշանակվեն նոր ընտրություններ, իսկ քվեարկության օրը կնշանակվի նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ 40-րդ օրը:
Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում չեն շտապում կանխատեսումներ անել իրենց թեկնածուի ներկայացրած դիմումի բավարարման կամ մերժման շուրջ՝ հորդորելով սպասել ՍԴ-ի որոշմանը:
Միաժամանակ, երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց եւ մյուս թեկնածուների միջեւ հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ: Ավելին, նախընտրական շտաբը ԿԸՀ-ին առաջարկել է այդ խնդրի լուծման սեփական տարբերակը, այն է՝ հնարավորություն ստեղծել առաջին նախագահի խոսքը հեռարձակել «Հայլուր» ծրագրով՝ նրա դեմ կիրառված ապօրինի քարոզչության ժամանակահատվածի հաշվարկով: Նախընտրական շտաբը երեկ նաեւ հաղորդագրություն է տարածել, որով հերքել է իշխանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը, թե Լ. Տեր-Պետրոսյանը հանում է իր թեկնածությունը: Շտաբի փոխանցմամբ, փետրվարի 8-ին՝ այն բանից հետո, երբ հրապարակվել է Լ. Տեր-Պետրոսյանի կողմից ՍԴ դիմելու փաստն ու դիմումի բովանդակությունը, «Հայլուր» լրատվական ծրագիրն իր ժամը 13.00-ի հաղորդման մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի բովանդակությունը միտումնավոր աղավաղված է ներկայացրել՝ այն մեկնաբանելով որպես նախընտրական պայքարից դուրս գալու քայլ: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել սկսված պայքարն ավազակապետական ռեժիմի դեմ, այլ ավելի մեծ եռանդով է հասցնելու այս առաքելությունն իր հաղթական ավարտին»,- ասված է ՀՀ առաջին նախագահի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ, ուր նաեւ հավելված է, որ «բոլոր նմանատիպ հայտարարությունները միտված են հասարակությանը մոլորեցնելու, եւ դրանց հեղինակները պատասխան են տալու օրենքի առջեւ»: